ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է Ընդդիմադիր ուժերը կանոնադրական սողանցք գտան նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցն առանց 44 ստորագրություն հավաքելու օրակարգ ընդգրկելու համար։ Առիթը «27»-ի գործով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունն էր։ Այս ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության ամփոփիչ հատվածում նշված է. «Հոկտեմբերի 27»-ը վտանգեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, եւ հանձնաժողովն արձանագրում է, որ օրենսդիր մարմնի շենքում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները լիարժեք եւ հստակ կատարեին պետության անվտանգությունն ապահովող մարմինները»։ Իսկ ԱԺ նոր կանոնակարգի համաձայն՝ «Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, որն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ»։ Ահա եւ օգտվելով կանոնակարգի ընձեռած այս հնարավորությունից՝ մի քանի պատգամավորներ որոշման նախագիծ ներկայացրին նախագահ Քոչարյանին «պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար»։ Որոշման նախագծի ներքո ստորագրել էին «Ազգային միաբանության» բոլոր 3 պատգամավորները՝ Արտաշես Գեղամյանը, Ալեքսան Կարապետյանը եւ Նապոլեոն Ազիզյանը։ ՀԺԿ-ն ներկայացնում էր Արամայիս Բարսեղյանը, Հայկոմկուսը՝ Խորեն Սարգսյանը, իսկ «Հանրապետությունը»՝ Ղուկաս Ուլիխանյանը։ Վերջինս էլ ներկայացրեց այդ որոշման նախագիծը, որում թվարկված են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության բազմիցս նշված հիմքերը (վերջին 10 տարում ՀՀ-ում չբնակվելով եւ քաղաքացի չլինելով նախագահ ընտրվելը, նստաշրջան չգումարելը, լսումներին զինդատախազի մասնակցությունն արգելելը, առանց վարչապետի առաջարկության՝ պաշտպանության նախարարին ազատելը եւ այլն)։ Սակայն Ղուկաս Ուլիխանյանն իր ելույթում նշեց միայն նոր հիմքը, որը բխում է ժամանակավոր հանձնաժողովի վերոնշյալ եզրակացությունից։ Այն է՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երաշխավորը նախագահն է եւ նա կարող էր ու պարտավոր սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ «Նախագահի կողմից նման միջոցներ չձեռնարկելն առնվազն վկայում է նրա կողմից իր բարձր պարտականություններին չափազանց անփույթ վերաբերվելու մասին։ Իսկ հանրապետության նախագահի նման գործելակերպում դիտավորության հնարավոր առկայության փաստը, որով հանրապետության նախագահի գործողությունները կարող են որակվել որպես տեռորիստական ակտի կազմակերպում՝ մասնագիտական ուսումնասիրության եւ գնահատականի կարիք ունի,- նշված է որոշման նախագծում։- ԱԺ-ն բավարար հիմքեր ունի այդ հանցագործությունը հանրապետության նախագահի կողմից կատարելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար»։ Նախաձեռնողները նաեւ հիշեցրել են, որ Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է պաշտոնանկ արվել «պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։ Թերեւս շփոթահար վիճակն էր պատճառը, որ իշխանամետ ուժերը երեկ հարկ եղած ուժգնությամբ չկարողացան հակադարձել ընդդիմության այս նախաձեռնությունը, որ լիովին կանոնակարգի շրջանակներում էր։ ԱԺ ամբիոնից հատուկենտ արձագանքներ եղան որոշման նախագծին։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հանձնաժողովի մի մասին մեղադրեց, թե կասկածներն ԱԺ-ի մակարդակի բարձրացնելու նպատակ էին հետապնդում, ինչը եւ արեցին՝ եզրակացության վերոհիշյալ հատվածով։ Աղվան Վարդանյանի գնահատականով, սա պետության դեմ ուղղված ոճրագործությունն իշխանափոխության նպատակին ծառայեցնելու սցենարի մի մասն է. «Վստահ եմ, որ սա եւս արդյունք չի ունենալու»։ Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը մեկը մյուսից ծանր մեղադրանքներ նետեց, ըստ որի, ստացվում էր, թե Քոչարյանի պաշտոնանկությանը հասնել փորձողները վտանգում են պետության կայունությունը, խարխլում պետականության հիմքերը, «շարունակում «Հոկտեմբերի 27»-ը եւ ջուր լցնում մեր հակառակորդների ջրաղացին»։ Հիշեցնենք, որ ժամանակին ՀՅԴ-ի համար էլ էր նախագահի հրաժարականը պահանջելը քաղաքական պայքարի միջոց։ Ուստի այս մեղադրանքները կարող են նաեւ հենց իրենց վերադարձվել։ Ելույթ ունեցավ նաեւ Տիգրան Թորոսյանը եւ մեղադրանքների շարքը համալրեց եւս մեկով, թե «Հոկտեմբերի 27»-ը դարձել է «քաղաքական շահարկումների ակնհայտ առարկա»։ Նա նշեց, թե չի քննարկվում «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման նախաձեռնությունն իրոք շեղեց եւ ստվերում թողեց այդ եզրակացությունը։ Թեեւ այն ներկայացվեց գրեթե դատարկ դահլիճի առջեւ, ու ելույթ ունեցողներն էլ հիմնականում հանձնաժողովի անդամներն էին՝ հաշվետվության քննարկման ընթացքում էլ հնչեցին ուշագրավ դատողություններ։ Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը, որ ներկայացնում էր հաշվետվությունը, նշեց. «Գերատեսչական մարմինները մեզ աջակցություն ցույց չեն տվել՝ դա միանշանակ է։ Միայն մի փաստ ասեմ՝ մինչ օրս էլ կան փաստաթղթեր, որ չենք կարողացել ձեռք բերել»։ Հանձնաժողովի առջեւ ծառացած խոչընդոտներն իր միջամտությամբ չվերացնելու, աշխատանքներին չաջակցելու համար մեղադրվեց նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները շեշտում էին, որ այս հանձնաժողովն առավել խորացրեց հոկտեմբերի 27-ից հետո առկա կասկածները։ «Չփարատվեցին եւ խորացան, որովհետեւ հանձնաժողովին գործելու հնարավորություն չտվեցին»,- ասաց ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը։ Ստեփան Զաքարյանը նկատեց, որ եթե պետական մարմինները հնարավորինս բաց աշխատեին ու համագործակցեին հանձնաժողովի հետ՝ կցրվեին կասկածները. «Ղուկաս Ուլիխանյանի եւ մյուս ընկերների նախաձեռնությունը հենց այդ կասկածների խորացման պատճառով է»։ Թեեւ Գագիկ Կոստանդյանն արդեն իր անունից ելույթում պնդեց, թե ոչ հերքել, ոչ էլ հաստատել են ահաբեկիչների ետեւում ուժերի առկայության հարցը, եւ հանձնաժողովում ընդգրկված «քաղաքական ուժերը հետեւողական չեղան նաեւ իրենց հետաքրքրող փաստերի հայտնաբերման ուղղությամբ»։ Վիկտոր Դալլաքյանը քննության կարոտ էր համարում, թե ովքեր են սնունդով եւ հագուստով ապահովում հանցագործներին. «Հարց է առաջանում, թե իր բառերով՝ «սոված» Վռամ Գալստյանը, որը մինչեւ ահաբեկչությունը բազմանդամ ընտանիքի (թոշակառու հայրը, մայրը, կինը եւ 3 երեխաները) միակ կերակրողն էր, ի՞նչ միջոցներով է Մարտունիից պարբերաբար ստանում ծանրոցներ»։ Ֆիլարետ Բերիկյանի համոզմամբ՝ «27»-ի դավադրության կազմակերպիչների նպատակն էր՝ «սպանել եռյակից 2-ին, երրորդը մնում է անընդհատ կասկածի տակ»։ Կասկածի վտանգավոր «որդը» վերացնելու ճանապարհը պրն Բերիկյանը համարել էր հասարակության համար բաց քննարկումները եւ դրա համար մտել «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողով։ Եթե նպատակն իրոք դա է՝ չկա թերեւս ավելի լավ ճանապարհ, քան կասկածները մեկ անգամ ամբիոնից բարձրաձայն ասելը եւ դրանք քննարկելը։ Այս առումով, ինչքան էլ քի՛չ հավանական է, որ կհաջողվի 66 ձայն հավաքել (թեկուզ գաղտնի քվեարկությամբ) Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցի մասին ՍԴ-ից եզրակացություն ստանալու համար, անհավանական, որ ՍԴ-ի եզրակացությունը կլինի դրական, եւ լիովի՛ն անհավանական, որ դրանից հետո էլ կգտնվեն արդեն 88 պատգամավորներ, որոնք կողմ կլինեն նախագահի պաշտոնանկմանը՝ միայն այն փաստը, որ հաջողվեց առաջիկա եռօրյա նիստերի քննարկման հարց դարձնել «Հոկտեմբերի 27»-ի գործում Ռոբերտ Քոչարյանի դերակատարության վերաբերյալ հարցը, հրապարակավ հայտարարել առկա կասկածների մասին՝ արդեն իսկ ընդդիմության նվաճումն է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ