Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Մայիս 29,2002 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում նվաճեց նաեւ հանրապետության գավաթը՝ վճռորոշ խաղում 2։0 հաշվով հաղթելով երկրի անցած տարվա առաջնության արծաթե մեդալակիր «Զվարթնոցին»։ «Փյունիկի» ֆուտբոլիստները ամբողջ խաղի ընթացքում հստակ կատարեցին արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսի հանձնարարականները եւ արժանի հաղթանակ տարան։ Այդ բանը նրանց հաջողվեց անել նաեւ ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ։ Հենց սկզբից «Փյունիկը» խաղին բարձր տեմպ հաղորդեց ու պահեց մինչեւ հանդիպման վերջ։ Դրա փոխարեն «Զվարթնոցի» խաղացողները միայն սկզբնամասում ի վիճակի եղան դիմանալ առաջադրված ծանրաբեռնվածությանը։ Այնուհետեւ նրանք աստիճանաբար տեղի տվեցին, որն էլ արագորեն արձանագրվեց նաեւ հաշվում։ Առաջին գոլը գրանցվեց արդեն 17-րդ րոպեին։ Աչքի ընկավ Դիավարա Մամադուն, որը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց դարպասը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին վարպետությամբ փայլեց Արտավազդ Քարամյանը, որն օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, կրկնապատկեց հաշիվը։ Իրենց անվան դիմաց գոլ գրանցելու լավ հնարավորություններ բաց թողեցին Արման Քարամյանը եւ «Փյունիկի» արգենտինացի լեգեոներ Միգել Անխել Սիստերան։ Թվում էր, թե «Զվարթնոցը» վճռական գործողությունների կդիմի խաղը փրկելու համար, մանավանդ Մամադուի եւ Արտավազդի՝ դաշտից հեռանալուց հետո, սակայն գործադրած ջանքերն անարդյունք դուրս եկան։ «Փյունիկը» Հայաստանի գավաթին տիրեց երկրորդ անգամ՝ վեցամյա ընդմիջումից հետո։ Սա նաեւ թիմի երկրորդ մրցանակն էր այս մրցաշրջանում արգենտինացի Օսկար Լոպեսի ղեկավարությամբ։ Հիշեցնենք, որ վերջերս «Փյունիկը» նվաճել էր նաեւ Հայաստանի «Սուպերգավաթը»՝ 2։1 հաշվով պարտության մատնելով հանրապետության անցած տարվա գավաթակիր Աշտարակի «Միկային»։ Հիմա «Փյունիկին», որպես Հայաստանի չեմպիոնի, լուրջ քննություն է սպասվում արդեն հուլիսին, երբ թիմը պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել