Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալ տաքացումը լուրջ «հիվանդության» նախանշան է

Մայիս 29,2002 00:00

Գլոբալ տաքացումը լուրջ «հիվանդության» նախանշան է Երկրագնդի տաքացման խնդիրը պարբերաբար հայտնվել ու անհետացել է համընդհանուր ուշադրության դիտակետից։ Դեռեւս 80-ական թվականներին էկոլոգներն արդեն ահազանգում էին, որ «ջերմոցային էֆեկտի» առաջացումը անհանգստության տեղիք է տալու։ Այսօր այդ անհանգստությունը հավակնում է դառնալ վաղվա թիվ 1 խնդիրներից մեկը երկրագնդի ողջ բնակչության համար։ Ի՞նչ կանխատեսումներ են անում մասնագետները։ Արդյոք հնարավո՞ր է կանխել էկոլոգիական չարիքը։ Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք բնապահպանության նախարարությունում գտնվող «Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագրի աշխատակիցներին։ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի գնահատման 3-րդ զեկույցի համաձայն՝ մինչեւ 2100թ. գետնամերձ օդի ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 աստիճանով։ Ի՞նչ են նշանակում այդ թվերը։ Այս պահին մենք չենք զգում կլիմայի փոփոխության ուղղակի ազդեցությունը մեզ վրա, հետեւաբար չենք էլ կարող գիտակցել դրա իրական սպառնալիքը։ Դեռեւս սահմանված չէ խոցելիության աստիճանը, ոչ ոք դեռեւս չի պատկերացնում դրա հետեւանքներն ու լրջության չափը։ Այնուամենայնիվ, խնդիրն ակնհայտ է։ Մասնագետները կանխատեսում են. «Կլիմայի փոփոխությունը կանդրադառնա կենսական կարեւորագույն բնագավառների վրա։ Առաջին վտանգը գլոբալ մակարդակով ջրային ռեսուրսների նվազումն է։ Մարդկությունը կբախվի խմելու ջրի պաշարների վերացման հետ։ Միեւնույն ժամանակ կավելանան անձրեւները, սակայն անձրեւներն արագ կգոլորշիանան՝ երաշտի պատճառ դառնալով (այս վտանգն իրեն զգացնել է տալիս նաեւ Հայաստանի պայմաններում)։ Սպասվող աղետն առաջին հերթին մարտահրավեր է նետում երկրագնդի ցածրադիր առափնյա շրջաններին եւ փոքր կղզիներին։ Հալչող սառույցն ու ծովի ջրի տաքացումը կարող են բարձրացնել ծովի մակարդակը, եւ վերջիններիս ճակատագիրն արդեն դժվար չէ կանխորոշել»։ Այս վտանգը Հայաստանին չի վերաբերում։ «Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագրի օգնականը զգուշացրեց, որ օդի տաքացումը կնպաստի որոշ հիվանդությունների (սրտանոթային, աղիքային, ժանտախտի, մալարիայի համաճարակ) արագ տարածմանը, անտառային «վիրավոր» ֆոնդի կրկնակի վնասմանը, բերքատվության նվազմանը եւ այլն։ Վերջերս մասնագետները որոշեցին շարժվել. 1992թ. ընդունվեց ՄԱԿ-ի կոնվենցիան, 1997-ին Կիոտոյի արձանագրությունը։ Եթե առաջինը խրախուսում է, ապա երկրորդը պարտավորեցնում է զարգացած, հարուստ երկրներին կրճատել արտանետումների քանակը 5%-ով։ Բայց այդ երկրներից շատերը, այդ թվում ԱՄՆ-ն, հրաժարվում են վավերացնել վերջին փաստաթուղթը։ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, նման պարտավորություններ չունի։ Արդյունքում՝ ստեղծվել է ոչ այնքան բարեհույս մի իրավիճակ՝ գլոբալ տաքացման խնդիրն արդեն սպառնում է, իսկ արտանետումների քանակը մնում է նույնը։ Արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի 3 անգամ ավելի շատ է աղտոտում շրջակա միջավայրը, քան երրորդ աշխարհի որեւէ պետության քաղաքացին։ ՍՈՖԻ ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել