Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին է լռում վարչապետը

Մայիս 30,2002 00:00

Ինչի մասին է լռում վարչապետը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ վերջապես մոտեցավ խորհրդարանի ամբիոնին։ Առիթը ՀԺԿ-ական պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հարցն էր այն մասին, որ, շատերի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի գործում կան կազմակերպիչներ, որ ե՛ւ Վիկտոր Դալլաքյանը, ե՛ւ շատերը մտահոգություն ունեն, որ այս մասին հրապարակային կարծիք հայտնողներին կամ նրանց ընտանիքներին հնարավոր է, որեւէ վտանգ սպառնա։ Գրիգոր Հարությունյանին հետաքրքրում էր. կառավարության համապատասխան կառույցներն արդյոք բավարա՞ր միջոցներ են ձեռնարկում մտահոգությունը ցրելու ուղղությամբ։ Պատասխանելով, Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ինքը չի կիսում այս մտահոգությունը եւ մտավախություն չունի, որ դատարանում ցուցմունք տվողների եւ կասկած հայտնողների նկատմամբ իշխանությունների կամ կազմակերպիչների (երեւի նկատի ունի «27»-ի կազմակերպիչներին) կողմից ինչ-որ ահաբեկումներ կլինեն։ Ըստ վարչապետի՝ եթե լինեին, մինչեւ հիմա զգացված կլինեին։ Պատասխանից հետո Գրիգոր Հարությունյանը փորձեց խոսք ասել, վարչապետը՝ արդեն ոչ ամբիոնից, պատասխանեց. «Ձեր պահվածքն էլ է ինձ մտահոգում, բայց ես իմ մտահոգության մասին այստեղ խոսո՞ւմ եմ»։ Ավելի ուշ եւս չխոսեց, երբ «Առավոտը» փորձեց հասկանալ, թե ի՞նչ պահվածք նկատի ուներ վարչապետը եւ ի՞նչ մտահոգության մասին ակնարկեց։ Մեր հարցին մեր տպավորությամբ՝ պատասխանեց ոչ թե որպես երկրի վարչապետ, այլ որպես Մարգարյան Անդրանիկ (ինչը, կարծում ենք, որեւէ երկրի վարչապետին սազական չէ). «Էդ ես առանձին իրան կասեմ, հա՞, ձեզ չէր վերաբերում»։ «27»-ի հանձնաժողովը եզրակացության մեջ կարծիք էր հայտնել, որ իր աշխատանքը արդյունավետ կլիներ, եթե կառավարությունը աջակցեր։ Վարչապետը կարողացավ ասել, որ «կառավարությունը հանձնաժողովի կողմից պաշտոնապես ոչ մի առաջարկություն չի ստացել, եղել է մեկ-երկու դեպք, երբ դիմել են ՆԳ նախարարին»։ Ինչո՞ւ վարչապետը գնահատական չտվեց ՆԳ նախարարի հայտարարությանը, թե իրենց մեկուսարաններն ապահով չեն. «Բայց ի՞նչ գիտեք՝ գնահատական տվե՞լ եմ, թե՞ չէ, էդ գնահատականը ձեր կարծիքով… Որ նախարարի հետ ինչ խոսում ենք, ինչի մասին խոսում ենք, ես պարտավոր եմ գալ բոլորի մոտ հրապարակային ասե՞լ, թե նախարարին ինչ նկատողություն եմ արել կամ ինչ հարցեր ենք քննարկում»։ Ի դեպ, ուժային նախարարներից ոչ մեկը երեկ չէր եկել խորհրդարան, եւ չկարողացանք ճշտել, թե Հայկ Հարությունյանը ինչ նկատողություն է ստացել վարչապետից, կամ ստացե՞լ է արդյոք։ Նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքը մոտ մեկ ամիս առաջ չկայացավ, այն ժամանակ վարչապետն ասաց. երեւի խելոքացել են։ Երեկ ընդդիմադիր ուժերը կրկին սկսեցին նախագահի պաշտոնանկության գործընթացը, հիմա՞ ինչ կասի վարչապետը։ Ահա. «Ճիշտն ասած, իրենց խնդիրն է, ես չեմ ուզում իրենց տեղը պատասխան տալ, խելոքացե՞լ են, որքա՞ն են խելոքացել։ Հավանական է, մնացել են մարդիկ, ովքեր հին ձեւով են մտածում, հարկավոր է նոր բան մտածել։ Դուք չե՞ք զգում, որ բարձրացվում են հարցեր, որոնք ի սկզբանե դատապարտված են։ Այսինքն՝ ինքնանպատակ է այս բոլորը։ Այդ խնդիրը իրենց խնդիրն է, մեր խնդիրը չէ։ Ես չպետք է խորհուրդ տամ, թե ինչպես անեն»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ չի՞ կարծում վարչապետը, որ այս ամենը ինչ-որ մեկի կազմակերպածն է, որը ամենեւին էլ ընդդիմության շահերով չի տառապում. «Էդ թող իրանք իրար մեջ մտածեն, թե ո՞ւմ դրդմամբ է։ Էդ իմ խնդիրը չի, իրանց խնդիրն ա, հիմի ես մեր գործերի մասին մտածե՞մ, թե՞ իրանց խնդիրների մասին մտածեմ, ո՞նց անենք, որ իրանք նորմալ ընդդիմություն լինեն»։ Մեր հեգնանքին, թե՝ մի երկիր է, միասին մտածեք, վարչապետն ասաց. «Ամեն բան իր ժամանակն ունի, մի հինգ տարի առաջ ես էի իրանց վիճակում»։ Մնում է հիշել՝ այդ ե՞րբ էր արդյոք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել