Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ

Մայիս 31,2002 00:00

ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ Գերմանիայի կառավարությունը կամ նույնն է թե՝ երկրի քաղաքացիները այնտեղ գրանցված յուրաքանչյուր փախստականի համար ծախսում են ամսական հազար ԱՄՆ դոլար։ Սա՝ նրանց կեցության, բժշկական ապահովագրության, երեխաների կրթության համար։ Եվս հազար դոլար արժե փախստականի դեպորտացիան իր քաղաքացիության երկիր։ Դրա մեջ մտնում են տոմսերի արժեքը, օդանավակայան հասցնելու, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ոստիկանի ու բժշկի (ընդ որում՝ հաճախ քաղաքացիության երկրից հրավիրված) ուղեկցության ծախսերը։ Միայն 2001թ. Գերմանիայում գրանցվել է 100 հազար փախստական։ Այս ֆոնին միանգամայն բնական է այն դժգոհությունը, որը հայտնում են երկրի հարկատուները՝ ուրիշներին պահելու առիթով։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության երկրորդ եւ երրորդ քարտուղարներ Սաբինա եւ Անդրեաս Շմիդտների ներկայացմամբ, հայ լրագրողները լսեցին նաեւ մասնավորապես հայ փախստականների կողմից Գերմանիայի առջեւ հարուցված խնդիրների մասին։ Այնտեղ օրինական ապրող 12 հազար հայ փախստական կա, իսկ անօրինականների ոչ պաշտոնական, մոտավոր թիվը 40 հազար է։ Գրանցված 12 հազարից միայն մեկի առնչությամբ է հաստատվել, որ նա քաղաքական հետապնդումների է ենթարկվել Հայաստանում։ Այնպես որ, մեր երկիրը Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում չի ընկալվում իբրեւ դասական իմաստով քաղաքական հետապնդումների երկիր։ Բանախոսների ներկայացմամբ, անօրինական միգրանտները Գերմանիա անցնում են նաեւ այլ երկրներից, վերջերս՝ հատկապես Ավստրիայից։ Բաց սահմաններ եւ երկիր ազատ ելումուտ ունենալու պատճառով շատ դժվար, գրեթե անհնար է դառնում անօրինական միգրացիայի կանխումը։ Այնպես որ, նրանց առայժմ մնում է միայն որոշ ժամանակ պահել, հետո էլ դեպորտացնել անօրինական միգրանտներին, եթե երկրի օրենսդրության մեջ չկան նրանց պահելու հիմքերը։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել