Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳԸ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Մայիս 30,2002 00:00

ԵՐԳԸ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում կայացավ երգչուհի Նունե Եսայանի համերգային ակցիան, որի ողջ հասույթը պետք է փոխանցվի ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին զոհվածների ընտանիքներին։ Ակցիան, ինչպես հայտնի է, կոչվում էր՝ «Հայաստանը՝ Ամերիկային, Նունե Եսայանը՝ Նյու Յորքին»։ Ներկայացման սցենարը չար եւ բարի ուժերի մասին էր, որոնք հավերժ պայքարի մեջ են։ Երեք օր 2000 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր։ Երգչուհին կատարում էր իր հին երգացանկի եւ մի քանի նոր երգեր։ Դժվար է ասել, թե որքան գումար ի վերջո հավաքվեց այս համերգաշարից, սակայն ակցիան ինքնին մարդասիրական քայլ էր։ Ներկայացմանը հրավիրված էր հանրահայտ «Տոդես» բալետային խմբից անջատված «Պրոֆի շոու» խումբը, Հայաստանից ներկայացմանը մասնակցում էին Սոֆի Դեւոյանի պարային համույթը եւ տարբեր կոլեկտիվներից անհատ պարողներ: Համերգի պրոդյուսերն էր Ռուբեն Ջաղինյանը: Հանդիսատեսը՝ տարված ներկայացումով, մոռացել էր համերգաշարի բուն նպատակը։ Ակցիան, այնուամենայնիվ, իբրեւ թատերականացված ներկայացում, հաջողվեց։ Առաջին անգամ համերգ-ներկայացման տեխնիկական (լուսային եւ ձայնային) որակը, ձեւավորումը եւ թե՛ երգչուհու, թե՛ նվագախմբի եւ թե՛ պարային խմբերի կատարողականությունը միեւնույն հարթության վրա էին։ Մոտ երկու ժամ ընթացող ներկայացումը ոչ միայն չէր հոգնեցնում-ձանձրացնում հանդիսատեսին, այլ ավելին՝ անընդհատ փոփոխվում եւ անակնկալներ էր մատուցում։ Երգչուհու երգացանկը՝ հին հայկական երգերով եւ համերգ- ներկայացման ժամանակակից մատուցումը հրապուրիչ էր եւ երիտասարդ, եւ ավագ սերնդի հանդիսատեսի համար։ Առաջին անգամ հաջողվեց այնպիսի համերգ-ներկայացում ստեղծել, որը կարող է ներկայացնել այլ երկրների բարձրակարգ բեմերում: Նունե Եսայանը այն քիչ հայ երգչուհիներից է, որոնք կարող են այդքան (երկու ժամ՝ երեք օր անընդմեջ) կենդանի կատարել։ Նույն ոգեւորությունը տիրում էր ամբողջ դահլիճում եւ բեմում, որը լի էր երիտասարդ պարային խմբերով, հայկական ավանդույթների թատերականացված դրվագներով, ծաղրածուներով… հայ երգով։ Լ. ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031