Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «միջազգային» ջանքը

Մայիս 31,2002 00:00

Հերթական «միջազգային» ջանքը «Միջազգային համաներում» («Էմնիսթի ինթերնեյշնըլ») կազմակերպության անցած տարվա զեկույցում Հայաստանի իշխանությունները քննադատվում էին իրավապահ մարմինների դաժանության համար։ Այս երեքշաբթի «Միջազգային համաներում» կազմակերպությունն իր հերթական զեկույցում նշում է. «մեղադրանքներ կային, թե իրավապահ պաշտոնյաները մարդկանց ենթարկել են կտտանքների ու ծեծի՝ խոստովանություն կորզելու նպատակով», եւ որ այս մեղադրանքների գծով իշխանությունների գործողությունները բավարար չեն։ Մեզ վաղուց է հայտնի, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ինչից դրդված կարող է իր զեկույցներում այս կամ այն մեղադրանքը հնչեցնել, կամ հակառակը՝ գովեստի խոսքեր ասել։ Այս անգամ վերոհիշյալ կազմակերպությունը որոշել է գերագնահատել իր իրավասությունները եւ Հայաստանի համար խիստ կարեւոր՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ հերթական «անկողմնակալ» կարծիքը հայտնել։ Եվ սա ամենեւին զարմանալի չէ, քանի որ վերոհիշյալ կազմակերպությունն իր զեկույցը եւ գնահատականները կազմում է «ուղղորդվելով» ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովից։ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացմամբ. «Էմնիսթի ինթերնեյշնըլ»-ը կրկին հնչեցրել է իր մտահոգությունը շարունակվող մեղադրանքների կապակցությամբ, թե Նաիրի Հունանյանը եւ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված մյուս չորս ամբաստանյալները կտտանքների են ենթարկվել նախաքննության ընթացքում։ Ըստ Նիկոլա Դաքուորթի (կազմակերպության Եվրոպայի գծով տնօրենի պաշտոնակատարն է)՝ Հունանյանն ու իր մեղսակիցները արդար դատավարության իրավունք ունեն՝ անկախ գործած հանցանքի ծանրությունից։ Դաքուորթը ասաց նաեւ, որ նրանք համապատասխանում են «Էմնիսթի ինթերնեյշնըլ»-ի «քաղաքական բանտարկյալներ» սահմանմանը, քանի որ գործում առկա են «քաղաքական տարրեր»։ «Մենք կարծում ենք, որ «27»-ի գործը տեղավորվում է քաղաքական բանտարկյալների մեր սահմանման շրջանակներում, քանի որ որոշակի քաղաքական ձգտումներ կային նրանց կատարած հանցագործության պատճառների ետեւում,- բացատրեց նա։- Մենք չենք ասում, թե քաղաքական դրդապատճառը զուտ քրեական ցանկացած արարքի դեպքում արդարացնում է այդ արարքը։ Բայց կոչ ենք անում, որ այդ մարդիկ ստանան արդար դատ»։ Ավարտելով «Ազատություն» ռ/կ-ից այս մեջբերումը, մնում է ասել, որ միջազգային կազմակերպության կոչը երկդիմի է, քանի որ մահապատժից բացի որեւէ այլ պատիժ (որքան էլ ոմանք պնդեն, թե ցմահ բանտարկությունն ավելի դաժան պատժաձեւ է) անընդունելի է այս մարդասպանների պարագայում։ Եվ իզուր է Եվրոպան իրար անցել եւ փորձում է մեր հագուստը ձեւել իր չափսերով։ Հայաստանի նման երկրի համար պարզապես պարտադիր է, որ որոշ կարգի հանցագործություն կատարածները դատապարտվեն մահապատժի, եւ այդ մահապատիժը ի կատար ածվի։ Նիկոլա Դաքուորթը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին դրական ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա. «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեսել ենք, առաջընթաց է, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հետ համատեղ տարվող աշխատանքներում, ինչի շնորհիվ առանձնացվել են բարելավման կարիք ունեցող մի շարք առավել մտահոգություն հարուցող հարցեր»։ Եթե «մտահոգություն հարուցող հարցերը» վերաբերում են մահապատժի վերացմանը, ուրեմն իզուր են Եվրոպայի «եղբայրների» ջանքերը։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել