Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՇԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Մայիս 29,2002 00:00

ԱՐՄԱՇԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ Սահմանամերձ այս գյուղի շրջանավարտները զրկված են բուհ ընդունվելու հնարավորությունից Արարատի մարզի Արմաշ գյուղը շատ մոտ է Երասխավանին, որից քիչ այն կողմ Նախիջեւանի Սադարակ գյուղն է՝ բարձունքի հետեւում։ Այս եւ կից բարձունքները չզիջելու, պահելու համար 20 զոհ ունեցանք։ Զոհվեցին նաեւ տարբեր սեռի ու տարիքի խաղաղ բնակիչներ Արմաշ եւ Երասխ գյուղերի վրա ընկնող արկերի տարափից։ Արմաշից ու Երասխավանից է միայն, որ Մեծ Մասիսն ու Փոքրը ոչ միայն ամենաճիշտ դիրքով ու տեսքով, այլեւ անչափ մոտ են երեւում։ Արմաշը շատ սովորական մարդկանցով հոգսաշատ մի «շեն» է՝ անջուր, ասել է թե՝ անշուք ու անհրապույր (չկան երբեմնի վարդաստաններն ու ծառաշատ տնամերձները)։ 2648 բնակիչ ու զոհվածի 8 ընտանիք ունի Արմաշը։ Արկերից տուժած տներն ու դպրոցը դեռ կրում են պատերազմի վերքերը։ Ծայրը ծայրին հազիվհազ է հասցնում արմաշցին ու, չնայած բազում դժվարություններին, գյուղից արտագաղթի հոսք չկա, դպրոցի դասամատյանների անվանաթերթիկներն էլ չարաբաստիկ օղակներով լեցուն չեն, ինչպես այլ տեղերում։ Տնօրեն Վոլոդյա Զեյնալյանը (նրա եղբայրն էլ զոհվել է Երասխի մարտերում՝ Մովսես Գորգիսյանից մեկ օր հետո) նշեց, որ երեք առաջին եւ ճիշտ այդքան էլ տասներորդ դասարան ունեն, սակայն ցավով ավելացրեց, որ հաջորդ տարիներին աշակերտների թիվը կտրուկ կպակասի՝ ծնունդների նվազման պատճառով։ Դպրոցն այսօր 540 աշակերտ եւ 40 ուսուցիչ ունի։ Ուսուցիչները հարցնում էին՝ աշխատավարձի բարձրացման հույս կա՞ արդյոք, ախր ապրել, երեխա պահել-մեծացնել այլեւս հնարավոր չէ։ Գյուղապետ Հակոբ Զեյնալյանը դպրոցին հնարավորինս օգնում է (մարզական գույք, մասնակի վերանորոգումներ, ուսուցիչներին տոների կապակցությամբ դրամական օգնություն, բնամթերք), սակայն մարդաշատ ու աշակերտաշատ սահմանամերձ այս գյուղին պետական հոգածություն, համազգային աջակցություն է պետք։ Փոխտնօրեն Քնարիկ Սարգսյանն անկեղծ ափսոսանքով հայտնեց, որ լավ սովորող աշակերտներ ունեն, սակայն վերջիններս կրթությունը բուհում շարունակելու մասին չեն էլ մտածում, քանի որ ոչ մեկը հնարավորություն չունի գյուղից տեղաշարժվելու եւ արդեն քանի՜ տարի։ Իսկ շրջակա արտեզյան ջրերը անարգել հոսում են հարեւան հանրապետություն, շռայլորեն ջրում-ողողում «հարեւանի» այգիներն ու բանջարանոցները, մինչդեռ մեր հողը մեր իսկ ջրերին կարոտ է։ Լսող չկա։ Իսկ Արմաշ գյուղի խաղողի ու ծիրանի շեն այգիներից միայն ցավեցնող հուշ է մնացել ու այդ հուշի պատճառած կսկիծը գրեթե չի զիջում պետական սահմանի այն հատվածի կորստյան ցավին, որը տասնամյակներ առաջ Իրանը մեծահոգաբար զիջեց Թուրքիային՝ Նախիջեւանի հետ ընդհանուր սահման ունենալու վերջինիս ցանկությանն ընդառաջելով։ Օրվա գերտերությունն էլ շա՜տ մեծահոգի ու բարի գտնվեց այն ժամանակ ու դեմ չեղավ այդօրինակ առեւտրին։ Արմաշից շատ լավ է երեւում կրկնակի կորսված այդ հատվածը՝ Սադարակից մինչեւ Մեծ Մասիսի գրեթե կեսը ձգվող։ Վերջին տարիներին գյուղեր են հայտնվել Արաքսի այն ափին՝ հիշյալ հատվածում։ «Թուրքաբնակ չեն, քրդական են»,- նշում է դպրոցի տնօրենը, բայց ցավը դրանից չի մեղմանում։ Իսկ Արմաշ գյուղը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր պետության համար, այսօր ոչ միայն կենարար ջրի, այլեւ ուսուցիչների մեծ կարիք ունի։ Քիմիա, կենսաբանություն, անգլերեն, ռուսաց լեզու առարկաների 2-ական ուսուցիչ է հարկավոր դպրոցին… ու պետական, համազգային աջակցություն՝ չարտագաղթող, չարտահոսող այս ամրոց-շենին։ ԱԼՎԱՐԴ ԷՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031