Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու նրա հետ ընկերացիր»

Հունիս 01,2002 00:00

«Դու նրա հետ ընկերացիր» Ղարաբաղից Հայաստան ոտք դնելու պահից ի վեր, Ռոբերտ Քոչարյանն սկսեց հայաստանցիների գլխին խրատական ճառեր կարդալ, թե` ձեզ մոտ այսինչը չկա, այսինչը պետք է զարգացնել կամ ձեր նախկին իշխանություններն այսինչի մասին չեն մտածել, որովհետեւ նրանք ձեր մասին չէին մտածում բոլորովին: Եւ նա դա այնքան ասաց, որ հայաստանցիներից շատերի գլուխներն իսկապես մտավ, որ ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանը` ախր նա էլ է հայ, հո թուրք չի, որ մեր լավը չուզի: Սակայն անցած 4 տարիները ցույց տվեցին, որ Քոչարյանն իր գործողություններով հակասում է սեփական հայտարարություններին: Խոսքը ամենեւին էլ նրա նախընտրական ծրագրերի մասին չէ, որի մասին մեկ անգամ չէ, որ գրվել է, այլ 1998 թվականի իշխանափոխության հաջորդ օրն իսկ արված նրա այն հայտարարությանը, թե ինչպիսին պետք է լինեն իշխանությունները, որն այդպես էլ հայաստանցիներին չի հաջողվել ունենալ: Մի կողմ թողնենք այն, որ հենց այդ օրը նա նաեւ բանադրեց իր այն «ռազմավարությունը», թե հաջողության հասնելու համար պետք է անդադար փնովել նախկիններին, ինչը եւ կիրառում է մինչ օրս: Ինչեւէ, հայաստանցիների գլխին ղարաբաղցու կարդացած առաջին ճառն արդեն բավական էր, որպեսզի գոնե հասկացողների համար հասկանալի լիներ, թե գլխներին ինչ է գալու: «Մենք պետք է որդեգրենք պաշտոնյաների աշխատանքից հեռանալու ավանդույթ, որ ամեն անգամ բաժանվելուց հետո ի վիճակի լինենք տեսնել միայն լավն անցյալում: Փորձել հարգել իրար եւ պահպանել բարեկամական հարաբերություններ: Հայաստանում միայն սա չէր հերիքում, եւ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ հեռանալով իրարից` ձեւավորվում են թշնամական հարաբերություններ: Ինձ համար դա ուղղակի անընդունելի տարբերակ է»,- 1998 թվականի փետրվարի 5-ին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Մեկ-երկու օրինակով միայն կարելի է համոզվել, թե որքան «լավ» է կիրառել Քոչարյանն իր համար այդչա՜փ «անընդունելի տարբերակը», եւ թե որքան հետեւողական է նա իր խոստումներում: Այլեւս էքս վարչապետ Արամ Սարգսյանի եւ քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ նրա «բարեկամական» հարաբերություններն սկսվեցին այն օրվանից, երբ նա պաշտոնանկ արեց նրանց: Արամ Սարգսյանին այդ պատասխանատու ամիսներին կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, նա անմիջապես վկայակոչեց այն հանգամանքը, թե Հայաստանում այդ ամիսներին ձեռնարկությունները լավ չեն աշխատել, իսկ արտագաղթն ավելացել է: Ալբերտ Բազեյանին էլ քաղաքապետարանում տեղի ունեցած նիստում բոլորի աչքի առաջ մեղադրեց, թե քաղաքապետարանը փողի վրա նստած փող է ուզում: Իսկ թե որքան «հաճելի» բառեր է շռայլել Քոչարյանը նրանց հասցեին դրանից հետո, կարծում ենք՝ հիշեցնելու հարկ չկա: Եվ արդյո՞ք այս օրինակները փաստում են Քոչարյանի՝ ամեն անգամ պետք է «բաժանվելուց հետո ի վիճակի լինենք տեսնել միայն լավն անցյալում» երազած ավանդույթի ձեւավորման մասին: Մինչդեռ, եթե Քոչարյանի իշխանության օրոք հնարավոր չէ հիշել գոնե մեկ դեպք, երբ պաշտոնյային աշխատանքից ազատելուց հետո վերջինիս հետ նա չի թշնամացել, ապա նախկին իշխանությանը, որին դա պակասում էր, նման դեպքեր եղել են: Օրինակ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որին Լեւոն Տեր-Պետրոսյանն ազատել էր զբաղեցրած պաշտոնից, մինչեւ օրս էլ նրա հետ նորմալ հարաբերություններ է պահպանում: Կամ, ասենք, վարչապետներ Հրանտ Բագրատյանն ու Արմեն Սարգսյանը, որոնք նույնպես ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, «խաղաղ» հարաբերություններ ունեն իրենց պաշտոնազրկած նախագահի հետ: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին պաշտոնից ազատելու փոխարեն ինքը հրաժարական տվեց, որից հետո արդեն չորս տարի է Քոչարյանը նրա հանդեպ թշնամական վերաբերմունք է տածում: Մնում է ենթադրել, որ եթե Տեր-Պետրոսյանը հրաժարական տալու փոխարեն պաշտոնանկ աներ վարչապետ Քոչարյանին, վերջինս բացառապես բարեկամական ու երախտիքի զգացումներ կունենար նրա հանդեպ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել