Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մայիս 31,2002 00:00

ՓՐԿԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱԺ մեծամասնությունը փորձում է օրակարգից հանել նախագահի պաշտոնանկության քննարկումը։ Սա ակնհայտ դարձավ երեկվա ճեպազրույցներից։ Սակայն նախ ներկայացնենք խորհրդարանական այն ուժերի տեսակետները, որոնք կողմ էին քննարկմանը։ Որքան էլ զարմանալի էր՝ «Օրինաց երկիրը» հայտնվեց այս շարքում, որի ներկայացուցիչ Սերգո Երիցյանն իրենց այս դիրքորոշումը պատճառաբանեց մութ կետեր չթողնելու, «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ հիմնական հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտությամբ։ Սերգո Երիցյանը նաեւ կողմ էր այս քննարկմանը, քանի որ օրենքն ընձեռում է այդ հնարավորությունը. «Եթե կանոնակարգը տալիս է հնարավորություն քննարկելու այդ հարցը, ապա դեմ չենք»։ Թեեւ նա խնդիր էր դիտում. «Արդյոք խորհրդարանական քննարկումները չե՞ն կարող խանգարել դատավարության բնականոն ընթացքին»։ Թերեւս՝ ոչ, քանզի դատավարության առարկան միայն կատարողներն են եւ ոչ թե այն, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իր միջոցառումներով կարո՞ղ էր կանխել «Հոկտեմբերի 27»-ը»։ Քննարկմանը կողմ էր եւ Հայկոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը։ Վկայակոչելով ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեսակետը, պրն Թադեւոսյանը պնդեց, թե պաշտոնանկության նախաձեռնությունը բխում է կանոնակարգից եւ հանձնաժողովի եզրակացությունից. «Եթե բխում է՝ պիտի քննարկվի։ Կանոնակարգը չպիտի խախտվի»։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի համար էլ հիմնավոր էր Վիկտոր Դալլաքյանի եզրակացությունը։ «Ես դեմ չեմ ԱԺ-ում ցանկացած հարցի քննարկմանը,- ասաց պրն Մալխասյանը։- Պարզապես, ես ավելի շատ կողմնակից եմ, որ ժամանակին տեղի ունենան ընտրությունները՝ արտահերթ ընտրություններին դեմ եմ»։ Ի դեպ, նա նաեւ մի նկատառում հայտնեց, թե Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին դավաճանած գործիչները (ավելի ուշ նշեց Տիգրան Թորոսյանի եւ Արմեն Խաչատրյանի անունները) չէին կարող հավատարիմ լինել նախագահ Քոչարյանին. «Եվ նրանք շատ անփույթ են եղել կանոնակարգը կազմելիս»։ Մյասնիկ Մալխասյանը «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման հակառակորդ անվանեց այն մարդկանց, «որոնք ցանկացած փորձ խոսելու «27»-ի մասին՝ դիտում են շահարկում, երկրի հիմքերի ցնցում եւ այլն»։ Սակայն անցնենք այն ուժերին, որոնք Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար ՍԴ-ին դիմելու նախաձեռնությունը համարում են աննպատակահարմար։ Այս շարքում առաջինը, որ քննարկումների ընթացքում եւս մեկ անգամ հանդես եկավ իբրեւ նախագահի պաշտպան եւ օգտագործեց ճիշտ այն որակումները, որոնք «27»-ի բացահայտման հակառակորդների համար բնութագրական է դիտում Մյասնիկ Մալխասյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն է։ Ճեպազրույցում «Առավոտի» հարցին, թե արդյոք տեղին չի՞ համարում նախաձեռնության այն հիմնավորումը, որ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ նախագահ Քոչարյանը պատասխանատու է «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու համար, նա պատասխանեց. «Որեւէ փաստ այսօր չունենք, թե կանխել հնարավոր էր, եւ չեն կանխել, որպեսզի որեւէ մեկին մեղադրանք առաջադրենք»։ Աղվան Վարդանյանը, սակայն, որպես տուժող, ծանոթացել է քրգործի նյութերին ու նաեւ դատարանում իր ներկայացուցիչ փաստաբանն ունի. արդյոք իրեն հայտնի չե՞ն այն վկայությունները, ըստ որոնց՝ հանցագործության նախապատրաստման փուլում Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցներն ամենատարբեր անձանց, անգամ՝ ԱԱՆ աշխատակիցների, հայտնել են իրենց մտադրությունների մասին։ Եվ եթե այս ամենի վերաբերյալ զեկույցներին հարկ եղած ուշադրությունը հատկացվեր՝ կկանխվեր «Հոկտեմբերի 27»-ը։ «Նման հայտարարություններ ամեն օր կարելի է տարբեր տեղերում լսել։ Նման մի խոսքի կամ… չգիտեմ… հետեւանքով մեր գործընկեր Մուշեղ Մովսիսյանն ամիսներ շարունակ գտնվեց բանտում,- ասաց Աղվան Վարդանյանը։- Այո, գործի նյութերում կան որոշ բաներ։ Բայց այդպիսի բաներ Հայաստանում ամեն օր ամեն մարդ խոսում է։ Եվ ես ուղղակի չունեմ որեւէ հստակ փաստական հիմք, որ հստակ տեղեկություններ ունենալով՝ քայլեր չեն կատարվել կանխելու»։ «Հայկական ժամանակի» թղթակիցը նկատեց, որ եթե Աղվան Վարդանյանը չունի փաստեր, մարդիկ կան, որոնք պնդում են, թե ունեն փաստեր, որ հանցագործությունը կարող էր կանխվել. «Ինչո՞ւ եք դեմ, թող հարցը քննարկվի ԱԺ-ում՝ Դուք ձեր կարծիքը կասեք, մյուսներն էլ կներկայացնեն իրենց հակափաստարկները»։ Այս առաջարկին ՀՅԴ խմբակցության ղեկավարի արձագանքը բավական նյարդային էր. «Եթե դուք ուզում եք քննարկել՝ հավաքվեք ձեր պառլամենտով՝ 12-15 հոգով, քննարկե՛ք։ Տարիներ շարունա՛կ քննարկեք։ Ես սա համարում եմ անլուրջ մոտեցում եւ բացարձակապես անտեղի»։ Այս ԱԺ-ում հայտնի է, թե որ գործերն են շատ լուրջ. մի օրինակը կազինոների տերերի լոբբինգի ներքո օրենքներ կարկատել-վերակարկատելն է։ Սակայն առավել հուզական էր «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի գնահատականը պաշտոնանկման նախաձեռնությանը. «Այսօր այն մեղադրանքները, որ առաջ են քաշվում՝ թե ինչու նախագահը սափրված չէր… կներեք, բայց դա իմփիչմենթ հայտարարելու հիմք չէ»։ Լրագրողները մեկ ենթադրեցին, թե պրն Հովհաննիսյանին որոշման ինչ-որ այլ նախագիծ են տվել, հետո փորձեցին պարզել նրա տեղեկատվության աղբյուրը, եւ հայտնի դարձավ, թե «Հոկտեմբերի 27»-ը չկանխելը նա համարում է չսափրվելուն հավասարազոր՝ «այդ կարգի մեղադրանքներ են»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը նախաձեռնության առնչությամբ կրկնեց այն տեսակետը, որը դրոշ է դարձրել ԱԺ փաստացի մեծամասնությունը. «Հանձնաժողովի եզրակացությունը որեւէ հիմք չի տալիս, որ նման հարց քննարկվի խորհրդարանում»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես կրկնեց այդ տեսակետը եւ խոստովանեց, թե նախորդ օրվանից իրենք անընդհատ վերլուծում են այդ նախաձեռնությունը։ Առայժմ կարծես այնքան էլ լավ չեն վերլուծել, քանզի երբ պրն Սահակյանը խոսում էր որոշման նախագծի մասին, նշեց. «Այնտեղ որոշվել է, որ հանրապետության նախագահը բազմիցս խախտել է Սահմանադրությունը։ Դա կարող է որոշել միայն դատարանը»։ Մինչդեռ նախաձեռնողները հենց դա էլ առաջարկում են՝ դիմել Սահմանադրական դատարան՝ իրավաբանական գնահատական ստանալու համար։ «Թվում է, թե մի ճանապարհ է ընտրված, որից լարվածություն կառաջանա։ Նույն ճակատագրին կարժանանա, ինչը որ ցանկանում էին, եւ շարունակություն չունեցավ»,- ասաց Գալուստ Սահակյանը։ Այսինքն, մեծամասնությունն արդեն իսկ կայացրել է պաշտոնանկման գործընթացը տապալելու սպասելի վճիռը։ Խնդիրը միայն այն է, թե ո՞ր փուլում են տապալելու՝ թույլ կտա՞ն, որ տեղի ունենա քննարկում, գործը հասնի գաղտնի քվեարկությանը, թե՞ կզգուշանան դրա դժվար վերահսկելի եւ անկանխատեսելի արդյունքներից։ Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենալու հունիսի 10-ից սկսվող եռօրյա նիստերում, երբ ըստ նախաձեռնողների՝ պիտի քննարկվի որոշման նախագիծը եւ ԱԺ բացառիկ իրավասությամբ պիտի որոշվի՝ նախագիծը բխո՞ւմ է հանձնաժողովի եզրակացությունից, թե՞ ոչ։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ, դա կախված կլինի նախագահողից»։ Իսկ Արմեն Խաչատրյանը, հասկանալի է, կվարվի այնպես, ինչպես նրան կթելադրի մեծամասնությունը։ Գալուստ Սահակյանն արդեն իսկ հայտարարեց. «Ես կողմնակից եմ, որ հարցը բնավ պետք չէ քննարկման դնել», եւ վկայակոչեց «ԱԺ կանոնակարգի» այն դրույթը, ըստ որի՝ խորհրդարանը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս «սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը»։ Ուրեմն, փորձելու են փաստարկել, թե «27»-ի հանձնաժողովի խնդիրների մեջ չի՞ եղել նախագահի պաշտոնանկության հարցը։ ԱԺ մեծամասնությունը ջանքեր է գործադրում փրկելու Ռոբերտ Քոչարյանին՝ նրա համար անցանկալի քննարկումից։ Առայժմ այդ ջանքերն, օրենսդրական հիմնավորվածության առումով, այնքան էլ համոզիչ չեն։ Բայց մինչեւ հունիսի 10-ը դեռ կա ժամանակ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել