Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Հունիս 01,2002 00:00

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՆԱԿԸ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ Արեւմտյան որոշ տնտեսագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ թե քիչ պարբերական բնույթ կրող լայնամասշտաբ շեղումները, ինչպիսին էր, օրինակ, անցյալ դարի 30-ականների «մեծ դեպրեսիան», կարող են այսօր առաջանալ առանց նկատելի արտաքին ազդեցության: Տնտեսական համակարգերն ունեն այսպես կոչված «խոցելիության պատուհաններ» (օրինակ, համակարգային ռիսկերը), որոնց միջոցով համակարգը կարող է փլուզվել նույնիսկ աննշան գործոնների ազդեցությամբ: Հայաստանի բանկային համակարգի խնդիրները այսօր չեն ծնվել՝ վերջին տարիների տնտեսության եւ բանկային համակարգի զարգացումները առաջաց0ին ճգնաժամային երեւույթներ, որոնք հետեւանք են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք գործոնների: Մի կողմ թողնելով արտաքին ազդեցությունը, մասնավորապես տնտեսության ներգործությունը բանկային համակարգի վրա, փորձենք գնահատել այն իր ներքին խնդիրների տեսանկյունից, որոնց լուծումը թույլ կտա չեզոքացնել բացասական միտումները եւ ապահովել բանկային համակարգի բնականոն զարգացումը: 1994թ. ի վեր ՀՀ Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ առումով որդեգրել էր ունիվերսալ բանկային համակարգի ստեղծման գաղափարախոսությունը: Դա լիովին հիմնավորված էր այն ժամանակաշրջանի համար, երբ գերխնդիր էր դրված հնարավոր կարճ ժամկետում կայացնել համակարգը: Ողջ ռեսուրսները ուղղված էին ֆինանսական շուկայի ընդամենը մեկ հատվածի կայացումն ապահովելուն, որը թույլ տվեց բավական մեծ չափերի ներդրումներ ներգրավել բանկային ոլորտում: Սակայն հետադարձ հայացքով քննելով 5-6 տարվա վաղեմության իրադարձությունները՝ համոզվում ես, որ 1995թ. հետո ճիշտ կլիներ անցնել բազմակացութաձեւ բանկային համակարգի: Այսինքն՝ բանկային շուկայում խթանել տարբեր մեծության եւ տարբեր տիպի բանկային ու վարկային կառույցներ, որտեղ յուրաքանչյուր խումբը պետք է գործեր իր կարգավորման եւ վերահսկողության դաշտում: Սա թույլ կտար տնտեսության բոլոր հատվածները առավելագույնս հագեցնել ֆինանսական ծառայություններով, մի բան, որ առ այսօր չի հաջողվել անել: Եվ դա ամենամեծ բացթողումն է, որ ունենք ներկա ֆինանսական շուկայում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմակացութային բանկային համակարգը բնորոշ է գրեթե բոլոր զարգացած, ինչպես նաեւ մի շարք զարգացող երկրներին, մասնավորապես Չինաստանին, Հարավային Կորեային: Այս խնդրի լուծումը համարում եմ առավել քան արդիական: Բանկային օրենսդրության կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի բազմակացութաձեւ բանկային համակարգի ձեւավորման եւ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը: Անհրաժեշտ է մշակել հստակ «խաղի կանոններ» յուրաքանչյուր բանկային խմբի համար, յուրաքանչյուր խմբի ներսում ապահովելով ազատ մրցակցություն եւ «համերաշխ» գոյակցություն տարբեր բանկային խմբերի միջեւ: Նույնիսկ այնպիսի մենաշնորհային բանկային համակարգերում, ինչպիսին են ճապոնականը եւ կանադականը, մի քանի բանկային հսկաների կողքին հաջողությամբ գործում են բազմաթիվ փոքր ու միջին բանկեր եւ այլ վարկային կառույցներ: Բազմակացութաձեւ բանկային համակարգը կարող է ծնունդ առնել միայն ազատ տնտեսական մրցակցության պայմաններում: Սակայն Հայաստանում գործում է բավականաչափ «փակ» համակարգ, որտեղ խախտված են այդ պայմանները: Դրա ամենավառ դրսեւորումներից է այն, որ ՀՀ Կենտրոնական բանկը անցկացնում է բանկերի թվի արհեստական կրճատման քաղաքականություն՝ փորձելով վարչական կամ կիսավարչական մեթոդների կիրառմամբ բանկերի թիվը նվազեցնել մինչեւ 7-8, պահպանելով միայն մի քանի խոշոր, համակարգային բանկեր: Ի դեպ, նման քաղաքականություն իրականացվում է անցումային շրջանում գտնվող որոշ երկրներում նույնպես, որտեղ ուժեղ են կենտրոնացված կառավարման ավանդույթները եւ հոգեբանությունը: Օրինակ, Ռուսաստանի բանկերի միության նախագահ Ս.Եգորովը, բանավիճելով ՌԴ Կենտրոնական բանկի նման մոտեցման հետ, ասում է. «Իմ կարծիքով, սխալ է որոշել, թե քանի արդյունավետ գործող բանկ է մեզ պետք: Այդ հարցի պատասխանը կտա ինքը՝ տնտեսությունը: Տնտեսությունն է որոշում՝ պե՞տք է, թե՞ ոչ այս կամ այն բանկը, տնտեսությունն է որոշում, թե քանի բանկ է պետք»: Ազատ մրցակցությանը խոչընդոտող մի այլ խնդիր է բանկերի համար գործելու հավասար պայմանների բացակայությունը: Մեզանում, ըստ ամենայնի, այն դարձել է ավանդական: Տարիներ շարունակ մի քանի բանկեր ստացել են պետական ռեսուրսների օգտագործման առանձնաշնորհներ, հետեւաբար տնտեսական մրցակցության մեջ ձեռք բերել արհեստական առավելություն: Ակնհայտ է, որ պետական ռեսուրսների ձեռքբերումը տեղի է ունենում սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, որը, որպես կանոն, խրախուսում է վատագույն ընտրությունը: Վերջին տարիների զարգացումները վկայում են, որ պրոբլեմային կամ պոտենցիալ պրոբլեմային բանկերի շարքում հայտնվեցին հենց նման բանկերը: Բանկային շուկայի սուբյեկտների բազմազանությունը կամ բազմակացութաձեւությունը Կենտրոնական բանկի առջեւ, անշուշտ, կդնի ճկուն վերահսկողություն եւ կարգավորում իրականացնելու պահանջ, քանի որ ամբողջությամբ փոխվում է դրանց «գաղափարախոսությունը», առաջին շարք է մղվում ոչ թե կապիտալի ցուցանիշների գնահատումը, որն ընկած է այսօրվա վերահսկողության հիմքում, այլ հիմնված ռիսկերի գնահատման ու կառավարման ավելի դինամիկ չափանիշների վրա համակարգ: Ըստ իս, անհրաժեշտություն է առաջացել վերլուծել այն վերահսկողական համակարգերը եւ գործիքները, որոնք գործել են զարգացած երկրներում տնտեսական ճգնաժամերի ժամանակ: Փորձը ցույց է տվել, որ դրանք բավականաչափ ճկում համակարգեր են եւ դրանց կիրառումը կարող արդյունավետ լինել: Տողերիս հեղինակը, որպես Բազելյան կոմիտեի Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի խմբի նախագահ (1995-97թթ.), այդ կոմիտեի նիստերում ունեցած մի քանի հրապարակային ելույթներում նշել է, որ բազելյան ստանդարտները մշակված են կայուն տնտեսական համակարգերի համար եւ վատ են հաշվի առնում անցումային տնտեսությունների առանձնահատկությունները: Այսօրվա վերահսկողության եւ կարգավորման համակարգը հիմնված է այդ կոմիտեի երաշխավորած սկզբունքների եւ ստանդարտների վրա: Բոլոր դեպքերում, ներկայումս խիստ հրատապ խնդիր է դարձել բանկային համակարգի զարգացման, նրա կարգավորման «գաղափարախոսության» վերանայումը: Հակառակ դեպքում՝ կմնա այն, ինչ ունենք, ավելի ճիշտ՝ որոշ ժամանակ անց չենք ունենա անգամ այն, ինչ ունենք: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել