Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հունիս 01,2002 00:00

ՄՈՒՇԵՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Իսկ քանի՞ տարի կնստեն «27»-ի կազմակերպման մեջ կասկածվողները, երբ ժամանակները փոխվեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ, երեկ ՆԳ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին դատապարտեց 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամի չափով տուգանքի: Դատավորի վճռով Մուշեղ Սաղաթելյանը պատիժը պետք է կրի ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Այնտեղ, որտեղ, հույս ունենք, մի գեղեցիկ օր կհայտնվեն նաեւ ներկա ռեժիմի պարագլուխները: Բայց առաջին ատյանի դատարանում Մ.Սաղաթելյանի դատավարությունը վարչախմբի սանձազերծած շոուի միայն առաջին մասի վերջն է: Հետոն բումերանգ է լինելու: Հետո մեկիկ-մեկիկ տրվելու են պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր նրանց անունները, ովքեր կեղծ դիպլոմներ ունեն, ովքեր իրենց պաշտոններում առաջխաղացման համար կասկածելի ճանապարհներով են բուհ ընդունվել եւ առանց քննություններ տալու «բարեխոսված» գնահատականներ ստացել: Հետո կանդրադառնանք այն հայտնի իրավապահներին, ովքեր իրենց պրակտիկայում մեկ անգամ չէ, որ մարդ են խոշտանգել: Հերթը, ի վերջո, կհասնի նաեւ նրանց, ովքեր ժամանակին կաշառքով քրգործ են կարճել կամ պաշտոններ գնել եւ այդպես շարունակ: Իսկ Մ.Սաղաթելյանի՝ իշխող վարչախմբի եւ մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների դեմ հայտարարած պատերազմական գործողությունները դեռ նոր են մեկնարկում: Ինչպես ՔՊԻ վարչության նախկին պետի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն ասաց՝ դատարանի վճիռը ո՛չ իր, ո՛չ Մ.Սաղաթելյանի համար անակնկալ չէր: Վերջինս դեռ իր Վերջին խոսքում հայտարարել էր, թե քաջ գիտակցում է ինչի է գնում, որ ազատազրկվելու է եւ պատրաստ է ընդունել իրեն նետված մարտահրավերը: Բայց վերադառնանք նրան, ինչից սկսեցինք: Մ.Սաղաթելյանը դատարան բերվեց դարձյալ իր հարազատների ու զինակիցների ծափողջույնների եւ «Մո՛ւ-շե՛ղ» վանկարկումների ներքո: Դատավորը դատավճիռը հրապարակեց դատարանի ոչ լիարժեք կազմի ներկայությամբ: Մ.Սաղաթելյանի համար 8 տարի ազատազրկում պահանջած պետական մեղադրող Կորյուն Փիլոյանի աթոռն այդպես էլ թափուր մնաց: Նա ամաչե՞լ, թե՞ պարզապես վախեցել էր գալ դատարան՝ գիտի միայն ինքը: Բայց նրա դատարկ աթոռը ճշտորեն արտացոլում էր հայաստանյան դատական, արդարադատության համակարգերի լիակատար ունայնությունն ու սնանկությունը: Իսկ դատավոր Լալայանը վճիռը սկզբից մինչեւ վերջ հրապարակեց դողացող ձայնով: Դողում էին դատավորի ձեռքերը, ձեռքին եղած թղթերը, որ թվում էր՝ ուր որ է կթափվեն ձեռքից: Ինչեւէ: Վ.Լալայանը դատավճիռը կարդաց: Ի հեճուկս նախաքննության ընթացքում դատախազության կողմից Քրդատօրի տասնյակի հասնող հոդվածների խախտման փաստերի, դատաքննությամբ ձեռք բերված ոչ բավարար ապացույցների, Մ.Սաղաթելյանին վերագրված մեղադրանքներն ապացուցված համարեց, ավարտեց իր վճռի հրապարակումն ու դահլիճից ուղղակի փախավ՝ խույս տալով իր հասցեին հնչող մեղադրանքներից ու լուտանքներից: Դահլիճում կրքերը բորբոքվեցին, տարերային ու անհասկանալի իրարանցում սկսվեց: Խաղաղ էր միայն Մ.Սաղաթելյանը, որ բռունցք արեց ու ոստիկանների ուղեկցությամբ դուրս բերվեց դահլիճից: «Մուշեղի տեղը պտի Ռոբերտը նստեր: Դրան յոթ ամիս էլ չի մնացել՝ էդ հանցագործը: Ղարաբաղից էկել ա ստեղ՝ Ղարաբաղի համար կռված տղա ա դատում: Վազգենի գլուխը ընենց կերավ, սրանցն էլ սենց ա ուզում ուտի»,- հնչում էր դահլիճից: Պաշտպան Ռ.Գրիգորյանը դատարանի կայացրած վճիռը «ցինիզմ» որակեց եւ հայտարարեց, որ անպայման դիմելու են վերաքննիչ դատարան: Որ Մ.Սաղաթելյանին դատապարտելու պատվերն իջեցրին նրա՝ «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստությունից» իրենց այդպես էլ տուժող չճանաչած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թերեւս, կասկած չի հարուցում: Նրանց թվացել է, թե Սաղաթելյանին դատապարտելով կասկածողների թիվը՝ տնտեսական «աճին» զուգահեռ, կտրուկ կնվազի: Բայց օբյեկտիվորեն արդեն հակառակ պրոցեսն է սկսվել: Դրա վկայությունը օրերս ԱԺ-ում օրենսդիրների սկսած՝ Քոչարյանի պաշտոնանկության հարցի, քննարկումն է հատկապես «27»-ի համատեքստում: Դե ինչ, իշխանություններն առաջին ատյանում իրենցն արեցին: Հերթը քաղաքական ուժերինն ու իրավապաշտպաններինն է: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն իր զինակցի դատավճիռն այսպես գնահատեց. «Կարծում եմ՝ դատավորի շաքարը բարձրացել էր. երկար չի ապրի՝ վատառողջ մարդ է: Էդպիսի պատվեր կատարելու համար նա իր կյանքի կեսը դրեց: Մեղք չի՞ էդ մարդը: Իսկ գնահատականը միանշանակ բացասական է: Միաժամանակ հստակ է՝ կար քաղաքական պատվեր, քաղաքական դատավարություն էր, կայացվել էր քաղաքական որոշում եւ դատավճիռն էլ քաղաքական նպատակ է հետապնդում: Դատավորը, ճիշտ է, քաղաքական պատվերը կատարեց, բայց երկու վախը մի մահ է: Իհարկե, կդիմենք մյուս բոլոր ատյաններին՝ վճիռը վիճարկելու համար: Ակնկալիքներ ունենալ-չունենալն էլ հարցի մյուս կողմն է, թեեւ ակնկալիք չունենք: Բայց անարդարությունից հուսախաբ, թեւաթափ լինելով ու պայքարից հրաժարվելով չի լինի»: Երեկ դատարանի բակում շատերն էին կարծիք հայտնում, որ կուզիկին միայն գերեզմանն է փրկում, իսկ ժողովրդին պատուհաս դարձած վարչախմբից կփրկի դրա պարագլխի պաշտոնանկությունը: Նույնիսկ ոստիկանները մտերմիկ զրույցի ժամանակ անկեղծորեն վրդովվում էին՝ «Էս ի՜նչ են անում: Շոու ա»: Դատարանի կայացրած վճռից իր տպավորության մասին «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանն էլ ասաց. «Նոր տպավորություն չունեմ, քանի որ 7 տարի է՝ հետեւում եմ մեր դատարանների գործունեությանը: 7 տարի է՝ դատարանները կատարում են այն հրահանգը, որ պարտադրվում է «վերեւից»՝ չփորձելով նույնիսկ մի փոքր ինքնուրույն քայլ անել, թեեւ վաղուց դրա ժամանակն է: Աշխարհով մեկ հայտարարում ենք, թե անկախ դատական համակարգ ունենք: Իհարկե, չունենք: Իսկ դատավճիռն անակնկալ չէր ու այդպիսին էլ պետք է լիներ, որովհետեւ պատվիրված եւ պարտադրված էր: Ու ես, չնայած մամուլում իմ դեմ սկսված արշավին, շարունակում եմ պնդել, որ Մ.Սաղաթելյանը քաղբանտարկյալ է, որովհետեւ նրա դատապարտման դրդապատճառները քաղաքական են: Նա դատապարտված է իշխանությունների պատվերով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել