ԷՐՆԵԿՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ «Զվարթնոց» օդանավակայանի ամբողջ կազմին՝ 1500 աշխատակիցների, առաջարկվել է գրել աշխատանքից ազատման դիմում։ Այս գործողության պատասխանատվությունն «Առավոտի» հետ զրույցում ստանձնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Նրանց ազատելու հրահանգը պայմանավորված է պայմանագրով, որը նախապես քննարկված է եղել։ Խնդիրն այս է. մեր օդանավակայանում իսկապես 1500 աշխատակիցներ կան, ինչը բացարձակապես աննպատակահարմար է։ Եվ եթե անգամ պրն Էրնեկյանը չլիներ կոնցեսիոները, այլ մենք լինեինք բիզնեսի տեսանկյունից արդյունավետ կառավարողներ, անշուշտ, պե՛տք է իրականացնեինք կրճատումներ»։ Մեր հարցին, թե բոլոր 1500 աշխատակիցներն էլ ավելո՞րդ էին, պրն Հարությունյանն արձագանքեց այսպես. «Քանի որ գործելու է նոր ընկերություն՝ կոնցեսիոներ, այսպես թե այնպես՝ 1500-ն էլ պետք է ազատվեին աշխատանքից։ Եվ մի մասը նորից կընդունվի աշխատանքի կոնցեսիոների մոտ։ Կարծում եմ, գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ «մի մասն» ասելով նկատի ունենք 650-700 հոգու, որոնք այժմ օդանավակայանի աշխատակիցներ են։ Եվ աշխատանքից ազատվելու հաջորդ օրն իսկ, անմիջապես նրանք կընդգրկվեն աշխատանքի՝ կոնցեսիոների մոտ։ Կառավարությունը միաժամանակ ձեռնարկել է քայլեր, որպեսզի մեղմի այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը եւ չառաջացնի սոցիալական մեծ պայթյուն։ Կոնցեսիոների հետ համատեղ մշակվել է մի ծրագիր, որի համաձայն՝ բոլոր ազատվողները 2 տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ստանալու են նոյեմբեր ամսվա իրենց աշխատավարձի 50%-ը։ Խոսքը վերաբերում է աշխատանքից ազատվող այն աշխատակիցներին, որոնք դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն աշխատում էին ընկերությունում եւ աշխատում են մինչեւ օրս»։ Արդյոք չի՞ խախտվում «Աշխատանքային օրենսգիրքը», ըստ որի, 2 ամիս առաջ պիտի զգուշացվեն աշխատանքից ազատման մասին. «Երկու տարբերակ կա եւ աշխատողն ինքն իրավունք ունի ընտրելու։ Իրավունք ունի ասելու, թե չի ուզում այս պահին ազատվել աշխատանքից եւ կստանա 2 ամսվա իր աշխատավարձը։ Սակայն եթե համաձայնում է ազատվել աշխատանքից՝ 2 տարի կստանա 50%-ի չափով իր նպաստը, ինչը շատերի համար շատ ավելի ձեռնտու կլինի, քանի որ դա առնվազն 6 անգամ ավելի շատ է, քան նպաստը, որը նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքով»։ Այսինքն, Դավիթ Հարությունյանը վստա՞հ է, որ չեն լինի սոցիալական պայթյուն եւ բողոքի գործողություններ. «Արդեն նշեցի, որ աշխատողների շուրջ կեսը նորից է ընդունվելու աշխատանքի։ Իսկ մյուս կեսի համար առաջարկվող պայմանները բավական նպաստավոր են։ Նման պայմաններ չեն առաջարկվել երբեւէ»։ Ա. Ի.