Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտի դասեր կառավարությունից

Մայիս 31,2002 00:00

Զավեշտի դասեր կառավարությունից ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 որոշմամբ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 226 որոշման մեջ: Փոփոխության են ենթարկվել ուժային նախարարությունների եւ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական եւ շարքային կազմին վերաբերող բաժինները, որոնց համար սահմանվել են նվազագույն եւ առավելագույն դրույքաչափեր: Կատարված փոփոխություններից հետո թիվ 226 որոշումը ընդունել է հետեւյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետության 1999թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով բյուջետային հիմնարկների աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999թ. ապրիլի 1-ից սահմանել…»: Այնուհետեւ շարադրված են լրացումների եւ փոփոխությունների կետերը՝ նոր բովանդակությամբ: Հայտարարված են նաեւ վերը նշված նախարարությունների զինծառայողների նոր պաշտոնային դրույքաչափերը: Եվ այսպես, ՀՀ վարչապետի թիվ 762 որոշմամբ Հայաստանի Հանրապետության զինծառայողների համար, մոտ երկու տարի հետին թվով՝ 1999թ. ապրիլի 1-ից սահմանվել են նոր պաշտոնային դրույքաչափեր՝ 1999թ. պետական բյուջեով հաստատված աշխատավարձի ֆոնդի հաշվին: Նախադեպը չունեցող որոշում, որը, անշուշտ, Գինեսի ռեկորդների գրքի մեջ ընդգրկվելու լուրջ հայտ է եւ կարող է հանդիպել միայն Հայաստանի Հանրապետությունում: Առավել զավեշտականն այն է, որ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների համակարգի զինծառայողների հետին թվով սահմանված դրույքաչափերը մոտ երկու անգամ ցածր են 1999 – 2000թթ. ընթացքում այդ նախարարություններում փաստացի հաշվարկված եւ վճարված դրույքաչափերից: Փաստենք նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի թիվ 762 որոշումից հետո, զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի իջեցման պայմաններում, վերը նշված նախարարությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի փոփոխություն (նվազեցման միտումով) տեղի չի ունեցել: Զավեշտական է նաեւ այն հանգամանքը, որ թեեւ թիվ 762 որոշումը ընդունվել է 2000թ. նոյեմբերի 16-ին, սակայն այն ՆԳ եւ ԱԱ նախարարություններում կիրարկության մեջ է մտել 2001թ. մարտի վերջին օրերին: Չնայած այդ հանգամանքին, դեռեւս 2000թ. դեկտեմբեր ամսին նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվել են՝ դեռեւս գոյություն չունեցող այդ որոշման հիման վրա: Իսկ վարչապետի որոշումը ժամանակին չկիրարկելու պատճառով՝ պետությանը հասցվել է միլիոնավոր դրամների վնաս: Իսկ այժմ վերադառնանք վարչապետի 16.11.2000թ. թիվ 762 որոշումով կատարված լրացումներին եւ փոփոխություններին: ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի թիվ 226 որոշման առաջին հավելվածում, ինչպես մյուս ոլորտների, այնպես էլ ուժային նախարարությունների կենտրոնական ապարատների աշխատողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերը շարադրված են առանձին բաժիններում: Քանի որ 1999թ. ապրիլի 16-ի դրությամբ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունները եղել են միացյալ, այդ երկու մարմինների կենտրոնական ապարատների տարանջատման նպատակով «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կենտրոնական ապարատ» բաժինը ներկայացվել է երկու ենթաբաժինների տեսքով՝ «ՀՀ ազգային անվտանգության մարմիններ» եւ «ՀՀ ներքին գործերի մարմիններ»: ՀՀ վարչապետի 21.06.99թ. թիվ 372 որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել թիվ 226 որոշման մեջ, մասնավորապես՝ «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կենտրոնական ապարատ» բաժնում վերնագիրը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական եւ շարքային կազմ»: Այսպիսով, փոփոխվել է միայն «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության կենտրոնական ապարատ» բաժնի վերնագիրը, իսկ այդ բաժնի ՆԳ եւ ԱԱ նախարարությունների կենտրոնական ապարատներին վերաբերող ենթաբաժինները, ըստ էության, ուժը կորցրած չեն ճանաչվել եւ մնացել են առանց փոփոխման: Ուժը կորցրած չեն ճանաչվել եւ փոփոխության չեն ենթարկվել նաեւ թիվ 226 որոշման առաջին հավելվածում ՀՀ ՆԳ նախարարության ստորաբաժանումներին վերաբերող թվով 10 բաժինները եւս: Չնայած դրան, ՀՀ ՆԳ նախարարությունում թիվ 226 որոշումը փոփոխությունից հետո կիրարկության մեջ է մտել այնպիսի տեսքով, որտեղ մնացել է միայն «ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական եւ շարքային կազմ» բաժինը՝ իր երկու ստորաբաժանումներով: Այս փաստը որոշակիորեն օրինականացվել է վարչապետի՝ 16.11.2000թ. թիվ 762 որոշումով, որով նոր փոփոխություններ են կատարվել 16.04.1999թ. թիվ 226 որոշման մեջ, որի առաջին հավելվածի ՆԳ համակարգին վերաբերող թվով 5 բաժիններ ուժը կորցրած են ճանաչվել: Այս անգամ էլ մոռացության են մատնվել այդ համակարգի թվով 6 ստորաբաժանումներին վերաբերող բաժինները եւ վերացվել ՆԳ նախարարության կենտրոնական ապարատին վերաբերող բաժինը, իսկ ՀՀ ՆԳ Ներքին զորքերի զինվորական միավորումներին եւ ստորաբաժանումներին հատկացվել է միանգամից երկու բաժին: Պաշտոնաթող փոխգնդապետ ՄԵԼՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել