Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն մտածում «կաշառակեր չինովնիկին կրթելու» մասին

Մայիս 29,2002 00:00

Չեն մտածում «կաշառակեր չինովնիկին կրթելու» մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տնակից տեղափոխվեց շենքային տարածք՝ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեում։ Նոր տարածքի հանդիսավոր բացման շնորհանդեսին, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղի ունեցավ բանավիճային բնույթի մտքերի փոխանակություն։ ՀՔԱ կազմակերպության ներկայացուցիչ հյուրերի կողմից առավելապես շոշափվեցին հայ-ադրբեջանական հակամարտություններին առնչվող հարցեր։ ՀՔԱ Հայաստանի կոորդինատոր Անահիտ Բայանդուրը դժգոհեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են այդ հակամարտությունների, լարվածության թուլացման նպատակով իրենց համապատասխան ծրագրերն իրականացնելուն, փոխադարձ այցելություններ կազմակերպելուն։ Իմ այն հարցին, թե 1989-98թթ. եւ 1998-ից հետո ընկած ժամանակահատվածների միջեւ (համեմատական կարգով) ինչպիսի՞ն է վիճակը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, Ա. Բայանդուրը նկատեց, որ 1998թ. հետո հայ-թուրքական հարաբերությունները բարելավվել են։ Քննարկմանը շոշափվեցին նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ մայրաքաղաքի համեմատ մարդու իրավունքների խախտումները Վանաձորում առավել զանգվածային բնույթ են կրում (նա ընդգծեց հատկապես ապօրինի ձերբակալությունների հանգամանքը)։ Իբրեւ քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր խոչընդոտ, Ա. Սաքունցը մատնանշեց տոտալիտար մտածողության առկայությունը՝ հին սերնդի առանձին ներկայացուցիչների մոտ (Հարկ է հավելել նաեւ նոմենկլատուրային անհանդուրժողականությունը- Գ. Հ.)։ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ ներկայումս իրենց առաքելությունը մարդու իրավունքների ուսուցումն է, սակայն ընդգծեց, որ իրենք չեն մտածում «կաշառակեր չինովնիկին կրթելու» մասին, այլ ցանկանում են նոր սերնդին դաստիարակել, որ նա այդպիսի չինովնիկ չդառնա։ «Մարդու իրավունքների վիճակը ոչ միայն լավ չի, այլեւ ողբալի է»,- այդուհանդերձ նկատեց Գ. Մանուկյանը, շեշտելով, որ իրավունքները խախտվում են իշխանական համակարգի կողմից, բայց, ըստ նրա, «Մենք չպետք է մոռանանք, որ պետության դերը մեծ է եւ անփոխարինելի»։ Այսպիսով, նա կարեւորում էր այսպես կոչված «պետական մտածողության» դերը։ Ուզենք՝ չուզենք, իրավական հարցերը ցանկացած լսարանում հասցվում է քաղաքական հարթություն, քանի որ հենց քաղաքականությունը կամ քաղաքական ուժերն են այսօր հարցեր վճռում նաեւ իրավական ոլորտում։ Պատահական չէ, որ քննարկմանը մասնակից հյուրերին մտահոգում էին նաեւ գալիք ընտրությունները, եւ նրանցից մեկը նկատեց, թե հազիվ որեւէ մեկը հավատա, որ արդար ընտրություններ են լինելու։ Քննարկման ժամանակ նորահայտ իրավապաշտպան մի կազմակերպության ներկայացուցիչ կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է ստեղծել քաղաքի իրավապաշտպանների գործունեությունը համակարգող, օմբուդսմենի կարգավիճակով մի կառույց, որ իրենց գործունեությունը արդյունավետ լինի, բարձրացրած հարցերին օրենսդրորեն ընթացք տրվի։ Կարծում ենք, որ եթե բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների՝ «թղթի վրա» գոյություն ունեցող մասը իրենց հնարավորության 1/3-ի չափով գոնե գործունեություն ծավալեր, ապա մարդու իրավունքներն այդքան զանգվածաբար չէին խախտվի եւ օմբուդսմենը չէ, որ պետք է աշխատեցնի այդ կազմակերպություններին։ Չենք կարող չնկատել, որ այսօր շարքային լրագրողները ազատ կամ ընդդիմադիր մամուլում առհասարակ ավելի շատ են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող որոշակի հարցեր բարձրացնում (որոնք, ի դեպ, հասարակական հնչեղություն ստանալու արդյունքում երբեմն նաեւ լուծում են գտնում), քան՝ իրավապաշտպան կազմակերպությունների մի մասը։ Դժբախտաբար, լրագրողների բարձրացրած հարցերը (որոնք առնչվում են իշխանությունների կամ նրանց մաս կազմող «իշխանիկների» կողմից մարդու իրավունքների ոտնահարմանը) առավել հաճախ այդ նույն իշխանությունները դիտում են որպես «քաղաքական շահարկում», «պատվեր», ճիշտ նույն կերպ՝ որոշ դեպքերում «շահարկում» են դիտում նաեւ ոչ միայն իրավապաշտպանների, այլեւ ԱԺ որոշ պատգամավորների բարձրացրած հարցերը, եթե դրանք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031