Լրահոս
Օրվա լրահոսը

3։0՝ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի

Հունիս 01,2002 00:00

3։0՝ ՀՕԳՈՒՏ «Ա1+»-Ի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ չներկայացավ «Ա1+»-ի հետ բանավեճ-«մրցամարտին», իսկ նման դեպքում միշտ գրանցվում է պարտություն։ Մեկ դարպասով խաղ Թեեւ «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամն» իր կազմակերպած սեմինար-բանավեճին հրավիրել էր Ազգային հանձնաժողովի ողջ կազմին (բացի Շամիրամ Աղաբեկյանից)՝ նախապես հայտնած համաձայնությունը դրժվեց։ Ճիշտ է, չէին եկել նաեւ կառավարության, նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի հրավիրյալ պաշտոնյաները, սակայն առավել էական էր Ազգային հանձնաժողովի բացակայությունը, քանզի բանավեճի նյութը հեռուստառադիոընկերություններին արտոնագիր տալու՝ օրենքով սահմանված դրույթների գործնական կիրառումն, ինչպես նաեւ՝ Ազգային հանձնաժողովի կանոնակարգ -օրենքն էր։ Եվ խնդիրը նույնիսկ ոչ այնքան «Ա1+»-ը կամ «Նոյյան Տապանն» են, որքան այն մտահոգությունները, որոնք երեւան եկան առաջին մրցույթներից հետո։ Ահա որոշ այդպիսի հարցադրումներ, որ իր զեկույցում մատնանշեց ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, եւ որոնց պատասխաններն Ազգային հանձնաժողովը թերեւս չունի, այլապես չէր խուսափի բանավեճից։ Նախ 2001 թ. հունվարի 24-ին ընդունված կարգի մասին՝ մրցույթի կարգը հաստատելու մասին. «Արդեն այդ կարգում կան ակնհայտ խախտումներ, ձեւակերպումներ, որոնք հակասում են օրենքի ե՛ւ տառին, ե՛ւ ոգուն։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այդ կարգի 8-րդ հոդվածին, որտեղ հայտնվել են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ մրցույթի պայմաննե՜ր… ծրագրային քաղաքականությո՜ւն… 8-րդ հոդվածում կա հետեւյալ ձեւակերպումը, որ մրցույթի պայմանները կարող են պարունակել «պահանջներ հեռուստառադիոծրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության մասին»։ Սա կոպտորե՛ն հակասում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որը շատ հստակ սահմանում է, թե ՀՀ-ում «երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության եւ արտադրության իրավունքը»։ Շավարշ Քոչարյանը նման մի կոպիտ խախտում էլ համարեց մրցույթի կարգում պարունակվող «Ներդրումային եւ զարգացման ծրագրեր» պահանջը. «Եթե օրենքում կա դրա մասին որեւէ բան, ապա ընդամենը 49 հոդվածի «ժ» կետն է. «տեղեկանք՝ հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին»։ Եվ ո՛չ ավելին։ 50 հոդվածում նշված է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի են առնվում «դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները»։ Բայց դա պահանջ չի կարող լինել»։ Օրինախախտումներն ավելի ստվար են դարձել մրցույթի հայտարարության շնորհիվ։ Տարբեր իրավաբաններ արդեն շուրջ 14 խախտում են արձանագրել մրցույթի պայմանների եւ օրենքի միջեւ։ Շավարշ Քոչարյանի տեսակետից, ամենաբացահայտ խախտումները 49 հոդվածի պարագայում են, որի, ասենք՝ «Հեռուստառադիոծրագրերի պարբերականությունը եւ ծավալը» դրույթը փոխարինվել է «ծրագրային քաղաքականություն» ձեւակերպմամբ, մինչդեռ՝ «հաղորդումների պարբերականությունն ու առավելագույն ծավալը վկայում են տվյալ հեռուստաընկերության պատրաստ լինելու մասին»։ Հիշատակվեց նաեւ նույն հոդվածի «ժա» կետը. «Նշում՝ հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին)»։ «Ընդհանրապես դուրս է բերվել,- նշեց պրն Քոչարյանը՝ այստեղ տեսնելով միտումնավորություն։- Բնական է, «Ա1+»-ն ասելու էր՝ եթերում եմ եւ հիմա էլ պատրաստ եմ։ Ի՞նչ էր գրելու «Շարմը», որն առայսօր դուրս չի եկել եթեր եւ հիմա վկայակոչում է մի անկապ հոդված 6 ամսվա վերաբերյալ, որը լրիվ այլ պարագաների համար է»։ Այս եւ մի քանի այլ կետերով էր ամրագրվում, որ մրցույթում նախապատվությունը պիտի տրվեր գործող հեռուստաընկերությանը։ Սակայն Ազգային հանձնաժողովն իր որոշումներով խեղաթյուրեց, այսպես ասած, մայր օրենքի դրույթները, իրեն առաջադրված խնդիրն ավելի դյուրությամբ լուծելու՝ անկախ հեռուստաընկերություններին եթերից զրկելու համար։ Այս եւ չթվարկված այլ օրինախախտումներ միայն ափսոսանք են առաջացնում, որ նախ՝ ԱՄՆ դեսպանը, հետո էլ՝ դեսպան Ագոն հայտարարեցին, թե չեն քննարկում այն մրցույթի օրինականության հարցը, որը հանգեցրեց «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթերազրկմանը։ Քննարկման նյութն առավել քան բավարար է։ «Նոյյան Տապանի» կծիկը Իր զեկույցում Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը նոր օրինակներ հավելեց Շավարշ Քոչարյանի թվարկած հակասությունների շարքին։ Մեջբերենք միայն մեկը՝ Ազգային հանձնաժողովի հաստատած մրցութային կարգի 13 հոդվածում նշված է. «Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում»։ Մինչդեռ Ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ դիմողի չներկայանալը «դիմումը քննարկելու եւ որոշում ընդունելու համար արգելք չէ»։ Սրանք դեռ ծաղիկներ են այն հակասական մոտեցումների համեմատ, որ Ազգային հանձնաժողովի նույն ներկայացուցիչները դրսեւորեցին «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դատավարությունների ընթացքում։ Քանի որ Տիգրան Տեր-Եսայանը ներկայացնում է երկու հեռուստաընկերությունների շահերն էլ, ուշագրավ համեմատություն կատարեց։ Ուրեմն, հանձնաժողովի ներկայացուցիչներն «Ա1+»-ի դատի ժամանակ հայտարարել են, թե 50 հոդվածով են ընտրել արտոնագրատիրոջը։ «Նոյյան տապանի» դատի ժամանակ ասում են, թե ընտրել են մրցութային առաջարկով։ 51 հոդվածի մասին «Ա1+»-ի դատի ժամանակ ասում են, թե այն կիրառել ու մերժել են արտոնագիր տրամադրել, իսկ «Նոյյան Տապանի» ժամանակ ասում են, թե 51-ը չեն կիրառել՝ դա կաբելայինի համար է։ Հասկանո՞ւմ եք, սա ցինիզմ է արդեն»։ «Նոյյան Տապանի» հետ պատահածն ընդհանրապես անհեթեթություն էր, քանզի մինչ մրցույթ հայտարարելն այն շահել էր դատն ընդդեմ «Արարատ-Սերվիս» ՍՊԸ-ի, որից վարձակալել էր 35 կապուղին եւ պիտի շարունակեր հեռարձակել իր ընդհատված հաղորդումները։ «Ամբողջովին անտեսվեց այդ վճիռը,- ասաց պրն Տեր-Եսայանը։- Եվ երբ այդ հարցը տալիս ենք, թե՝ չէ՞ որ դատարանի վճիռ կա, որ «Նոյյան տապանը» պիտի վերականգներ հեռարձակումը, ինչո՞ւ եք, եղբայր, հայտարարել մրցույթ, նայում են մեր երեսին եւ պատասխան չեն տալիս»։ «Նոյյան Տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանն իր հերթին պատմեց, որ ժամանակին՝ մրցութային կարգի քննարկման ժամանակ առաջարկել էր փոխել այն դրույթը, ըստ որի՝ «թեմատիկայի եւ ուղղվածության» եւ նման պահանջների անվան ներքո մտցվում էր գրաքննություն. «Իմ առաջարկը, բնականաբար, չընդունվեց։ Ինձ ուղղակի հավաստիացրին, թե ինչո՞ւ եք մտածում, որ մենք անպայման պետք է ի չարս գործադրենք մեր լիազորությունները»։ Տիգրան Հարությունյանը նշեց նաեւ, թե Ազգային հանձնաժողովը դեռ իր լիազորություններն ամբողջությամբ չի էլ գործադրել… Ակամա քավության նոխազը Պետական կառույցների ներկայացուցիչներից այս բանավեճին ներկա էր միայն արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, որին ի սկզբանե թերեւս անխուսափելիորեն վիճակված էր պատասխան տալ Ամալյանից մինչեւ Ռոբերտ Քոչարյան ողջ իշխանության մեղքերի համար։ Մանավանդ, հենց արդարադատության նախարարությունն է պատասխանատու, որ փորձաքննությամբ չեն պարզվել եւ վերացվել ենթաօրենսդրական ակտի՝ այդքան քննադատված մրցութային կարգի հակասությունները «մայր օրենքին»։ Արա Սաղաթելյանը նաեւ ավելի «ծանրացրեց» իր վիճակը, երբ հայտարարեց. «Հանրապետությանն, անշուշտ, պետք են բացասական էմոցիաների ելքի լեգալ աղբյուրներ, որն «Ա1+»-ն էր»։ ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանն անմիջապես այդ «բացասական էմոցիաները» երեւան չհանելու ցանկությամբ բացատրեց «Ա1+»-ի փակումը։ Արշակ Սադոյանը նույնպես եզրակացրեց՝ ակնհայտ է, որ ոչ դրական տեղեկատվության «դեմն ուզում են փակել», եւ սա շատ լավ գիտակցում էր «Շարմն» իր լավատեսական ծրագրերով ու «Միայն բարի լուրերով»։ Մանուկ Գասպարյանը նշեց. «Դրական լիցքեր եմ համարում այն, որ ժողովրդին ճշմարիտ տեղեկատվություն են տալիս, իսկ եթե խաբում են սոված մարդկանց, որ աշխատատեղե՜ր ստեղծեցի, ժապավեններ կտրեցի՜՝ դրանք են բացասական լիցքերը»։ Արա Սաղաթելյանը փորձեց «ունքը շինել» եւ «աչքն էլ հանեց». «Բացասական տեղեկատվություն» ասելով, տվյալ դեպքում, քանի որ ներկայացնում եմ իշխանությունը, նկատի ունեմ քննադատական տեղեկատվությունը»։ Շավարշ Քոչարյանը հարցրեց. «Ուրեմն քննադատությունն արդեն իսկ բացասակա՞ն երեւույթ է»։ Իրոք, չի լինում բացասական կամ դրական տեղեկատվություն՝ տեղեկատվությունը տեղեկատվություն է։ Ջուր՝ Ամալյանի ջրաղացին Շավարշ Քոչարյանն, ընդունելով հանդերձ, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին իր հանձնաժողովի մշակած օրենքները կատարյալ չեն, դրանց թերություններն այժմ մատնանշելը դիտում էր իբրեւ հստակ միտում. «Շեղել հասարակության ուշադրությունն այն բուն հանգամանքից, որը պատճառ դարձավ «Ա1+»-ին ու «Նոյյան Տապանին» եթերից զրկելու համար։ Իսկ դա ոչ թե օրենքն է, այլ իրականում՝ հենց գործող օրենքի կոպիտ խախտումները»։ Շավարշ Քոչարյանն այժմ համարում է, թե թերություններից խոսողները «ջուր են լցնում այն մարդկանց ջրաղացին, որոնք օրենքը խախտելով փակեցին «Ա1+»-ը»։ Ազգային հանձնաժողովի «ջրաղացն» այս առնչությամբ երեկ էլ մի լա՜վ պտտեցրեց Աշոտ Բլեյանը։ Նա մասնավորապես մեղադրեց քննարկմանը ներկա պատգամավորներին, որ չեն դիմում ՍԴ՝ կանոնակարգ-օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար։ «Հեշտ է խոսելը»,- տեղից նետեց Արամայիս Բարսեղյանը։ «Որտեղի՞ց լինի հիմա 44 պատգամավոր, որ գոնե արտահերթ նիստ հրավիրեն կամ ՍԴ դիմեն,- «էս գիշերվա կեսին տղամարդ որտեղի՞ց ճարեմ»-ի հանգույն հարցրեց Արշակ Սադոյանը։- 45 ստորագրություն էլ ենք հավաքել՝ քվորում չի եղել, տապալվել է, քանի որ 66 պատգամավոր չունենք»։ Մանուկ Գասպարյանը վստահ էր. «Օրենքները Հայաստանում չեն գործում՝ եկեք՝ մի հիմնվեք օրենքների վրա։ Եվ ոչ մեկի շահերն էլ այսօր հնարավոր չէ պաշտպանել օրենքով։ Բզի գլխին բոքսով չեն խփում։ Ուղղակի բիզը ջարդել է պետք»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել