Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՏՈՆԻՑ

Մայիս 31,2002 00:00

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՏՈՆԻՑ «Ես չեմ ուզում տոնել իմ բեմական գործունեության 50-ամյակը, եթե թատրոնն ուզում է՝ խնդրեմ։ Չեմ սիրում նաեւ, երբ ինձ հարցեր են տալիս իմ անձնական կյանքից, որովհետեւ բեմն իմ կյանքն է, դերերն՝ իմ երեխաները»: Այսպես է ասում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը։ Նա համոզված է, որ այսօր թատրոն են գալիս հիմնականում դերասանական ունակություններից զուրկ երիտասարդներ. եթե լինեին լավ, տաղանդավոր երիտասարդներ, ապա ես ինքս պատրաստ կլինեի սիրով աշխատել նրանց հետ։ Բազմավաստակ արտիստուհին անչափ դժգոհ է նաեւ ներկայիս ղեկավարներից. «Այսօր մեր ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում արվեստին եւ շատ սխալ է անում։ Չէ՞ որ տվյալ ազգին ճանաչում են իր արվեստով, որը համաշխարհային լեզու է։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը հետեւում էր անգամ դերասանների կոստյումներին, ամեն ինչ անում էր, որ արտիստները մնան իրենց հայրենիքում»։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Ս. Գրիգորյանը վերջերս է վերադարձել Անգլիայից եւ Իրանից, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։ Մանրամասները պատմում է հենց ինքը՝ տիկին Սվետլանան. – Նախ սկսեմ Իրանից. այնտեղ Քելմանշահ քաղաքի «Սուրել» թատրոնում կայացած միջազգային թատերական փառատոնում մենք ներկայացրինք Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ» կոմեդիան։ Փառատոնում կանացի լավագույն դերակատարման համար ինձ մրցանակ շնորհեցին։ Այնուհետեւ նույն ներկայացումը 3 օր անընդմեջ բեմադրեցինք նաեւ Թեհրանի «Չարմահալ» միության Հովհաննես Թումանյանի անվան սրահում։ (Ներկայացման բեմադրությունը՝ Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի)։ Մեր հյուրախաղերի հաջորդ կանգառը Անգլիան էր, Լոնդոնը։ Մեզ հրավիրել էր «Քրիստոնահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի» գործադիր վարչությունը։ Մեզ աջակցեց նաեւ «British Airways» ընկերությունը։ Այնտեղ էլ խաղացինք «Իմ զոքանչը», որն առաջին անգամ բեմադրվել է 1972-ին, 2000 թվականին նշվեց այդ ներկայացման 2500-րդ բեմելը։ 30 տարի շարունակ այն խաղացել ենք առանց վերաբեմադրությունների։ Լոնդոնի հայ համայնքը մեզ գեղեցիկ անակնկալներ մատուցեց, մենք էլ նրանց քրիստոնեության 1700-ամյակը խորհրդանշող խաչ նվիրեցինք։ Այնուհետեւ մեզ հրավիրեցին «Գլոբուս» թատրոն։ Մենք դիտեցինք Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» պիես-մյուզիքլը։ Մի խոսքով, ե՛ւ Լոնդոնում, ե՛ւ Իրանի քաղաքներում մենք հանդես եկանք լեփ-լեցուն դահլիճներում՝ վառ տպավորություններով վերադառնալով Հայաստան։ – Կյանքում ի՞նչ եք ամենից շատ սիրում։ – Սիրում եմ արվեստը՝ նկարչություն, թատրոն, երաժշտություն, սիրում եմ ունկնդրել Շառլ Ազնավուրին, Գոհար Գասպարյանին, Ռաիսա Մկրտչյանին, Գեորգի Մինասյանին, Իրինա Ալեգրովային։ Պուգաչովային էլ էի սիրում, բայց վերջերս այնքան էլ լավ երգեր չի երգում։ Սիրում եմ նաեւ բնությունը, թռչուններին եւ ձիերին։ Ընթերցողին տեղեկացնենք, որ արտիստուհու ողջ բեմական կենսագրությունը ամփոփված է մի գրքում, որ կոչվում է «Սվետլանա Գրիգորյան»։ Պատկերազարդ ու իր տեսակի մեջ միակը հանդիսացող այս գրքում զետեղված են բոլոր այն խոսքերը, որոնք հնչել են մեծ արտիստուհու հասցեին։ Վարդան Աճեմյանը, Առնո Բաբաջանյանը, Հասմիկը, Ավետ Ավետյանը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Ալեգրով-Սարգսյանը (Իրինա Ալեգրովայի հայրը), Հրաչյա Ներսիսյանը, ինչպես նաեւ արդի արվեստի երախտավորներ Գոհար Գասպարյանը, Երվանդ Ղազանչյանը եւ ուրիշներ իրենց խոսքն ու մաղթանքն են ասում սիրելի Սվետիկին, իսկ Սվետիկն էլ իր հերթին գրքում իր սրտի խոսքն է ասում իր անբաժան Կարպուշային՝ Կարպ Խաչվանքյանի հիշատակին։ Գրքի խմբագիրն է արվեստագետ Սերգեյ Առաքելյանը։ Սվետլանա Գրիգորյանը գտնում է, որ իր ճակատագիրը կոմեդիան է, իսկ տունը՝ թատրոնը։ Հիրավի այդ են վկայում նրա մարմնավորած ավելի քան 150 կերպարները, նրա ելույթներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում եւ այլուր։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել