Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծրագրերով, ռուսական դասագրքերով

Մայիս 30,2002 00:00

Հայկական ծրագրերով, ռուսական դասագրքերով Ռուսական ուսուցմամբ դասարանները իրողություն են արդեն քանի տարի, սակայն մինչեւ օրս դրանց լիարժեք գործունեության համար անհրաժեշտ կրթական դաշտ ապահովված չէ. ասենք՝ ծրագրերը Հայաստանի Հանրապետությանն են, իսկ դասագրքերը՝ Ռուսաստանի Դաշնությանը, եւ դրանք հաճախ չեն համընկնում։ Սրանով պրոբլեմները չեն սահմանափակվում եւ դրանք ուսուցիչները ներկայացրին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, վերջինիս դպրոց հերթական այցի ժամանակ։ Թիվ 62 դպրոցը հանրապետության այն դպրոցներից է, որ նախկինում ռուսական ուսուցմամբ է եղել եւ այսօր էլ ռուսական ուսուցմամբ դասարաններ ունի։ Դրա համար էլ նախարարի հետ զրույցը հիմնականում այդ խնդիրների շուրջ ծավալվեց՝ չնայած այլ հարցեր եւս քննարկվեցին, մանավանդ որ հանդիպմանը նաեւ հարեւան դպրոցների տնօրեններն էին մասնակցում։ Հայաստան արտերկրից, հիմնականում՝ Ռուսաստանից, վերադարձող ընտանիքների երեխաները հայերենին բավարար չեն տիրապետում, որ կրթությունը հայկական ուսուցմամբ դասարանում հեշտությամբ շարունակեն, իսկ ռուսական ուսուցմամբ դասարաններն օրենքով միայն այլազգի երեխաների համար են։ Հարմարվելու, ռուսականից հայկականին անցում կատարելու համար տրվող մեկ տարին հաճախ բավարար չէ։ Ուսուցիչները նկատեցին, որ Լեզվի տեսչությունը որքանով կարողանում է, աջակցում է, սակայն լուրջ ծրագրային փոփոխություններ են անհրաժեշտ։ Մասնավորապես, չորրորդ դասարանում հայոց լեզվի ուղղագրությունը հայկական ուսուցմամբ դասարաններում դասավանդվում է շաբաթական չորս ժամ հաճախականությամբ, իսկ ռուսականում՝ երկու, թեեւ վերջիններս ավելի շատ դասաժամերի կարիք ունեն, քանի որ ազգությամբ ռուս կամ ռուսական կրթությամբ երեխան ավելի դժվար է հայերենի քերականությունը յուրացնում։ Կամ ռուսական ուսուցմամբ դասարաններում եւս արեւմտահայերեն են անցնում, ինչը դժվար ընկալելի է այդ դասարաններում սովորողների համար։ Մրցույթով դասագրքեր հրատարակելու վերջին տարիների մոտեցումը եւս որոշակի շփոթ է առաջացնում։ Մրցույթով շահած տարբեր դասարանների նույն առարկայի դասագրքերի միջեւ հաճախ բացակայում է տրամաբանական կամ ծրագրային շարունակականությունը։ Հայկական ուսուցմամբ դասարաններում եւս սա պրոբլեմ է, սակայն ռուսականներում հատկապես սրվում է։ Ասենք՝ հայոց պատմությունը, ըստ ծրագրի, պետք է հայերենով դասավանդեն, իսկ համաշխարհային պատմությունը՝ ռուսերենով։ 9-10-րդ դասարանների պատմության դասագրքում հայոց եւ համաշխարհային պատմությունները միասին են ներկայացված եւ այն հանձնարարված է անցնել հայերենով՝ շփոթ առաջացնելով մինչեւ այդ համաշխարհային պատմությունը ռուսերեն անցած երեխաների շրջանում։ Իսկ պատմության ուսուցիչը նկատեց, որ այդ երկու տարբեր պատմությունները մի դասագրքով ներկայացնելը ընդհանրապես սխալ էր՝ անկախ ռուսական դասարաններում հարուցած դժվարություններից։ Ուսուցիչները նկատեցին, որ իրենք դասագրքերի ստեղծման գործում շատ քիչ դերակատարություն ունեն (դրանք հիմնականում գրում են գիտնականները), դրա համար էլ այդ դասագրքերը հաճախ չեն համապատասխանում դպրոցի պահանջներին։ Համաձայնելով ուսուցիչների հետ՝ ԿԳ նախարարը ընդունեց նաեւ ռուսական ուսուցմամբ դասարանների համար հատուկ ուսումնական ծրագրեր ունենալու անհրաժեշտությունը։ Իսկ ֆիզիկայի ուսուցչուհին նկատեց, որ թեեւ նախկին ԿԳ նախարարները (Էդուարդ Ղազարյան, Արտաշես Պետրոսյան) կրթությամբ ֆիզիկոսներ էին, սակայն այդ առարկային այնպես խեղճացրին (նկատի ուներ՝ դասաժամերի կրճատումը), որ հույսները ներկայիս՝ կրթությամբ պատմաբան նախարարն է։ Այլ հարցեր եւս մանկավարժները արծարծեցին. մասնավորապես դժգոհեցին, որ ձմեռային երկարացված արձակուրդների պատճառով զրկված են աշնանային ու գարնանային արձակուրդներից, իսկ աշակերտների համար դժվար է այդ ծանրաբեռնվածությամբ սովորել։ Նաեւ բողոքեցին մանկավարժական մամուլի, մեթոդական ուղեցույցների բացակայությունից՝ նկատելով, որ եղած մանկավարժական ամսագրերը մակերեսային են անդրադառնում մասնագիտական խնդիրներին։ Կարեւորեցին ուսուցիչների համար որակավորման դասընթացների անցկացման, ատեստացիայի անհրաժեշտությունը եւ այլն։ ԿԳ նախարարը խոստացավ քննարկված բոլոր հարցերին ընթացք տալ՝ ակնկալելով նաեւ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031