Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկվածների արվեստը՝ ինչպես որ կա

Մայիս 29,2002 00:00

Ազատազրկվածների արվեստը՝ ինչպես որ կա Ինչո՞ւ եք ինձ զրկել ազատությունից… Բա չե՞ք վախենում, Որ բանաստեղծություն կգրեմ բանտում։ Վահան Հարությունյան Իմ հրապարակման հերոսներն այսօր գտնվում են հանրապետության քրեակատարողական հիմնարկներում։ Ուղղիչ, բայց… չաշխատանքային հիմնարկներում։ Նրանք դատապարտված են առժամանակ հեռու գտնվել հասարակությունից, մեզնից, քանզի ազատազրկված են։ Սակայն ազատազրկված չէ նրանց հոգեւոր կյանքը, նրանց հոգին, խոսքը, որը քանդակ եւ նկար է, բանաստեղծություն եւ պատմվածք։ Արմենը մահապատժի խցից անգամ շարունակում է ինձ ծաղրանկարներ ուղարկել եւ արեւ կա այդ ծաղրանկարների ներսում։ Ազատության մեջ մենք արեւի քաղց չենք զգում։ Նույնիսկ… մրսում ենք արեւից։ Սերգեյը հավակնում է տարվա հրապարակախոսը լինել։ Նրա ընթերցողներին հիմա կարող եմ ասել, թե ինչո՞ւ եմ հետաձգել հանդիպումները. իրենց հեղինակը փշալարերի ետեւում է։ Կոշի գաղութում գտնվող Վիգենի կարծիքով, «ստեղծագործությունը չի կարելի թողնել ժամանակի հույսին»։ Նա չափազանց համեստ է իր բանաստեղծությունները բնութագրելիս. «Սրանք ինստիտուտից սովորած ու դասավորված բառեր չեն։ Սրանք իմ հոգին արտահայտող տողեր են։ Դուրալի թե անդուր, հարուստ թե թույլ։ Բայց սրանք իմ սրտի զարկերն են եւ դու գործ ունես ոնց բժիշկ՝ մի ծեծված սրտի հետ. քեզ եմ վստահում ինձանից ծնվածը»։ Բանտարկությանս ձիգ տարիների Խոր քաղցը արդեն ոսկրիս է հասել Ուզածս մորս թխած հացը չէ։ Անքուն գիշերների տանջալի տենդից Մաշկիս տակ ասես մրջյուններ լինեն Ուզածս մի կուշտ հանգիստ քունը չէ։ Իմ երազներում թափառ ու մոլոր Ու թեւակոտոր մի հավք է հոգիս Ուզածս միայն մեծ թռիչքը չէ։ Ուզել-չուզելու այս լաբիրինթում Ես չեմ հասկանում Վերջապես ի՞նչ է, ուզածս ի՞նչ է Այս հին աշխարհից։ Կոշեցի մեկ այլ ազատազրկված՝ Հ. Պ.-ն հրաշք պատկերներ ունի։ «Հոգնած ծունկս զարկվում գետնին ու ընկնում է… թեւատարած»։ Ծաղկած փշալարեր չեն նրա համար փշալարերը, այլ «անձրեւի ուլունք» հիշեցնող կաթիլներով սահմաններ։ Անձրեւ է գալիս, Ու գիշերը հոգնած Թեքվում է քնի… Մայթերը թաց են, Ծառերը թաց են, Իմ երազածը… մի կտոր հաց է։ Անձրեւն էլ ասես Անձրեւ չէ, լաց է… Քնած գաղութում հազար երազանք Ու հազար երազ, Գաղութում քնած հազար տան ճրագ, Հազար մոր զավակ… Անձրեւ է գալիս նրանց երազին։ Բանաստեղծ-դատապարտյալը հարցնում է. ինչո՞ւ, ինչո՞ւ։ Եվ հետո գտնում պատասխանը. «Ինչու-ն… գնացք էր, եկավ-անցավ աշխարհով այս»։ Հավք-թռչունը ամենակերպարն է ազատազրկվածների գրականության մեջ. «Թռիր-գնա, հանկարծ չմտնես պատուհանից ներս։ Դու իմ հոգին ես»։ Արթիկից Կարենը նկարներ էր ուղարկում, որում ես այդպես էլ չտեսա երազ-հավքին ճաղերի ետեւում պատկերված։ Կամ շղթայված։ Եվ ոչ մի դատապարտյալի պատկերներում չենք տեսնի «դատապարտյալ» թռչունի։ «Իմ երազներից ծնվեցիր, հավք իմ»,- գրում է դատապարտյալ Գ. Մ.-ն, որի զգացողությամբ երազը չի… ազատազրկվում, երազը շարունակելի է թռիչքի նման։ Վանաձորի թիվ 3 մեկուսարանից Հ. Սուրոն նկարներ է ուղարկել. Աստվածամայրն ու ծաղիկներն անպակաս են նրա գործերում. «Բանտախուցն իմ պարտեզ կսարքեմ, Անմեղ արցունքով ծաղիկ կջրեմ…»,- գրում է նա։ Ապա շարունակում. Հոգեվարքի օրեր անցա, Նստած խորհում եմ հիմա, Ազատություն, քեզ եմ կանչում, Հույսով լցված իմ ապագա… Սուրենի քանդակները (տես՝ պատկերված) նրա տրամադրություններն են. ափերում պահված սիրտը, խաչի հետեւում թաքնված օձը։ Առհասարակ, ազատազրկվածների՝ խմորից պատրաստած քանդակներում գերակշռում են սիրտն ու օձը։ Սիրտը, ըստ նրանց, իրենց վստահությունն է, հավատարմությունը, օձը դավադրություն է, հարված թիկունքից։ Խաչերը նշանակում են. հույսներս Աստծո վրա է։ Երբ սպառվել են բոլոր… դատական «ներպետական» ընթացակարգերը։ «Շնորհակալ ենք բոլոր ջանքերիդ համար,- գրում են ինձ մի խումբ կալանավորներ,- որ փորձում ես ինչ գնով էլ լինի «Առավոտի» էջերում ամրագրել մեզ համար ամենակարեւորը՝ մեր արժանապատվությունը, մեր ապրելու-խոսելու իրավունքը, մեզ անբնական օտարացումից նորից վերադարձնելու դեպի հավաքականություն»։ Ես նույնպես շնորհակալ եմ «ճաղերից», ինչպես կասեր նախկին դատապարտյալը. «Նրանք իմ մեջ թարմ են պահում լույսի կարոտը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031