Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ

Մայիս 30,2002 00:00

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հետաքրքիր է ոչ միայն ֆուտբոլիստների վարպետության աստիճանով, գոլերով, այլեւ վիճակագրական տվյալներով։ Եւ ահա վիճակագիրներն էլ հավաքում են եղած փաստերը, տեղեկությունները, համադրում, համեմատում, վերլուծում, գումարում ու հանում եւ վերջում ստանում թվեր, որոնք, ինչպես ասացինք, պակաս հետաքրքիր չեն։ Եվ այսպես, վաղը Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնության գլխավոր գործող անձինք՝ խաղացողներ, մարզիչներ, մրցավարներ, եւ թիմերը ներկայացնում են հետեւյալ պատկերը. ֆուտբոլիստների միջին տարիքը. 26,9, ամենաերիտասարդ թիմը. Նիգերիա՝ 23,4 (միջին տարիքը), ամենատարեց թիմը. Բելգիա՝ 28,9, ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. Ֆեմի Օպաբունմի, Նիգերիա՝ 17 տարեկան, 2 ամսական, 29 օրական, ամենատարեց ֆուտբոլիստը. Յան Հայնցե, Դանիա՝ 38 տարեկան, 9 ամսական, 8 օրական, ամենաբարձրահասակ թիմը. Գերմանիա՝ 184,8 սմ (միջին հասակը), ամենացածրահասակ թիմը. Մեքսիկա՝ 176,7 սմ, ամենացածրահասակ ֆուտբոլիստը. Մոհամեդ Ալ-Շալհուբ, Սաուդյան Արաբիա՝ 163 սմ, ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը. Ցզյան Ցզին, Չինաստան՝ 198 սմ, ամենաթեթեւ ֆուտբոլիստը. Դամարկուս Բիսլի, ԱՄՆ՝ 57 կգ, ամենածանր ֆուտբոլիստը. Նաիլ Քուինն, Իռլանդիա՝ 100 կգ, ամենաերիտասարդ մարզիչը. Սրեչկո Կատանեց, Սլովենիա՝ 39 տարեկան, 5 ամսական, 15 օրական, ամենատարեց մարզիչը. Չեզարե Մալդինի, Պարագվայ՝ 70 տարեկան, 7 ամսական, 28 օրական, ամենատարեց մրցավարը. Սանչես Անխել, Արգենտինա՝ 45 տարեկան, 2 ամսական, 4 օրական, ամենաերիտասարդ մրցավարը. Շիլդ Մարկ, Ավստրալիա՝ 29 տարեկան, 7 ամսական, 26 օրական։ Սա լինելու է աշխարհի 17-րդ առաջնությունը։ Նախորդ 16-ում հաղթել է յոթ թիմ։ Հենց նրանք էլ կազմում են չեմպիոնների «հրաշալի յոթնյակը»։ Պայքարի մեջ կներգրավվի 32 թիմ, նույնքան, որքան նախորդ՝ Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում։ Աշխարհի առաջնության խաղերը ընդհանուր առմամբ կդիտի հսկայական քանակությամբ հանդիսատես՝ շուրջ 40 մլրդ մարդ։ Մրցաշարի խաղերի համար վաճառվել է 3 մլն 200 հազար տոմս։ Միայն Ճապոնիա՝ աշխարհի առաջնության ընթացքում կժամանի շուրջ 443 հազար արտասահմանցի։ Հարավային Կորեայում առաջնության ընթացքում անվտանգության ապահովմամբ կզբաղվի մոտ 420 հազար ոստիկան։ Իսկ Ճապոնիայում մեկ հանդիպման ընթացքում նույն խնդրով զբաղված կլինի 7700 ոստիկան։ Տեսականորեն առաջնության բոլոր հանդիպումներին մասնակցել կարող է 736 ֆուտբոլիստ, իսկ խաղերը սպասարկել՝ 72 մրցավար։ Ստադիոններ հաճախող ֆուտբոլասերները, ինչպես նաեւ հեռուստադիտողները կտեսնեն աշխարհի առաջնության չորս նորեկ երկրների՝ Սենեգալ, Էկվադոր, Չինաստան, Սլովենիա։ Անգլիայի հավաքականի կազմում վերջնականապես հայտավորվելու համար «Նյուքասլի» կիսապաշտպան Դայերը ստիպված է եղել Ճապոնիայից Անգլիա եւ ետդարձ հաղթահարել 30 հազար կմ։ Նա մառախլապատ Ալբիոն է ստիպված վերադարձել բժշկական խորհրդատվություն ստանալու համար։ Իսկ ահա նրա 1072 ֆուտբոլասեր հայրենակիցները չեն կարողացել անցնել այդ ճանապարհի մեկ միլիոներորդ մասը, չնայած իրենց անսահման ցանկությանը։ Ճապոնիայի ԱԳՆ-ն նրանց մուտքի վիզա չի տվել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել