Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՐՍՈՒՄ ԷԼ ԳՈՒՑԵ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԿԱՅԻՆ»

Մայիս 30,2002 00:00

«ԴՐՍՈՒՄ ԷԼ ԳՈՒՑԵ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԿԱՅԻՆ» Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ ասաց տուժող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Նա հայտնեց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչել, նկարագրեց 1999թ. հոկտեմբերի 27-ը, երբ մասնակցել է ԱԺ հերթական նիստին եւ հարցուպատասխանի ժամանակ էլ գտնվել է ամբիոնի մոտ։ Ներկայացնելով դահլիճ ներխուժած ահաբեկչի արտաքինը, ի տարբերություն նախորդների ցուցմունքների, նա ասաց. «Լսեցի բարձրաձայն, կանաչավուն անձրեւանոցով անձի հայհոյանքը եւ կրակոցները՝ ուղղված վարչապետի վրա»։ Մեղադրող Անահիտ Եղիազարյանը տուժողին հարցաքննելիս հարցրեց. «Ճի՞շտ է տպավորվել այդ գույնը», ինչին տուժողը տվեց դրական պատասխան։ Ահաբեկիչ Կ. Հունանյանը, եթե հիշում եք, եղել է այդ օրը բաց գույնի (սպիտակ) անձրեւանոցով։ Լ. Բարխուդարյանը ներկայացրեց նաեւ այն դրվագը, երբ իր աչքերի առաջ տեսել է, թե ինչպես է ընկել Կ. Դեմիրճյանը։ «Տեսա, թե ինչպես երկրորդ անգամ կրակեցին Կ. Դեմիրճյանի դեմքին։ Ստուգողական կրակոց էր»։ Մեղադրող Ա. Եղիազարյանին հետաքրքրեց, թե ինքնաձիգի փողը ի՞նչ ուղղությամբ էր, եւ արդյո՞ք նույն փողն էր, որը ուղղվել է նաեւ Յու. Բախշյանի վրա էլ։ «Երեւի այո»,- պատասխանեց տուժողը։ Տուժողը պնդեց, որ եղել է պատանդի վիճակում, որ մինչեւ վերջ գտնվել է դահլիճում եւ իբրեւ կենդանի վահան «հերթապահել» ԱԺ նիստերի դահլիճի դռան մոտ։ Նա ըստ էության պնդեց իր նախաքննական ցուցմունքը եւ ասաց, որ հայտնի տեսաժապավենը համընկնում է իր տեսածների հետ։ Տուժողի տպավորությամբ, ահաբեկիչների գործողությունները հստակ էին. Վռամն, օրինակ, հսկել էր դահլիճի ետեւի դուռը, Կարեն Հունանյանը քարտուղարությունում է եղել, Էդիկն ու Նաիրին շարժվել են անընդհատ. «Լարվում էին, թե ով էր մտնում»,- նշեց նա։ Ավելին, հստակեցրեց, որ «նրանցից յուրաքանչյուրից» իրենք թույլտվություն էին խնդրում շարժվելու, ջուր խմելու… համար։ Ուշագրավ մի հայտարարություն էլ արեց տուժողը։ Նա լսել էր (պատմածներից), որ Արմենակյանը, երբ տեսել է ահաբեկիչներին, զենքն է ուզել հանել, եւ դրա համար խփել են։ Կոնկրետ ումից էր լսել, տուժողը չհիշեց։ Տուժողը հիշեց նաեւ Կ. Դեմիրճյանի ընկած դիրքը. աջ կողմի վրա։ Նա նույնպես խոսել էր հանցավոր խմբի անդամներից Դ. Բեջանովի եւ Է. Գրիգորյանի հետ։ Ոչ մի զղջում չի եղել, եւ արդարացրել են իրենց արարքը՝ «բռնապետություն էր» պատճառաբանությամբ։ Տուժող, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանն ասաց, որ «27»-ը պետական կառույցների կողմից, նախագահի պալատից էր կազմակերպված։ Եվ որ հանրապետության նախագահին էր ձեռնտու կատարվածը։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը ներկայացրեց ՌԴ Կրասնոդարի մարզի դատարաններից մեկի դատավճիռը, որի համաձայն, 1998թ. հուլիսի 22-ին ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Սակայն պայմանական 2 տարի են տվել նրան։ Մեղադրողի «Ինչո՞ւ են քեզ կալանավորել եւ պահել թիվ 1 մեկուսարանում, այստեղ» հարցին ի պատասխան ամբաստանյալն ասաց. «Հարցաքննվել եմ որպես կասկածյալ, հետո՝ վկա» եւ որ… չի դատապարտվել։ Ի դեպ, ՆԳ ինֆորմացիոն կենտրոնն էլ չէր պատասխանել, թե վերջապես, այս գործով ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը նախկինում դատված եղե՞լ է։ «Հեռակա դատավճիռ է եղել»,- ռեպլիկի կարգով նետեց «հեռակա ամբաստանյալը»։ «27»-ի գործով ստացիոնար ամբաստանյալները փակուղի են մտել. հարցեր են տալիս ավելի շատ էմոցիաներ ճշտելու, քան՝ թե իրենք ի՞նչ են իրականացրել 1999-ի հոկտեմբերի 27-ին։ Ինչը նշանակում է, որ նրանց էմոցիաները այլեւս տեղի են տալիս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031