Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆ-«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱ՞ՐԿ

Մայիս 31,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆ-«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱ՞ՐԿ Նախագահ, տվյալ դեպքում՝ նաեւ չծխող, Ռոբերտ Քոչարյանն իրեն Աստծո տեղ է դրել՝ մի ձեռքով տալու, մյուսով վերցնելու ֆունկցիան նկատի ունենալով։ Ռոբերտ Քոչարյանը Հրանտ Վարդանյանին անսահման արտոնություններ տալուց, ուրիշ գործարարների «գլխին նստեցնելուց» հետո հիմա փորձ է անում կամ նրան այդտեղից իջեցնելու, կամ «աչքը վախեցնելու»։ Երեկ կառավարության նիստում, որը նախագահն էր վարում, հավանություն տրվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին»։ Դրանով նախատեսվում է թունդ (20%-ից բարձր) ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի սահմանափակում։ Օրինագիծն առաջարկում է էլեկտրոնային լրատվամիջոցներով իսպառ արգելել ծխախոտի գովազդը, իսկ տպագիրներում՝ արգելել դրա տեղադրումը շապիկի վրա։ Արգելվելու է նաեւ հեղինակավոր անձանց ներգրավումը ծխախոտի գավազդում, սահմանափակվելու՝ ցուցանակների, պլակատների, վահանակների վրա դրանց տեղադրումը, պարտադրվելու՝ գովազդի 10%-ի չափով ծխելու վնասակարության մասին զգուշացման առկայությունը եւ այլն։ Սրանով ծխախոտ արտադրող-ներկրողների շահերին խփելու խնդիր առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը չի տեսնում. «Ոչ կոռեկտ եմ համարում շահի մասին խոսելը։ Ես գերակա համարում եմ մարդկանց առողջությունը։ Արժեքների անհամադրելի խնդիր է այստեղ»։ Անհամադրելին՝ անհամադրելի, սակայն հստակ կարելի է պատկերացնել այն կատաղի դիմադրությունը, որին օրինագիծը կարժանանա մեր «պրոֆեսիոնալ»՝ ծխախոտ-մխախոտի հետ գործ չունեցող խորհրդարանում։ «Ավելի քան…,- խոսքը չավարտեց առողջապահության նախարարը։- Այդպես էլ լինելու է»։ Նախարարը խոստացավ ԱԺ-ում այնպիսի լրջագույն տվյալներ ներկայացնել՝ որոշ հիվանդությունների աճի եւ ծխելու պատճառահետեւանքային կապը ապացուցող, որ խորհրդարանը առանց տատանվելու կընդունի օրինագիծը։ Մենք նախարարի լավատեսությունը չենք կիսում։ Եթե անգամ ԱԺ-ն ընդունի, ուրեմն՝ «սրտից արյուն կաթելով», բայց նախագահի զգոն ուշադրության ներքո։ Չէ, Գրանդ Տաբակիչի գործերը հաստատ սկսելու են վատ գնալ։ Բայց էլի ինքն է մեղավոր. պայքարելով իր մոնոպոլ դիրքերը սասանելուն միտված՝ Առեւտրի միջազգային կազմակերպությանը (WTO) մեր անդամակցության դեմ, Տաբակիչը գլխի չի ընկել, որ ավելի վաղ էր պետք սկսել պայքարը՝ միայն թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (WHO) մեր անդամակցելու դեմ։ Մենք արդեն WHO-ի անդամ ենք։ Իսկ այն բացասական է որակում արտադրողի կողմից ծխախոտի հակագովազդ անցկացնելը։ Կամ գուցե Հ. Վարդանյանը լուրջ չի ընդունել իր իսկ ձեռնարկությունում՝ «Մասիս Տոբակոյում» իր պատրոնի՝ նախագահ Քոչարյանի տված հանձնարարականը «Գովազդի մասին» օրենքում վերոնշյալ փոփոխություններն անելու մասին։ Ծխախոտի արտադրության ծավալների վրա այս փոփոխությունների ազդեցությունը առողջապահության նախարարը չի ակնկալում. «Սրանով մենք սահմանափակում ենք նո՛ր սպառողների երեւան գալը»։ Նախարարին հատկապես անհանգստացնում է անչափահասների, մասնավորապես՝ աղջիկների ծխելու հակումը, մանավանդ, նախարարության ուսումնասիրությունների ֆոնին։ Դրանք ուղղակի կապ են արձանագրում ծխախոտի եւ սիրտ-անոթային, թոքային հիվանդությունների, նորագոյացությունների վերջերս ի հայտ եկող աճի միջեւ։ Ի դեպ, աճի մասին։ Հայաստանի սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Եսայանը կառավարությունում ներկայացրել էր «ՀՀ քաղծառայողների վարձատրության մասին» օրինագիծը, ըստ որի տասնմեկ աստիճանի քաղծառայողների վարձատրությունը ուղիղ համեմատական է լինելու նրանց աստիճանին, վաստակին, գիտելիքներին, ծառայություններին։ Նրանք տարին մեկ էլ կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ։ Իհարկե, եթե պետբյուջեն թույլ տա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել