Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»

Մայիս 30,2002 00:00

«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է» «Հայրենիքը միայն «էրվելով» կարելի է սիրել, եւ ինչքան շատ լինեն էրվողները, այնքան հայրենյաց կրակը մեծ ու բարձր կլինի»,- կարծում է տաղանդաշատ ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Ասվածի արտահայտությունը հունիսի 7-ին եւ 8-ին կայանալիք նրա նոր, պարային թատերականացված համերգն է «Նանե շոուի» հետ համատեղ՝ «Էրվում եմ, էրվում եմ» խորագրով։ Շուշանը գտնում է՝ «Նանեն» իր նման ու իր չափ է սիրում հայրենիքը, բացի այդ, ըստ նրա, «Նանեները մտածող պարուհիներ են եւ ոչ թե ուղղակի սինխրոն շարժումներ կատարողների խումբ»։ Այս համերգի առանցքում էլ դարձյալ հայրենիքն է։ «Հայրենիքը պիտի սիրել ինքնամոռաց, անընդհատ։ Շատերը, որ սիրում էին այն, այժմ, այսօր երկնքում են (նկատի ունեմ ոչ միայն Արցախամարտի հերոսներին, որոնք Եռաբլուրում կամ Ղարաբաղում են թաղված, այլեւ դարասկզբի սիրողներին)։ Նրանք ինքնամոռաց սիրողներ էին, ես ուղղակի սիրող եմ»,- ասում է երգչուհին։ Այս համերգ-ներկայացումը բեմադրել է նաեւ 1700-ամյակի եւ մայիսյան տոնակատարություններից հայտնի Լեւոն Իվանյանը՝ մարդ ու մտավորական, որին Շուշանը բացառիկ տաղանդավոր է համարում. «Ես ձգտում եմ այդ կարգի մարդկանցով շրջապատված լինել, իսկ նրանք, ցավոք, քիչ են Երեւանում»։ Ի դեպ, Շուշանը, ի տարբերություն շատերի, սիրում է առանց փայլերի, առանց ավելորդ աղմուկի, գլուխը կախ աշխատել, հեռու մնալով այդ մասին ի լուր աշխարհի ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հայտարարելուց։ Պատճառն այն է, որ ինքը այլ «բանակի» մարդ է, մեկը նրանցից, ովքեր «իրենց գործին հավատարիմ են մնացել ու չեն դիմել առեւտրի», որովհետեւ ի սկզբանե գիտակցել են իրենց ընտրած ուղու դժվարությունն ու պատասխանատվությունը։ Երգչուհին հասցրել է նաեւ ինչ-ինչ հայտնություններ անել. դրանցից մեկը վերաբերում է առանց այս կամ այն մրցույթի «յոլա» գնալուն. «Երգիչներ կան, որ կիլոմետրերով մրցույթների են մասնակցում, շահում մեծ-մեծ գավաթնե՜ր, ոսկե մեդալնե՜ր, գրան պրինե՜ր։ Շատ ուրախ եմ նրանց համար, սակայն ինձ համար ամենագլխավոր դատավորը (Աստծուց հետո, իհարկե) ժողովուրդն է, հանդիսատեսը»։ Իսկ ժողովուրդը (կարծում եմ շատերը կհամաձայնեն այս մտքին) անչափ բարձր է գնահատում Շուշանին՝ հայեցի ու զուլալ երգերի, հայի արժանապատվություն ունենալու համար։ Երգչուհին շա՜տ հեռու է շուրջը իշխող «սոցմրցման հոգեբանությունից». մտադիր չէ «մրցույթի մեջ մտնել որեւէ երգչի հետ», քանի որ «գիտի իր չափը, ինչքան է կարողանում երգել» եւ, որ ամենակարեւորն է, հնարավորինս ազնիվ է ինքն իր, հետո՝ հանդիսատեսի հետ. «Եթե որոշում ես այս ճանապարհն անցնել, ուրեմն պիտի ազնիվ լինես մինչեւ վերջ ու երբեք կոմպրոմիսների չպետք է գնաս»։ Դրական գնահատելով Հովնանյան ընտանիքի նախաձեռնությունը՝ «Վահագն» եւ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունները, երգչուհին մնացյալի մասին չցանկացավ խոսել, խոստովանեց, որ հեռուստատեսությամբ չի էլ դիտել կամ հետաքրքրվել այս տարվա «Սայաթ-Նովայով»։ Ընթերցողին հիշեցնենք, որ նրա «Իմ անուշ հայրենիք» երգը առաջին տարին մասնակցել էր «Սայաթ-Նովա» փառատոնին՝ չգրավելով որեւէ տեղ, չստանալով որեւէ մրցանակ։ Իսկ Շուշանը դա այնքան էլ չի կարեւորել. երգը ժողովուրդը սիրում է, այն բոլորի բերանին է։ Իսկ կա՞ դրանից լավ մրցանակ։ Ավելին, վերջերս երբ Շուշիի ազատագրման 10-ամյակի կապակցությամբ մեկնել էր Ղարաբաղ, անձամբ էր լսել, որ տանկային դիվիզիայի զինվորները երգի ռիթմը փոխել են ու նրա տակ տողանի են դուրս գալիս։ Արվեստի անխոնջ մշակ Շուշան Պետրոսյանը համամիտ է, որ արվեստն ունի անառակ որդիներ։ Դրանք այն արտիստներն են, ովքեր վաճառում են իրենց կոչումը։ Նա վկայակոչեց նաեւ մերօրյա երգիչներին, որոնք հայերենով երգում են հունական, թուրքական, արաբական երգեր՝ ընդամենն այն պատճառով, որ վաճառվի։ «Նրանք իմ բանակի երգիչները չեն։ Անուններ տալու հարկ չկա, ակնհայտ է՝ ում նկատի ունեմ, ինչպես եւ պարզ է այն, ով է երգում միայն հայերենով ու հայ երգեր»։ Շուշանը միայն երգարվեստի համար չի ցավում. նրա մտահոգությունները վերաբերում են նաեւ նկարիչներին, քանի որ ինքը նաեւ այս «բանակի» մարդ է իրեն համարում. «Միայն խաչքար ու Մասիս նկարելը հայրենասիրություն չէ, ինչպես հայրենասիրություն չես կոչի հայերենով հնչող արեւելյան երգերը (որոնք, ի դեպ, հաճույքով եմ լսում արաբ, պարսիկ երգիչ-երգչուհիների կատարմամբ), ախր այնքա՜ն չերգված հայ էջեր կան»։ Բացի հրաշալի երգչուհի լինելուց, Շուշան Պետրոսյանը նաեւ մեծագույն լավատես է ու ճիշտ մարդ, ինչի ապացույցը նրա վայելած համընդհանուր սերն ու հարգանքն է, որոնց արժանանալու համար միայն կոչումները, հաճախ, քիչ են լինում։ Ուրախալին այն է, որ այս ամենով հարուստ լինելով հանդերձ՝ Շուշանը չի էլ մեծամտանում։ Նա հեռու է ինքն իրեն աստղ, գերաստղ, դեսպան կամ թագուհի կոչելու մտքից. «Ես ուղղակի Շուշան Պետրոսյանն եմ, ընկերներիս ու հարազատներիս համար՝ Շուշոն, տղայիս համար (երբ փորձում է պաշտոնապես դիմել ինձ)՝ Մամանիկ Պետրոսյանը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել