Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԸ ԳԱՌԻՆ ՊԱՇՏՊԱ՞Ն

Մայիս 30,2002 00:00

ԳԱՅԼԸ ԳԱՌԻՆ ՊԱՇՏՊԱ՞Ն «Տանիք» կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով «ՀՀ տասնյակ քաղաքացիների՝ խաղաղ, առանց զենքի հանրահավաքի մասնակիցների, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշմամբ վարչական կալանքի եւ տուգանքի ենթարկելու» փաստի վրա։ Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ Սահմանադրության 26 հոդվածով ՀՀ քաղաքացիներին վերապահված իրավունքից օգտված եւ խաղաղ երթերի մասնակցած քաղաքացիների դեմ կիրառվող բռնաճնշումների փաստերը, Ա. Բլեյանն արձանագրել է, որ «դատավորները շահադիտական կամ անձնական այլ դրդումներով կայացրել են անարդար որոշումներ, կատարել հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով (հոդ. 191, 1-ին մաս)»։ Ապա՝ խնդրել է պրն Թամազյանին՝ իր նամակն ընդունել որպես կատարած հանցագործությունների մասին իրավաբանական անձի հաղորդում, եւ Քրդատօրի 190 հոդվածի հիմքով, օրենքով սահմանված կարգով հարուցել քրգործ։ Երեկ Ա. Բլեյանը անդրադարձավ ՀՀ քաղաքացիների նկատմամբ դատարանների կայացրած անօրինական վճիռներին։ Դրանք բացառապես հիմնվել են «Վարչական իրավախախտումների մասին» խորհրդային օրենքի 181/1 հոդվածի վրա։ Ամենաուշագրավն այն էր, որ հիշյալ օրենքին հայ օրենսդիրները մասամբ են անդրադարձել՝ օրենքը դարձնելով ավելի զավեշտական։ Այլ կերպ այն դժվար է մեկնաբանել. «Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը. սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ խորհրդային օրենքները ճշտիվ եւ անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով»։ Հիշյալ մեջբերումը նկատի ունենալով, Ա. Բլեյանը երեկ հեգնանքով նկատեց. «Այս օրենքը լիովին ծառայում է իր նպատակին։ Դրա կիրառումը ներկա վարչախմբին խիստ սազական է»։ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել