Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ

Մայիս 31,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատարան էր դատակոչվել տուժող, ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը։ Նա հասցրեց ցուցմունք տալ, պատասխանել մասնավորապես՝ մեղադրողների, տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների հարցերին։ Անշուշտ, կզարմանայինք, եթե նրան հարցեր ուղղեին ամբաստանյալներն իրենք, քանզի դատական նիստի ժամանակ այն տպավորությունը ստացանք, թե տուժողը ավելի շատ պաշտպանի գործառույթ է կատարում, քան ներկայացնում է մեղադրանքի կողմը։ Իսկ, ինչպես հայտնի է, մեղադրանքի կողմ են տուժողները, նրանց շահերի ներկայացուցիչները եւ մեղադրողները։ Այս տուժողը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր ներկայանում առաջին անգամ, եւ իրազեկենք նաեւ, որ մինչեւ երեկ որեւէ միջնորդությամբ, հայտարարությամբ հանդես չի եկել։ Տուժող Գ. Կոստանդյանը պատասխանելով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին, նախ դժգոհեց, որ հարցաքննությունը երկարում է եւ, ավելին, թույլ տվեց իրեն այսպիսի արտահայտություն. «Ես հիմա հասկանում եմ, թե ինչու են տուժողները խուսափում գալ դատարան»։ Նրանց, ում հարցերը «քիչ» էին, տուժողը իր գոհունակությունն էր հայտնում։ Լինելով ԲԽՍՍ նախկին աշխատակից, երեկ էլ բազմաթիվ անգամ շեշտելով, թե ինքը պրոֆեսիոնալ է եւ իրավաբան, դատարանում թույլ էր տալիս արտահայտություններ, որոնք, մեղմ ասած, չէին խոսում նրա պրոֆեսիոնալիզմի օգտին։ Տուժող Կոստանդյանը հայտնեց, որ ինքը որոշակի ինֆորմացիայի է տիրապետում, սակայն վախենում է ընտանիքի եւ իր համար… Իսկ երբ մեղադրող Գագիկ Ավետիսյանը ուղղակի հարց տվեց, թե ինչ ինֆորմացիայի է տիրապետում, նա նախ վիրավորվեց, ապա դիմելով մեղադրողին՝ դժգոհեց. «Մեղադրանք ինձ մի ներկայացրեք», եւ խորհուրդ տվեց մեղադրողին տոնը փոխել։ Վերջինիս ընդամենը հետաքրքրում էր տեղեկատվությունը, իսկ նա դատարանին հասկացնում էր, որ ինքը ԱԺ «27»-ի հանձնաժողովի փոխնախագահն է եւ եթե հանձնաժողովը որոշում կայացնի փաստեր չտրամադրելու, ինքը որպես տուժող կտրամադրի դրանք։ Հարգարժան պրոֆեսիոնալը այդպես էլ չէր ուզում հասկանալ, որ ինքը որպես տուժող պարտավոր էր, անկախ հանձնաժողովի ընդունած որոշումից (հանձնաժողովը, որն իր իսկ պնդմամբ, քաղաքական մարմին էր), դրանք տրամադրել դատարանին։ Երբ հարցրին, թե ինչ պայմաններում է սպանվել Արմենակ Արմենակյանը, նա դիմելով մեղադրողին, ասաց. «Այդ հնարավորությունը ընձեռում եմ ձեզ»։ Գ. Կոստանդյանը ակնարկեց, թե ով խոսում է Արմենակ Արմենակյանի մասին, նրա անձին, գույքին, հարազատներին հասցվում է վնաս, եւ որպես օրինակ բերեց իր տան հրդեհը (ԳՈՒՄ-ի մոտ)։ Ի դեպ, այս կապակցությամբ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը իր հարցաքննության ժամանակ երբ հայտնեց, որ ինքն էլ է բազմաթիվ անգամ խոսել Ա. Արմենակյանի սպանության մասին դատարանում եւ բավականին կտրուկ, սակայն իրեն ոչինչ չի պատահել, տուժողը նկատեց. «Ձեր բախտը բերել է»։ Նա նկարագրեց հոկտեմբերի 27-ը, երբ ինքը որպես պատգամավոր ժամը 16.30-ից գտնվել է ԱԺ նիստերի դահլիճում։ Առաջին ռեակցիան, որ եղել էր, սա էր. նրան թվացել էր, թե դեսանտ են իջեցրել եւ ադրբեջանցիներ են։ Քիչ անց, երբ կրակոցները դադարել են եւ լսվել են հայերեն հայհոյանքներ, իմացել է, որ ահաբեկիչները հայեր են։ Ինքն անմիջապես գոռացել էր՝ պառկել, իսկ ապա, ինչպես մյուս պատգամավորները, զրկվելով ազատությունից, հերթապահել էր դահլիճի դռների մոտ «մռամռի» մոտ եւ մտածել բանակցությունների մասին։ Բանակցությունների մասին տեղյակ է եղել, ըստ այս տուժողի, 4 հոգի՝ Գրիգորի Գրիգորյանը, ինքը, Հայկ Բաբուխանյանը եւ Էդուարդ Մադաթյանը։ Ահաբեկիչների կողմից Սուրեն Աբրահամյանին փնտրելու կապակցությամբ նա հայտնեց, թե բանակցությունների համար էին երեւի փնտրում։ Իսկ կառավարության անդամ Ստեփան Մնացականյանի դրվագի կապակցությամբ խորհուրդ տվեց. «Պետք չէ ուռճացնել, պահը տեսել եմ։ Երկարությամբ պառկել էր միջանցքով, վրայով թռնում էր Նաիրի Հունանյանը (շատ հաճախ Նաիրիկ էր ասում), քացով խփում էր…»։ Տուժողը մի այսպիսի արտահայտություն թույլ տվեց, որը հիմք դարձավ հետեւյալ հարցուպատասխանի։ Նա ասաց, որ պատահական զոհերը շատ էին։ «- Պատահական զոհերի վերաբերյալ ձեր ասածը ենթադրությո՞ւն էր։ – Չէի ասի։ – Կարեն Դեմիրճյանը պատահակա՞ն զոհ էր։ – Պայմանավորվածության ժամանակ այնտեղ չեմ եղել։ – Յուրի Բախշյանը պատահակա՞ն զոհ էր։ – Գիտեմ, որ զոհվել է։ – Վազգեն Սարգսյա՞նը։ – Կարեն Հունանյանը ինքնաձիգով սպանեց։ – Արմենակ Արմենակյա՞նը։ – Զոհվել է միջանցքում, չեմ տեսել։ – Լեոնարդ Պետրոսյանը պատահակա՞ն զոհ էր։ – Դա կարող է ասել այն մարդը, որը պլանավորում էր սպանությունը…»: Ի դեպ, տուժողը ինքն է խորհուրդ տվել ամբաստանյալ Նաիրի Հունանյանին, ընտրել ԱԱՆ մեկուսարանը։ Անգամ առաջարկել էր գնալ Ղարաբաղ, ինչին ավագ Հունանյանը պատասխանել էր. «Դուդաեւը չեմ»։ Պատասխանելով Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ա. Սարգսյանի հարցերին, նա ասաց, որ ուշադրություն է դարձրել Կարեն Հունանյանի զենքին, սակայն ավտոմատի վրա թել (կամ պարան) չի նկատել։ Նա մի ուշագրավ հայտարարություն էլ արեց, ասելով, որ երբ ինքը ելույթ է ունեցել դահլիճում, լրագրողներն այնտեղ էին։ Նա բացառեց, որ որեւէ առարկա ԱԺ նիստերի դահլիճից վերցրել-տեղափոխել է, սակայն տեղեկացրեց, որ Էդիկ Գրիգորյանի՝ լրագրողների նստարանների մոտից հավաքած «պատրոնները» այնպիսին էին, որ ահաբեկիչները չունեին (նիստի ժամանակ ավելի շատ «տղաներ» բառն էր օգտագործում, քան «ահաբեկիչ»)։ Նախաքննության ժամանակ նա ասել էր, որ գործողությունները «ֆանատ հանցագործների» տհաս կազմակերպած ակտ էին։ Երբ հնչեց հարց, թե ահաբեկիչները ֆանատնե՞ր էին, նա պատասխանեց, որ «ֆանատորեն նվիրված էին Նաիրի Հունանյանին՝ դա երեւում էր։ Խումբը, որը օրը ցերեկով կարող է գալ ԱԺ եւ սպանություն անել, ֆանատիզմ տեսնում եմ…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել