Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽ ԵՎ ՄԱ՞Տ

Մայիս 31,2002 00:00

ՇԱԽ ԵՎ ՄԱ՞Տ Ընդդիմության քայլերից ամենաարդյունավետը վերջին շրջանում այն էր, ինչ տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստում՝ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության սկսված գործընթացը: Դա, իրոք, սառը ցնցուղ էր՝ ԱԺ մեծամասնության, եւ ոչ միայն նրա համար: Շատերն են համոզված, որ այդ գործընթացը ձախողվելու է: Այս ԱԺ-ի պայմաններում դա բացառված չէ, բայց այդ դեպքում հանրությանը գոնե հայտնի կլինեն նրանք, ովքեր առանց հակափաստարկների ջանում են ամեն գնով պաշտպանել Քոչարյանին, թերեւս, ինքնապաշտպանության բնազդով՝ համարելով, որ նրա պաշտոնանկության դեպքում իրենք կարող են «27»-ի բացահայտման որոգայթում հայտնվել: Ամեն ինչ օրինական է, հոյակապ մտածված, բավարար հիմնավորված՝ օրենքի շրջանցման իմաստով որեւէ հակափաստարկ բացառող: Ինչպես եւ պետք էր սպասել, վերջիններիս այդ քայլն ու պաշտոնանկության հարցի քննարկման անխուսափելիության գիտակցումը քաղաքական առանձին շրջանակների ու քարոզչամիջոցների համար նոր հիստերիայի առիթ դարձան: Աղվան Վարդանյանն անգամ չխորշեց «27»-ն իրականացրած՝ գերակշիռ մասով նախկին դաշնակներով համալրված, այդ գաղափարախոսությամբ սնված ու դաստիարակված ահաբեկչական խմբի գործողությունները դիտարկել ոճրագործությանն առնչվող կասկածներ փարատելու նպատակով եւ օրինական ճանապարհով «27»-ին Ռ.Քոչարյանի առնչություններին ուղղակիորեն վերաբերող քննարկումներ նախաձեռնած օրենսդիրների գործողությունների հետ նույն հարթությունում: Խուսափելով որակումներ տալուց՝ նշենք, որ ընկեր Վարդանյանն այն որակեց իբրեւ «27»-ի շարունակություն եւ պետականության հիմքերի խարխլմանն ուղղված: Մնում է հարցնել՝ մեր պետականության դեմ ուղղված ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ առկա «կասկածի որդը», որի մասին հիշեց օրենսդիր Ֆիլարետ Բերիկյանը, ավելի պակա՞ս է քայքայում մեր պետականության հիմքերը, եւ որքա՞ն կարելի է ջայլամի նման չնկատել, որ կան լուրջ կասկածներ «27»-ի ահաբեկչության կազմակերպիչների ու դրան մասնավորապես՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի առնչությունների վերաբերյալ: Չտա՞լ պատասխան, շարունակե՞լ շահագրգիռ քննարկման եւ բոլոր կասկածները փարատելու փոխարեն կասկածի ու լարվածության մթնոլորտը երկարաձգել: Ո՞րն է ավելի կառուցողական քայլ: Կամ՝ ինչո՞ւ են հատկապես քոչարյանամետները նյարդայնանում այդ քննարկումներից, ինչո՞ւ են դա անում մասնավորապես ՀՅԴ-ն ու նրա քարոզչամիջոցները՝ ավելորդ կասկած ստեղծելով իրենց՝ «27»-ին առնչություններ ունենալ-չունենալու շուրջ: Գուցե դա՞ նկատի ուներ Մյասնիկ Մալխասյանը, երբ ասում էր, որ «27»-ի նկատմամբ իրենց վերաբերմունքով մարդիկ ինքնաբացահայտվում են: Ուրեմն ճի՞շտ էր Վ. Դալլաքյանը, երբ պնդում էր, թե «27»-ի կազմակերպիչներին բացահայտելու համար պետք է վերլուծել նաեւ լրատվամիջոցների «27»-ին վերաբերող հրապարակումները: Ընդդիմությունն ու «27»-ից անմիջապես հետո մինչ օրս ոճրագործության կազմակերպված, ծրագրավորված լինելու, ահաբեկիչների թիկունքում որոշակի ուժերի գոյության մասին իրենց համոզմունքը պաշտպանողներն այսօր թիրախ են դարձել: Նրանց հարց է ուղղվում՝ եթե բան ունեք ասելու, ուղիղ ասեք, որ ուղիղ էլ պատասխան ստանաք: Մարդիկ հետեւողականորեն «մոռանում» են, որ ընդդիմությունն արդեն 2 տարուց ավելի շատ էլ ուղիղ է ասում իր ասելիքը եւ շատ ուղիղ էլ պատասխան է ստանում. կամ ուղիղ ասողներին բանտարկում են, ինչպես Մուշեղ Սաղաթելյանին, կամ ասածը որակում քաղաքական շահարկում: Երբ ընդդիմությունը Քոչարյանին իրավացիորեն մեղադրում է, նրա նկատմամբ գիշերային դատավարություններ են անում՝ երբ հրապարակների հարթակներից պահանջում է արդար դատ ու «27»-ի ամբողջական բացահայտում, երբ ազնվորեն հայտնում է իր կասկածները հեղաշրջման հնարավոր կազմակերպիչների գոյության մասին: Ընդդիմությանը խոչընդոտում են, երբ նա փորձում է սահմանադրական եւ օրենսդրական նախաձեռնության ճանապարհով հստակություն մտցնել, փարատել իր կասկածները, քարկոծում են, երբ օրինականության շրջանակներում նախագահի պաշտոնանկության հարց է բարձրացնում: Այո, հասարակության մի մասը, այդ թվում՝ ընդդիմությունը, կասկածում են նախագահին, չեն վստահում նրան, չեն ուզում ընդմիշտ կասկածյալ նախագահ ունենալ: Ուրիշ ի՞նչ անի, ինչպե՞ս վարվի ընդդիմությունը, եթե օրինական գործողությունները իշխանությունները որակում են իբրեւ «անկայունության», «կասկածի մթնոլորտի» սերմանում, «քաղաքական պրովոկացիա»: Կա՞ այդ ամենի դեմն առնելու ավելի օրինական ու քաղաքակիրթ տարբերակ, որ ընդդիմությունը չի ձեռնարկում: Թե՞ նրա գործն, ըստ Ա.Վարդանյանի ու Գ. Սահակյանի՝ լռելն ու նախագահի գրպանում լինելն է: Կա էլի մի տարբերակ՝ միջազգային նորմերին համապատասխան, որին ընդդիմությունը, փառք Աստծո, չի դիմում՝ բռնապետների դեմ ապստամբելու իրավունքը, ինչին իշխանություններն ու իշխանամետները հետեւողականորեն դրդում են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել