Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ՝ գեղջկական ձեւով

Մայիս 31,2002 00:00

Մրցույթ՝ գեղջկական ձեւով Հայերը մրցույթ անել չգիտեն։ Եվ մրցույթի ամենավեհ գաղափարներն էլ կարող են ամենայն հանգստությամբ փչացնել։ Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները «Սայաթ-Նովա 2002» լավագույն երգի եւ «Վահագն» արվեստի ու գրականության համահայկական մրցանակաբաշխությունների գլխավոր հովանավորներն են եւ այդ գեղեցիկ գաղափարի հեղինակը։ Նրանք մրցանակաբաշխություններին տրամադրել են 60.000 ԱՄՆ դոլար։ «Վահագն» մրցանակաբաշխությունն ընդգրկում էր թատրոնի, կինոարվեստի (մուլտիպլիկացիա, վավերագրություն, խաղարկային ժանր), գրականության, լրագրողական հետաքննության ոլորտները։ Թատերարվեստի ոլորտում մի քանի նոմինացիաներ կային՝ լավագույն ներկայացում, կնոջ դերի լավագույն դերակատարում, տղամարդու դերի լավագույն դերակատարում։ Հանձնաժողովի նախագահն էր Սոս Սարգսյանը՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Հանձնաժողովի կազմում էին Զավեն Տատինցյանը, Հրաչյա Գասպարյանը, Գրիգոր Մկրտչյանը եւ Անելկա Գրիգորյանը։ Լավագույն ներկայացման նոմինացիայում երկրորդ փուլ էին անցել 1) Վ. Սարոյանի «Մի գավաթ բարություն»-ը, որը «Համազգային» թատրոնն է ներկայացրել (բեմադրությունը՝ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի), 2) Վարդան Պետրոսյանի «Հազար ու մի ելք» ներկայացումը եւ 3) Լեւոն Շանթի «Հին աստվածներ» (Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան) ներկայացումը։ Կնոջ դերի լավագույն դերակատարումներ են համարվել 1) ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը («Բալի այգին» ներկայացման մեջ Ռանեւսկայայի դերակատարումը), 2) ԼՂՀ վաստակավոր դերասանուհի Ժաննա Գալստյանը (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ Կրուչինինայի դերակատարումը) եւ 3) Գրետա Մեջլումյանը (Գ. Լորկայի «Բեռնարդան եւ աղջիկները» ներկայացման մեջ Պոնսիայի դերակատարումը)։ Տղամարդու դերի լավագույն դերակատարումներ են համարվել՝ 1) ԽՍՀՄ ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանը (Քոբրնի «Խաղում ենք ջին» ներկայացման մեջ Ուոլլեր Մարտինի դերակատարումը), 2) Միքայել Պողոսյանը (Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում Քրեյզի դերակատարումը) եւ 3) Հրանտ Թոխատյանը («Խաթաբալադա» ներկայացման մեջ գլխավոր դերի դերակատարումը)։ Արդյունքը այս մրցույթի եղավ այն, որ Սոս Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը (ընդ որում, որի թատրոնի տնօրենը եւ ինստիտուտում՝ տեղակալը նույնպես հանձնաժողովի՝ ժյուրիի կազմում էր), լավագույն ներկայացում է ճանաչել իր իսկ ղեկավարած «Համազգային» թատրոնի ներկայացումը։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության «Մշակույթի զարգացման հիմնադրամի» տնօրեն Սամվել Մեսրոպյանից փորձեցինք ճշտել մրցույթի կանոնակարգը։ Կանոնակարգ, իհարկե, գոյություն ունի, բայց որեւէ տող չկա նշված, որ հանձնաժողովի նախագահը իրավունք ունի կամ չունի ներկայացնել կամ մրցանակի արժանացնել իր ներկայացումը։ Զավեշտական էր, որ շատուշատ ներկայացումներ մրցույթի հանձնաժողովի աչքից վրիպեցին, ինչպես, օրինակ, «Խաթաբալադան», որը նոր ոճ բերեց հայ թատերարվեստ, արդիական էր ե՛ւ թեմայով, ե՛ւ կատարողականությամբ, դերասանների յուրօրինակ խաղով։ Իսկ ահա մրցանակներ են ստանում թառամած ստերեոտիպերով, դարերի փոշուց կքած ներկայացումներ, որոնք երբեք էլ մշակութասեր հանրության կյանք մուտք չեն գործի։ Հանդիսատեսի աչքից, սակայն, չվրիպեց այն, որ Սոս Սարգսյանը նստած էր երրորդ շարքում եւ, զարմացած սպասում էր երեւի. «Տեսնես ո՞ւմ ներկայացումն է լավագույնը ճանաչվելու… Վա՜յ, պարզվում է իմ ներկայացումը…»։ Լավ է, սակայն, որ ԽՍՀՄ ժողդերասանը մի պահ սթափվել եւ գիտակցել է, որ տգեղ կլինի, եթե ինքը լինելով մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ բեմ բարձրանա եւ ինքն իրեն մրցանակ շնորհի՝ աջ ձեռքով իր ձախ ձեռքին։ Ի դեպ, «Վահագն» մրցանակաբաշխության հովանավորների առաջարկով յուրաքանչյուր նոմինացիայի համար ժյուրիի համար նախատեսված էր 500 ԱՄՆ դոլար վճարում։ Այսինքն՝ թատերական ոլորտի երեք նոմինացիաների համար 1500$-ը պետք է հավասարապես բաշխվեր ժյուրիի հինգ անդամների միջեւ՝ կատարած աշխատանքի դիմաց։ Ընդ որում, յուրաքանչյուր նոմինացիայի համար նախատեսված 5000 դոլարից 500$-ը ժյուրիի բաժինն էր, իսկ 4500-ը բաժանվեց հաղթողների միջեւ։ Ժյուրիի քննարկումների մասին լավատեղյակները պատմում են, որ հանձնաժողովը առաջնորդվել է նաեւ մի գաղափարով՝ «Ներկայացված թեկնածուներից ո՞վ փողի կարիք ունի»։ Եվ, օրինակ, եթե մեկը գովազդում է նկարահանվում կամ այլ աշխատանք էլ ունի թատրոնից բացի, ուրեմն ապահովված է եւ նրան փող պետք չէ։ Այսինքն՝ մեզանում դեռ չի գիտակցվում՝ ինչ է մրցանակը, մրցանակաբաշխությունը, ինչ է ստեղծագործությունը։ Մրցանակը սոցիալական օգնության մակարդակից դեռ չի վերաճել ստեղծագործականի։ Եվ քանի դեռ այդ մակարդակն է իշխողը՝ ով փողի կարիք ունի, ուրեմն անիմաստ ու դեռ վաղ է մշակույթի, առավել եւս արվեստի մասին խոսելը։ Հուսանք, կգա մի օր, որ մրցանակաբաշխությունը կոգեւորի մեր մշակույթի գործիչներին նոր ստեղծագործությունների համար եւ քավորսանիկային կամ առավել եւս՝ ինքն իրեն մրցանակ տալու երեւույթից մի օր կնահանջենք եւ արվեստագետները կմասնակցեն մրցանակաբաշխություններին իսկական գնահատականներ, կարծիքներ ստանալու ակնկալիքով։ Տխուրն այն է, որ արվեստի մարդն է արվեստի մարդուն փողով ու կենցաղային կարիքի աստիճանով չափում։ Ինչո՞ւ ենք զարմանում, երբ մշակույթում մեզանում դեռ գնահատելի արժեքներ են «քայլող մեմորիալները» եւ «բութ մատն ու ցուցամատը քունքին դրած, պոզա ընդունած արտիստները»։ Եվ կրկին ցավալի է, որ մրցանակաբաշխության նման մոտեցումը եւ կազմակերպումը ստվեր է գցում մրցանակաբաշխության այս գեղեցիկ ու անգնահատելի գաղափարի վրա, որի հովանավորները կատարում են հայ ժամանակակից արվեստի համար։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել