Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆԸՄ ԴԻՍՔԱՍ (DISCUSS) ԱՐԻՆ

Հունիս 01,2002 00:00

ՅԱՆԸՄ ԴԻՍՔԱՍ (DISCUSS) ԱՐԻՆ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովն ավարտվել է։ Տուրիստները օր օրի մեկնում են։ Հայաստանում մոտ հինգ տարի ապրող եւ կամ հաճախակի այստեղ այցելող մի շարք սփյուռքահայեր, որ նույնպես մասնակցում էին համաժողովին, ամենաշատը մեկ ժամ (այն էլ՝ մի կերպ) կարողացան դիմանալ ժողովին։ Նրանցից մեկը մի լավ ձեռ առավ երկու օրով հյուր եկած սփյուռքահայերին. «Իսկ դուք գիտե՞ք, թե որոնք են Հայաստանի կարեւորագույն պրոբլեմները։ Դրանք երկուսն են, մեկը, պարզվեց, լեզուն է։ Բա՞, հայաստանցիները, փաստորեն, աղավաղում են լեզուն, կոպտացնում են ու սփյուռքը չեն հասկանում։ Եվ երկրորդը՝ երկքաղաքացիությունը պետք է ընդունել։ Այդ երկու հարցերը եթե Հայաստանը լուծի, էլ ոչ մի դարդ ու ցավ, պրոբլեմ չի ունենա…»։ Հայոց լեզվի եւ երկքաղաքացիության մասին այս բովանդակալից ելույթները մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող էին mail-ով էլ գրել, էլ ինչո՞ւ այսքան ճամփա կտրել-հասնել Հայաստան։ Ընդ որում, պարզվեց, ով մուտք գործեր համաժողովի ինտերնետային էջ ու գրանցեր իր հասցեն՝ արդեն մեքենայաբար հրավիրվում էր համաժողովի, իբրեւ մասնակից։ Ու ով ինչ ուզեր՝ կարող էր ասել, ծրագիրս ո՞րն է։ Ծրագիրն այն է, որ Հայաստանը Սփյուռքից փող է ուզում, իսկ Սփյուռքը լեզուն չի հասկանում։ Փոխադարձ չհասկացվածության եւս մի օրինակ. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը համաժողովում բարձրացրեց արտագաղթի խնդիրը շուտափույթ լուծելու հարցը։ Ի պատասխան որի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ համահայկական խողովակներով իրականացվող ծրագրերը եւ կառավարության գործողությունները հենց դրան են ուղղված եւ որ արտագաղթը շուտափույթ կանխելու համար «ներդրումներ, ներդրումներ եւ կրկին ներդրումներ են պահանջվում»։ Ըստ նախագահի, արտագաղթը միայն քիչ ներդրումներով է պայմանավորված… «Էս դիասպորաները ե՞րբ են գնալու, դեռ չեկած՝ արդեն հոգնել ենք»,- դժգոհում էր մի սփյուռքահայ երիտասարդ, որը երեք տարուց ավելի Երեւանում է ապրում։ Շատ երիտասարդ սփյուռքահայեր են Երեւանում ապրում, սովորում կամ աշխատում։ Նրանք հայաստանցիների խնդիրներն իրենցն են համարում, հանդուրժում են ե՛ւ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումները, ե՛ւ օրերով ջուր չունենալը… ու էլի շատ կենցաղային ու այլ դժվարություններ։ Եվ այս երիտասարդները տանել չեն կարողանում իրենց բարեկամ կամ ծանոթ այն սփյուռքահայերին, որոնք հեռու երկրներից mail-ով արցունքներ են թափում, Հայաստան գալու առաջին երկու օրը խոսում են հայրենիքից, Մասիսից, կարոտից ու փափագներից՝ «երանի ձեզ» ասելով։ Այս համաժողովի հռչակագիրն էլ էր նույն ոգով. «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»։ Սակայն նույն այդ երանի տվողները մի քանի օրով վարձած բնակարանի ջրի նասոսի հանկարծակի փչանալու պատճառով անգամ շատ շուտ նյարդայնանում են ու բողոքում. «Ինչպե՞ս եք այս պայմաններում ապրում։ Ջուր չի գալիս, բաղանիքի հայելին այնքան ցածր էր պատին, որ չկարողացա կարգին սափրվիլ, պարանոցս ցավեց…»։ Այստեղ ապրող սփյուռքահայերը հեգնում ու սաստում են. «Մեծ-մեծ խոսում եք՝ հայրենի՜ք, հայրենի՜ք, ի՞նչ եք բողոքում, էս է վիճակն այսօր, եկեք ու ապրեք, օգնեք, եթե չէ՝ էլ մի խոսեք…»։ Ինչ է թե սափրվելուց մի քանի մազ ավել է մնացել դեմքին կամ հասարակական զուգարան քիչ կա, եղածի դեպքում էլ՝ թուղթ չկա՝ հոգնում-դժգոհում է հայրենիքից։ Հայրենասիրության սահմաններն այստեղ սկսվում ու ավարտվում են։ Նրանք հայրենիքը սիրում են գեղատեսիլ տեսարժան վայրերով հյուրանոցների պես… Վերադառնալով համաժողովին. արդյո՞ք հայրենիքին ինչ-որ բան տվեց այս խառնափնթոր ժողովը։ Ո՞րն էր նպատակը, ծրագիրը։ Վստահ ենք՝ մասնակից համաժողովականներն էլ ոչինչ չհասկացան եւ ինչպես այս անգամ շատերը երկմիտ մասնակցեցին՝ գիտակցելով դրա աննպատակ լինելը, երրորդին արդեն նրանց թիվը էլ ավելի կպակասի։ Ակնհայտ է, որ այս անգամ էլ նախատեսվածից այնքան քիչ էին մասնակիցները, որ նրանց շարքերում ընդգրկվեցին հարյուրավոր տեղացիներ։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել