Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄՆ Է ԼԻՆԵԼՈՒ 21-ՐԴ ԴԱՐԸ

Մայիս 30,2002 00:00

Ո՞ՒՄՆ Է ԼԻՆԵԼՈՒ 21-ՐԴ ԴԱՐԸ «Հայաստան-Սփյուռք» 2-րդ համաժողովն էլ պատմություն կդառնա։ Հնարավոր է՝ կրկին համաժողով կլինի եւ հնարավոր է, այդ ժամանակ ուրիշ մեկը կլինի երկրի նախագահը, երկրի վարչապետը եւ երկրի Ազգային ժողովի նախագահը։ Ու այս ուրիշները, հնարավոր է՝ չհիշեն այսօրվաններին, ինչպես այսօրվանները կարողացան չհիշել Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին։ Որեւէ մեկը չի ըմբոստանա, եթե ասենք, որ նրանք լոկ վարչապետ եւ լոկ Ազգային ժողովի նախագահ չէին։ Նրանք մեր ժողովրդի հերթական վարչապետ կամ հերթական ԱԺ նախագահ չէին։ Նրանք ժողովրդի վերածննդի երկրորդ շնչառության պահի վարչապետն ու ԱԺ նախագահն էին։ Եվ Համահայկական առաջին վեհաժողովի պաթոսը, ոգեւորությունը եւ սպասելիքների անչափելիությունը նաեւ նրանցով էր պայմանավորված, նրանց անձով։ «Հայաստան- Սփյուռք» 2-րդ համաժողովի ժամանակ որեւէ մեկը չէր կարող Վազգեն Սարգսյանի համարձակությամբ Սփյուռքին իր տեղը ցույց տալ եւ ցույց տալ նաեւ, թե որտեղ է կամ ինչ է Հայաստանը, որեւէ մեկը չէր էլ համարձակվի Համաժողովի ամբիոնից հայտարարել, թե «21-րդ դարը մերն է լինելու»։ Ո՞նց հայտարարեն, երբ ընդամենը կարող են նվնվալ՝ «Հայաստանը փոքր երկիր է, մենք պետք է տարածաշրջանում ճիշտ կողմնորոշվենք, չմոռանանք, որ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը փոխվել է» եւ այլն։ Թերեւս պատահական չէ, որ երկրի վարչապետի աթոռը այսօր զբաղեցնող մարդը նույնիսկ բերանը չբացեց ամբողջ վեհաժողովի ընթացքում, իսկ ԱԺ նախագահի աթոռին բախտի բերմամբ տիրացածը ինչպես միշտ հերթական թռիչքի մեջ էր՝ «հայդե՝ Ֆինլանդիա»։ Եվ պետք չէ պատահական համարել, որ Արմեն Խաչատրյանը ամեն անգամ, երբ իրեն հրավիրում են «Հոկտեմբերի 27»-ի գործով որպես տուժած հարցաքննվելու, երկրում չի լինում։ Վիրավոր թեւն այլեւս չի ցավում, իսկ հոգու եւ մտքի հիշողությունը ոմանց մոտ շատ կարճ է լինում։ Վազգեն Սարգսյանը Սփյուռքին ներդրումների համար սարեր չխոստացավ. «Չնայած ծանր պայմաններին, Հայաստանի տնտեսությունը մեծ պոտենցիալ ունի։ Մենք կփորձենք ձեզ համոզել… Ոչ մեկի աչքը չենք հանի։ Դիպլոմատիկ լեզվով ասած՝ մեր միասնությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այն գործելու է հանուն եւ ոչ թե ընդդեմ։ Մենք պարտավոր ենք բարձրացնել մեր համազգային դիմադրողականությունը»։ Առաջին վեհաժողովից ուղիղ 35 օր անց տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը եւ «համազգային դիմադրողականությունը» չհասցրինք բարձրացնել։ Երկրում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտագաղթի թեմայով խոսողներին այլեւս ծուռ-ծուռ են նայում՝ իբր հերիք եղավ, հայտնի բաներից խոսեք, մինչդեռ երկրի նախագահը հայտարարում է. «Արդյունքում տնտեսական աճի բարձր տեմպեր են, Հայաստանի վարկանիշի բարձրացում որպես բիզնեսի համար գրավիչ երկրի»։ Մինչ մենք մեր չունեցածով ենք պարծենում, մինչ շարունակում ենք լռել հիմնականի մասին. «Աշխարհի ուժեղները տեսեք թե ուր են հասել, մենք դեռ մտածում ենք՝ շտապե՞լ, թե՞ չշտապել, ըսե՞լ, թե՞ չըսել՝ Հայաստանը՝ Սփյուռքին, Սփյուռքը՝ Հայաստանին։ Ինչի՞ն սպասել, սիրելի բարեկամներ, ինչո՞ւ չըսել, կան հարցեր, որոնք պետք է Սփյուռքը առանց կաշկանդվելու Հայաստանին ըսե։ Եվ որպեսզի ասել-չասելու այս հարցը համակարգվի, արանքից դուրս գա, լայն վստահության որեւէ մարմին անպայման պիտի ծնվի եւ որքան շուտ՝ այնքան լավ»։ Այդ մարմինը այդպես էլ չծնվեց, որովհետեւ Երկրորդ վեհաժողովի ժամանակ եւս Սփյուռքը երաշխիքներ էր ակնկալում, Սփյուռքը դեռ տատանվում էր՝ տա՞, թե՞ չտա, բերի՞ իր փողերը Հայաստան, թե՞ դեռ սպասի։ Սփյուռքը շարունակում է Հայաստանը դիտել որպես երկիր, որը վստահություն չի վայելում, երկիր, որտեղ կոռուպցիան այլեւս անցնում է չափ ու սահմանը, երկիր, որտեղ «տանիք» է հարկավոր նույնիսկ օտար ներդրողին (այս դեպքում՝ սփյուռքահային)։ Վազգենի նման ո՞վ կհամարձակվի այսօր հուզական լինել, ո՞ւմ սիրտն է ցավում էս երկրի համար, ո՞ւմ համար է էս երկիրը հայրենիք եւ ոչ թե «բիզնեսի համար գրավիչ երկիր»։ Ու քանի դեռ այդպես չէ, քանի դեռ ոմանց խոսքում նվնվոցն է իշխելու, ուրիշների խոսքում՝ ոչ հայկական հայերենը, եւ իշխանության նպատակը լինելու է ոչ թե երկիրը պահելը, այլ՝ իշխանությունը, իսկ Սփյուռքը գալու է հայրենիք «քիչ մը պտտելու», Մասիսով զմայլվելու եւ երկքաղաքացիություն պահանջելու՝ դիմացը տալով իր երկմտանքը, իր կասկածամտությունը, իր՝ հայրենիքի մեջ «բիզնեսի համար գրավիչ երկրի» փնտրտուքը, ուրեմն վեհաժողովից վեհաժողով ունենալու ենք միայն չոր հաշվետվություն չարածի մասին, երկու եկեղեցու կաթողիկոս, որոնք շարունակելու են իրար զննել որպես զուգահեռ գծեր, այդպես էլ չգտնելով իրենց մեջ մերձավորի հետ միաբանվելու քրիստոնեական մղումը (քաղաքական խաղերն ո՞վ կխաղա), սա է լինելու եւ ոչինչ ավելին։ … Իսկ Վազգենը լավատես էր։ Ինքն է ասել «Հայաստան-Սփյուռք» առաջին վեհաժողովի ժամանակ ու դահլիճը ինքնամոռաց ծափահարել է։ Ասել է՝ լավատես է, հավատում է, որ էս երկիրը երկիր է դառնալու. «Դրա համար մի բան է պետք՝ օգտագործել շանսը, չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այն այսօր, այս պահից եւ հավատացեք, 21-րդ դարը մերն է լինելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել