Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ

Հունիս 01,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ Իշխանություն էլ կա՝ Ինտերնետ Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան- Սփյուռք ընդգրկման համաժողովներ է գումարում՝ արժանանալու համար ժամանակակիցների եւ սերունդների գնահատանքին: Մինչդեռ, առնվազն ժամանակակիցները, Քոչարյանի ազգանունը հոլովելու բոլորովին հակոտնյա առիթի դիմահարվեցին: Ճիշտ համաժողովի օրերին ԱԺ օրակարգ մտավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը Ռ. Քոչարյանի առնչակցության հարցը։ «Հետարքիր ա», ինչպե՞ս պատահեց: Այն, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը առայժմ գործում է իմպուլսիվ, չի իրականացնում որեւէ բազմաքայլ կոմբինացիա, ունի ոչ այնքան օբյեկտիվ բացատրություններ, որքան սուբյեկտիվ պատճառ։ Մարդկային էության եւ հասարակական հարաբերությունների թելադրանքն է, որ որեւէ ծրագիր կամ գործողություն ունենա միանձնյա հեղինակ եւ պատասխանատու։ Դա միայն թվում է, թե հավասարազոր կողմերի համատեղ որոշումները գերադասելի են։ Երբ գումարվում են դիրքորոշումներ, դրանց ինքնուրույնությունը այս կամ այն կերպ պահպանվում է՝ թողնելով սողանցքներ, հակասություններ, որոնք կատարման փուլում արդեն ձախողումների նախադրյալ են։ Երեւի սա է բացատրությունը, որ նույնիսկ պետություն ղեկավարելու պարտականությունը դրվում է մեկ անձի՝ վարչապետի կամ նախագահի վրա եւ ոչ թե խորհրդարանի։ Հայաստանի ընդդիմությունն էլ կկարողանա ուղղորդել քաղաքական զարգացումները եւ իրավիճակներ թելադրել, երբ որոշակիորեն մեկ անձ կանգնի ընդդիմադիր բուրգի գագաթին։ Որքան արագ ընդդիմությունը կողմնորոշվի, թե ով է այդ անձը, այնքան արդյունավետ կլինեն կատարվող քաղաքական քայլերը։ Առայժմ ընդդիմության առաջնորդը որոշակի չէ, եւ թերեւս սա է բացատրությունը, որ նախագահ Քոչարյանի պաշտոնանկման հարցը խորհրդարանի օրակարգ է մտցվել շատ ավելի հապշտապ, քան կշռադատված։ Եթե արվածը իմպուլսիվ «էվրիկա՜» չլիներ, այլ մաս կազմեր ինչ-որ քայլերի կոմբինացիայի, փոքր-ինչ հեռատեսություն կցուցաբերվեր: Ոչ թե հանպատրաստից խորհրդարանին կառաջարկվեր քննարկել Քոչարյանի պաշտոնանկման խնդրով ՍԴ դիմելու հարցը, այլ հող նախապատրաստելու եւ աշնանը քաղաքական ներազդման լծակ ունենալու համար առայժմ կառաջարկվեր հերթական Ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորել, որը կուսումնասիրեր, թե որքանով է Քոչարյանը պատասխանատու «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու համար։ Չէ՞ որ միանգամայն տարբեր է խորհրդարանի մեծամասնությունից պահանջել գնահատական եւ ուսումնասիրություն: Ուսումնասիրելը նվազ սրության դիրքորոշում է, հետեւաբար եւ մարտավարության առումով նվազ դիմադրություն հարկ կլինի հաղթահարել: Ստրատեգիայի տեսակետից՝ խնդիրը հիմնավոր ուսումնասիրման կենթարկվի եւ ՍԴ հասցեագրվող դիմումը կպարունակի առավելագույն փաստարկներ: Մինչ այդ էլ, մի քանի ամիս հանձնաժողովում, խորհրդարանում ու լրատվամիջոցներում հանգամանալից կքննարկվի «Հոկտեմբերի 27»-Ռոբերտ Քոչարյան առնչակցության հարցը։ Եթե պարզվի, որ Քոչարյանը պատասխանատու չէ ահաբեկչություն կանխելու, այլ կերպ ասած՝ երկրի անվտանգությունը երաշխավորելու համար (ինչպես Աղվան Վարդանյանն է հայտարարել ԱԺ ճեպազրույցներում շարադրված իր պաշտպանական ճառում), ինքնաբերաբար հարց կծագի՝ ինչի՞ համար է Քոչարյանը նախագահում ընդհանրապես։ Եթե պարզվի, որ կան առնչություններ, ապա նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանին չես նախանձի։ Հետեւաբար խորհրդարանը, նստաշրջանի եզրափակիչ եռօրյայում ՍԴ դիմել-չդիմելու երկընտրանքի առջեւ կանգնեցնելու փոխարեն՝ առավել հեռատես կլիներ, եթե հանձնաժողով ձեւավորեր: Քոչարյանով զբաղվել իմաստ ունի աշնանը։ Իսկ մինչ այդ, հապշտապ քայլեր չկատարելու համար, ավելորդ չի լինի ընդդիմության ճամբարում որոշակիություն հաստատել: Ինչպես տեսնում եք՝ արվածը բավականին հապճեպ եւ անկատար էր՝ ծրագրված լինելու համար։ Մնում է՝ «Հոկտեմբերի 27»- Ռոբերտ Քոչարյան առնչակցության հարցի բարձրացումը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի օրերին Աստծո տնօրինությանը վերագրել: Չէ՞ որ «Մարդը ծրագրում է, Աստված տնօրինում»: Համաժողովը, որի կարգախոս պետք է դարձնել «ՄԵՅ ՄԸ ՃԱՌԵՆՔ՝ ԼԸՄԸՆՆԱ, ԳՆԱ» արտահայտությունը, իր անկազմակերպվածության ու իմաստազրկության համար միանգամայն արժանի էր այսօրինակ վերջաբանի։ Երկրի անկայունությունը առավելագույնս դրսեւորվեց։ Դե, թող որեւէ ներդրող հույս կապի Քոչարյանի հետ, ում երկրի խորհրդարանն է կասկածում «Հոկտեմբերի 27»-ին առնչության մեջ։ Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ռ. Քոչարյանը «Սփյուռք» ասելով դրամահավաքություն է պատկերացնում։ Այլապես մնացյալն այդքան ձեւական բնույթ չէր կրի: Ուղղակի անհնար է չչարախնդալ։ Տասնյակ երկրներից հարյուրավոր պատվիրակներ հավաքվում են Երեւանում՝ «քանի մը որոշումներ առնելու»: Ստացվում են որոշումներ8230 էլեկտրոնային էջեր բացելու մասին։ ԶԼՄ- ների հանձնաժողովը որոշում է Ինտերնետային էջ բացել լրատվություն տեղադրելու համար: Լեզվի, կրթության հանձնաժողովը Ինտերնետային էջ է բացում՝ հաշվառելու հայ ուսանողության ներուժը եւ կազմակերպելու հեռակա ուսուցում։ Տնտեսական հանձնաժողովում էլ վարչապետ Մարգարյանի հուշարարությամբ ընդհանրապես Ինտերնետային էջը վերածվելու է վիրտուալ ապրանքահումքային բորսայի, որտեղ աշխարհի չորս ծագերից հայ գործարարները կտեղադրեն առաջարկվող ապրանքների ցանկը։ Իբրեւ պսակ էլեկտրոնային այս էքսպանսիայի՝ համաժողովի բոլոր ելույթներն ու առաջարկներն էլ առանձին կտեղադրվեն Ինտերնետային հատուկ էջում։ Վստահաբար, էջն էլ կբացվի Քոչարյանի «Ներդրումներ, ներդրումներ եւ կրկին ներդրումներ են պահանջվում» ֆրազով։ Եկ ու մի ասա՝ իշխանություն կա՝ տարածք է նվաճում, իշխանություն էլ կա՝ Ինտերնետ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել