Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԿԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

Մայիս 30,2002 00:00

«ԲԱՆԿԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» Համոզված է ՀՀ վարչապետը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր տնտեսության՝ «ոտքի կանգնելու» առաջնահերթ եւ ամենաիրատեսական մոտեցումը համարում է գյուղատնտեսության զարգացումը։ Սակայն, վարչապետի կարծիքով, ոլորտի զարգացմանը մեծապես խանգարում են փոքր կապիտալ ունեցող առեւտրային բանկերը, որոնք «իրենց բարձր տոկոսներով, փաստորեն, թույլ չեն տալիս, որ գյուղատնտեսությունը զարգանա», մինչդեռ ոլորտը «երկարատեւ ժամանակ եւ մեծ միջոցներ է պահանջում»։ Ուստի վարչապետը միանգամայն արդարացնում է ԿԲ-ի՝ մինչեւ 2005 թվականը առեւտրային բանկերի 5 մլն դոլարին համարժեք դրամ կանոնադրական կապիտալ ունենալու պահանջը։ Ավելին, «Առավոտի» հետ զրույցում վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ դրույթի իրականացումը որքան արագ լինի, այնքան «մեր տնտեսությունը կշահի»։ Փաստորեն, ըստ Ա. Մարգարյանի, մեր տնտեսության հիվանդություններից մեկը փոքր բանկերն են, որոնք չեն կարողանում ֆինանսավորել ներքին ներդրողին։ Ուստի ԿԲ-ն՝ կառավարության աջակցությամբ, ենթադրում ենք, որ արդեն լծվել է «Հնգամյակը՝ չորս տարում» կոմունիզմից եկող կարգախոսը կյանքի կոչելուն, որովհետեւ վարչապետը բավական մեծ սրտացավությամբ ընդգծեց, որ «պետք է ունենանք այնպիսի համակարգ, որը ոչ միայն ցուցանիշներ ապահովի, այլեւ բուն նպատակին ծառայի. այսինքն, վարկավորման խնդիրը փոքր կանոնադրական կապիտալով անհնար է կարգավորել»։ Փաստորեն, վարչապետը անուղղակիորեն հաստատեց, որ մինչեւ այժմ մեր տնտեսությունը ընդամենը ցուցանիշներ է ապահովել։ Հիմա, նախընտրական շրջանում, պարզապես անհրաժեշտություն է բարձրացնել մտահոգություններն այն մասին, որ գյուղացուն պետք է օգնել ֆինանսապես, ինչու չէ՝ նաեւ կրթել, որպեսզի նա էլ կարողանա ոչ թե միայն իրեն սնել, այլեւ շահույթ ստանալ ու մեկ էլ տնտեսություն զարգացնել։ Այս ամենը, իհարկե, նորություն չէր նույնիսկ գյուղացու համար։ Տարբեր նախընտրական շրջաններում արդեն առիթ ունեցել ենք «իրատեսական ծրագրերին» ծանոթանալու հաճույքը վայելել։ Վարչապետը, կարծում ենք, մեծահոգաբար մեկ անգամ եւս այդ հաճույքը պատճառեց։ Եվ այս ամենի արդյունքում, որպեսզի փոքր կապիտալ ունեցող բանկերը խորթ զավակի կարգավիճակում չհայտնվեն, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն ընդունեց ֆինանսական գործունեության մասին մի օրենք, որով այդ փոքր կոչվող բանկերը հնարավորություն են ստանում շարունակել իրենց ներկայիս գործունեությունը՝ բանկից վերանվանվելով ֆինանսական գործունեություն ծավալելու իրավունք ունեցող ինչ-որ ընկերության։ Ի դեպ, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ զրույցում այդ մոտեցումը ողջունելով հայտարարեց. «Մրցակցություն է, թող մրցեն ու իրենց դրսեւորեն»։ Այդ դրսեւորման արդյունքում, Խ. Սուքիասյանի համոզմամբ, համակարգը կառողջանա, որից իր բաժին օգուտը կքաղի նաեւ սպառողը։ Պարոն Սուքիասյանը կողմ է նաեւ ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերի նկատմամբ խիստ քաղաքականություն վարելուն։ «Որոշ բանկեր փլուզվում են, որոշները խնդիրներ ունեն՝ նշանակում է նորմատիվներ են խախտվել,- ասում է Խ. Սուքիասյանը,- դրանք պետք է պաշտպանել, իսկ պաշտպանելու համար առեւտրային բանկերի ընդհանուր գործունեությունը պետք է վերահսկելի լինի»։ Բանկի կանոնադրական կապիտալի բարձր լինելու անհրաժեշտությունը, Խ. Սուքիասյանի համոզմամբ, կչեզոքացնի դատաիրավական համակարգում հայտնված եւ միայն 2-3 տարի հետո բանկի սեփականությունը դարձող գրավների ազդեցությունը՝ բանկի ընդհանուր գործունեության վրա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031