Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ- Փարիզ-Հռոմ

Հունիս 01,2002 00:00

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ- Փարիզ-Հռոմ Անտարակույս, վերջին օրերին կենտրոնական միջազգային իրադարձություններն էին նախագահ Բուշի այցը Ռուսաստան եւ դրան հետեւած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի վերջնական ձեւավորումը, որը տեղի ունեցավ Հռոմից ոչ հեռու գտնվող իտալական ռազմական բազայում։ Ռուս եւ ամերիկյան նախագահների հանդիպումը պսակվեց Ռազմավարական հարձակողական պոտենցիալի կրճատման մասին պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր զինանոցում 2200 ռազմավարական սպառազինությունների միավորներից ոչ ավելի՝ անկախ դրանց տեղակայումից (օդում, ծովում կամ ցամաքի վրա)։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճոճանակը, ինչպես եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սկսեց շարժվել Ռուսաստանի կողմը։ Վերջին ամիսները, երբ ԱՄՆ-ը փորձում էր «տեղը դնել», ցույց տվեցին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը բոլորովին էլ չի բխում ԱՄՆ-ի կենսական շահերից։ Ի սկզբանե ամերիկացիները ամենեւին էլ տրամադրված չէին որեւէ նման պայմանագիր ստորագրել։ Բուշն ասում էր, որ ընկերները պետք է իրար վստահեն։ Դա, իհարկե, քաղաքական դեմագոգիա էր, քանզի պարզ էր, որ ռազմավարական սպառազինությունների կրճատումը ձեռնտու է առաջին հերթին ֆինանսական պրոբլեմներ ունեցող Ռուսաստանին։ Ավելի ուշ ամերիկացիները խոսեցին «մեմորանդումի» ստորագրման մասին, որը միայն բարի ցանկությունների արտահայտում կլիներ եւ չէր պարտադրի կողմերին իրական գործողություններ կատարելու։ Վերջիվերջ, ընդունվեց Ռուսաստանի տեսակետը եւ ստորագրվեց միջպետական պայմանագիր, որը պետք է վավերացվի երկրների պառլամենտներով եւ պարտադիր լինի կատարման համար։ Սակայն պայմանագրում թույլ են ուրվագծված վերահսկման մեխանիզմները՝ կա ընդամենը հղում CHB-1 պայմանագրին, որտեղ հսկողության բոլոր պրոցեդուրաները մանրամասնորեն արձանագրված են։ Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ պայմանագրի տեքստից չի բխում, որ կրճատվող սպառազինությունները պետք է անպայման ոչնչացվեն։ Ռուսական քաղաքական էլիտան փոքր-ինչ դժգոհ է, բայց այսօրվա դրությամբ հնարավոր է կոմպրոմիսի հենց այս աստիճանը։ Իսկ ինչո՞ւ են ամերիկացիները գնում այս կոմպրոմիսային քայլին՝ չէ՞ որ սկզբունքորեն կրճատումը բոլորովին իրենց շահերին համահունչ չէ։ Հարցն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատացումը կարող էր բերել նրան, որ վերջինս կարող է ավելի սերտ հարաբերություններ հաստատել եվրոպական տերությունների հետ, որոնք կօգտագործեին Ռուսաստանը՝ որպես ռազմական հակակշիռ ԱՄՆ-ին։ Առաջխաղացում նկատվեց նաեւ տնտեսական ասպարեզում։ Եվ չնայած նրան, որ Ամերիկյան Սենատը Բուշի այցի նախօրեին հրաժարվեց չեղյալ համարել Ջեքսոն Վենիգի բանաձեւը, դա քայլ էր ավելի շուտ Բուշի, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ եւ չի արտացոլում ամերիկյան քաղաքական եւ տնտեսական էլիտայի տրամադրվածությունը, ուստի կասեցվելու է ամերիկյան նախագահի իշխանության շրջանակներում։ Բուշը Մոսկվայում ասաց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է համագործակցել Ռուսաստանի հետ էներգետիկ, մասնավորապես՝ նավթային ոլորտում։ (Հայտնի է, որ ԱՄՆ-ը նավթի ամենախոշոր սպառողն է, իսկ ՌԴ-ն՝ արտադրողը)։ Պուտինն էլ կատակեց, որ եթե ռուսական պողպատն ու ալյումինը չենթարկվեն բարձր մաքսատուրքերի, ապա դա կբերի բոինգների գնի իջեցման եւ ավելի հավանական կդարձնի Ռուսաստանի կողմից դրանց գնումը։ Կատակն իհարկե բխում էր իրական պայմանավորվածություններից։ Ռուսաստանից Բուշը մեկնեց Փարիզ, որտեղ հակագլոբալիստները նրան դիմավորեցին անսպասելի հզոր հակաամերիկյան ցույցերով, որոնք համահունչ են ֆրանսիական վերջին պառլամենտական ընտրություններին («Առավոտ», թիվ 87, էջ 9)։ Իտալիայում, 20 երկրների ղեկավարների կողմից հանդիսավոր պայմաններում ստորագրվեց նախապես համաձայնեցված «Հռոմեական հռչակագիրը»՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին։ Այդ նոր միջազգային կառույցի մեծ նշանակության եւ մեխանիզմների մասին արդեն նշվել է («Առավոտ», թիվ 82, էջ 8)։ Հարկ է միայն ավելացնել, որ այդ Խորհրդի ստեղծումն իհարկե չափազանց ձեռնտու է Ռուսաստանի եւ եվրոպական երկրների համար, քանզի հնարավորություն է տալիս նրանց ազդելու ԱՄՆ-ի վրա, որը վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի հետ միասին, փաստորեն, ինքնուրույն որոշումներ ընդունում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի փոխարեն։ ԱՄՆ-ը եւ Անգլիան, պարզ է, գոհ չեն, բայց ստիպված են այսօր տեղի տալ մեծամասնության կարծիքին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել