Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՎԱՆՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Մայիս 29,2002 00:00

ԽՈՍՏՈՎԱՆՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Երեկ «Հայրենիք-Սփյուռք» խորհրդաժողովի հոգեւորական մասնակիցներից մեկը՝ տեր Մեսրոպ Հունանյանը, հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների հանձնաժողովի աշխատանքների ամենաթեժ պահին, երբ խոսվում էր ԱԳՆ-ին կամ նախագահին կից՝ մամուլը համադրող օղակի ստեղծման մասին: Քահանան առաջարկեց ստեղծել վստահության հեռախոս՝ հայտնելով իր պատրաստակամությունը լսելու բոլոր խոստովանությունները։ Ինչի համար հանձնաժողովի աշխատանքները համադրող Տիգրան Նաղդալյանը նրան խորհուրդ տվեց առաջարկությունը վերահասցեագրել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Ի դեպ, ամենասակավամարդն այն սրահն էր, ուր աշխատում էր այն հանձնաժողովը, որն ի թիվս այլ խնդիրների, քննարկում էր Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը Հայաստանի՝ համաշխարհային, Սփյուռքի՝ հայաստանյան տեղեկատվական աղբյուրներից օգտվելուն վերաբերող խնդիրներ։ Նույնիսկ հայաստանյան ԶԼՄ-ները ազատ եւ անկախ «դարձնելու» փորձեր արվեցին։ Ամենակրքոտ ելույթները հնչեցին Կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում. դահլիճում նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Հանձնաժողովի աշխատանքները համադրող Լեւոն Մկրտչյանը հատկապես կարեւորեց մի քանի առաջարկներ։ Դրանք են՝ Հայաստանում կրթական ցանցի ստեղծման (որ մինչեւ 2005թ. պետք է ավարտվի), «Հայրենիք-Սփյուռք» ուսումնական կենտրոնի գաղափարները, Հայաստանի համալսարաններից մեկին ռեգիոնալ կարգավիճակ եւ միջազգային ծրագրեր տալու հնարավորությունը, Հայագիտական հանձնաժողովի ստեղծումը եւ այլն։ Լ. Մկրտչյանը նշեց նաեւ, որ լեզվի հարցում դժվար է գալ ընդհանուր հայտարարի. հարցը բարձրացված է. «Հետագայում ավելի ակադեմիական քննարկումների կարիք կլինի»։ Բժիշկ, հոգեբույժ Կարապետ Զաքարյանն էլ գտավ, որ ճիշտ կլիներ. «Աս խումբերը գնան շոգեկառքի կայարան, օդակայարան, ավտոբուսներու կայարան՝ տեսնելու, թե ինչպես են հայերը երկիրը թողնում։ Ոչ թե ռեստորաններում սուրճ խմելով զգալ, թե ինչ կկատարվի»։ Նա համոզված է, որ եթե 50-60 երկրներում եղած կարող հայերից յուրաքանչյուրը որդեգրի մի գյուղաքաղաք կամ գյուղ օգնելու գաղափարը, գուցե շատ բաներ 5 տարուց շտկվեն։ Նա մի տխուր եզրակացության էր հանգել. «Լուրջ մարդիկը խոսում են այն տեսակ հարցերու մասին, որ չի լուծում ժողովրդի վիճակը»։ Տնտեսության եւ սոցիալ-տնտեսական զարգացման հանձնաժողովը երեկ քննարկեց սոցիալական խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Նաեւ արձանագրեց, որ յուրաքանչյուր երկրի կայուն զարգացումը անհնար է առանց տնտեսական եւ սոցիալական զարգացման։ Կարեւորվեցին հատկապես երեխաների, կանանց իրավունքներին, փախստականներին եւ սոցիալապես խոցելի խմբերին վերաբերող հարցերը։ Քաղաքական խնդիրների Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հանձնաժողովը, որ մայիսի 27-ին արդեն քննարկել էր համազգային առաջնահերթությունների վերաբերյալ Հայաստանի եւ Սփյուռքի մոտեցումները, այս անգամ էլ անդրադարձավ քարոզչություն ենթադրող արտաքին քաղաքական խնդիրներին։ Հանձնաժողովի աշխատանքը համադրող Հարութ Սասունյանը (ԱՄՆ հայկական ֆոնդի նախագահ) խնդրեց ոչ միայն «իրարու հանդեպ ազնիվ ըլլալ եւ կարճ խոսիլ», այլեւ հնարավորինս զուսպ արտահայտվել։ Սրան հակառակ, ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը մի ամբողջ դասախոսություն կարդաց լոբբինգ հասկացության մասին՝ պատմական էքսկուրս կատարելով 1960-ական թվականներ եւ վերադառնալով մեր ժամանակներ։ Հետաքրքրական էր ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի ելույթը, որով արձանագրում էր ռուսական իրականության մեջ հայկական լոբբինգի փայլուն հաջողությունները։ Նա հիշեց, թե ինչպես է տարիներ առաջ, իր կապերի շնորհիվ, ընդամենը 2 շիշ հայկական կոնյակով (Վ. Ժիրինովսկու անունը կրող պիտակով) նրա ֆրակցիային քվեարկել տվել հօգուտ Հայաստանին տրվող 120 մլն դոլար վարկի։ Ըստ նրա, դեռեւս խորհրդային տարիներին այդ երեւույթը Հայաստանում լավ հիմքեր ուներ. «Մի քանի շիշ կոնյակի ու նվիրատվությունների միջոցով Խորհրդային Հայաստանի ղեկավարները Հայաստանն ապահովում էին հարյուրավոր միլիոնների վարկերով ու հզոր ռեսուրսներով»։ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Եղիկ Ճերեճյանի առաջարկություններն առավել գործնական էին։ Նա դժգոհեց նախորդ ելույթներից, ասելով, որ բնավ կարիք չկար պատմական թափառումների։ Ե. Ճերեճյանը առաջարկեց ստեղծել Հայաստան-Սփյուռք քաղաքական հարաբերության կառույց եւ նրա մեջ ներգրավել ավանդական երեք կուսակցությունների ներկայացուցիչներին, տարբեր երկրների հայ պատգամավորներին ու նախարարներին, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան անձանց եւ այլն։ «Մինչեւ հիմա Հայաստանի քաղաքական քարոզչությունը տարերայնորեն կկատարվեր»,- ասաց նա, հուսալով, որ ստեղծվելիք կառույցը իրար կկապի ոչ միայն Հայաստանն ու Սփյուռքը, այլեւ կանոնավոր կապեր կստեղծի հենց Սփյուռքի գործիչների միջեւ։ Նա առաջարկեց անգամ այդ կառույցի հովանավորությամբ քաղաքական պարբերաթերթ հրատարակել, որը աշխարհով մեկ կտարածի հայ քաղաքական միտքը։ Վերջում էլ հորդորեց ներկաներին, թե փորձը փորձանք չէ, ուրեմն «ինչո՞ւ չձեռնարկինք»։ Խորհրդաժողովի մասնակիցները աշխատանքների ավարտից հետո մեկնեցին Սարդարապատ՝ մասնակցելու Սարդարապատի ճակատամարտի 84-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձին եւ «Հայաստան- Սփյուռք» երկրորդ համաժողովին նվիրված մեծ միջոցառմանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել