Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուղղամիտ մարդ եմ»

Մայիս 30,2002 00:00

«Ես ուղղամիտ մարդ եմ» Դերասանուհի Աննա Էլբակյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից։ Այս առիթով զրուցեցինք նրա հետ։ – Ո՞րն էր Ձեր այցի նպատակը ԱՄՆ։ – Սա մեր երկրորդ այցն էր Նահանգներ (վերջին երկու անգամը՝ Արմեն Էլբակյանի հետ), մեկնել էինք «Սթեյջ» հիմնադրամի հրավերով։ Երեք ամսվա ընթացքում հասցրինք ունենալ բազմաթիվ ներկայացումներ։ Չեմ ուզում թերագնահատել նշանակությունը մյուս թատերախմբերի, որոնք գնում են արտասահման ու ներկայացնում արագ պատրաստվող ինչ-ինչ ելույթներ, որից, բնականաբար, տուժում է որակը։ Ինձ թվում է, որ շատերին հետաքրքրում է ուղղակի արտասահմանում լինելն ու գումար վաստակելը։ Իսկ մեր եւ «Սթեյջի» նպատակն էր բեմադրել ներկայացում՝ Լոս Անջելեսում բնակվող հայ անվանի դերասանների հետ համատեղ։ Ցուցադրված պիեսը բեմադրում էր Արմեն Էլբակյանը՝ հայ դերասանների՝ Տաթեւիկ Ղափլանյանի, Լեւոն Շարաֆյանի, Թորոս Թորոսյանի եւ այլոց մասնակցությամբ։ Գրեթե միաժամանակ մասնակցեցինք Վ. Սարոյանի փառատոնին՝ «Քարանձավի բնակիչներ» պիեսով, որտեղ միայն մենք էինք հայ։ Այն շատ լավ ընդունվեց հասարակության կողմից։ Բոլոր արձագանքները թերթերում դրական էին։ Քանի որ այնտեղ մեծ դժվարություն է ներկայացնում թատրոն ունենալը եւ պահանջվում են ահռելի գումարներ, ուստի այն ԱՄՆ-ում սիրողական մակարդակի է։ Այդ իսկ պատճառով նման համագործակցությունները հնարավորություն են ստեղծում առանց մեծ ծախսերի անել լուրջ ներկայացումներ։ Եվ եթե մեր հայրենակիցների մի մասն այնտեղ է, բնականաբար, թատերասերների մի մասն էլ է այնտեղ։ Ուստի լավ ներկայացումների կարիք շատ կա դրսում։ Ի դեպ, այնտեղ դահլիճների պրոբլեմներ էլ են առաջանում եւ ներկայացման համար հաճախ անհրաժեշտ է լինում հերթագրվել նույնիսկ մեկ ամիս առաջ։ – Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։ – Ես հիմա աշխատում եմ Արմենի հետ Մարիոնետների թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Օգնում եմ պատրաստել Ռուբեն Մարուխյանի հեղինակած «Իսկական ընկեր» ներկայացումը, որի նպատակն է հաշմանդամ եւ առողջ երեխաների ինտեգրացիան։ Ես ոգեւորված եմ այդ գաղափարով, քանի որ գործ ունեմ երեխաների հետ, որոնք չնայած ֆիզիկական արատներին, մեծ շնորհքով են օժտված եւ իրավունք ունեն լինելու հասարակության լիիրավ անդամներ։ Որոշել եմ այստեղ բեմադրել «Աշխարհի արարումը»։ Հուսով եմ, որ լավ ներկայացում կստացվի։ Իսկ որպես դերասանուհի աշխատում եմ Էդգար Էլբակյանի անվան թատրոնում։ Նպատակադրվել ենք պատրաստել ներկայացումներ Սփյուռքի տարբեր համայնքների դերասանների հետ, քանզի, ինչպես արդեն նշեցի, նրանք կարիք ունեն առողջ եւ կենդանի թատրոնի։ – Չար լեզուներն ասում են, որ Դուք աղանդավոր եք։ Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը։ – Ես ուղղամիտ մարդ եմ եւ սիրում եմ հարցին հարցով պատասխանել. իսկ դուք գիտե՞ք ինչ է աղանդը։ Հավատամքից շեղված ամեն ինչ նշանակում է աղանդ։ Ոմանք էլ աղանդ են անվանում քրիստոնեությունը։ Եվ եթե խոսքն այդ աղանդի մասին է, ուրեմն իսկապես աղանդավոր եմ։ Ես հավատում եմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ինձ համարում եմ քրիստոնյա։ Քրիստոնեությունը, ըստ իս, կյանք է, որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է ճիշտ ապրել։ Ես սիրում եմ իմ եկեղեցին եւ պատկանում եմ միայն Առաքելական եկեղեցուն։ Ապրում եմ իմ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի օրենքներով։ Եվ ամեն հայ պետք է իմանա, որ փրկությունը հավատով է ու ապաշխարությամբ։ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել