Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻ. ԾԽԱՑՈՂ ՔԱՂԱՔԻ ՄԽԱՑՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

Մայիս 29,2002 00:00

ԱԼԱՎԵՐԴԻ. ԾԽԱՑՈՂ ՔԱՂԱՔԻ ՄԽԱՑՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ Հայաստանում հազիվ գտնվի մի քաղաք, որտեղ վերջնականապես անիմաստ դառնա ապրելը: Չնայած դրան, Ալավերդի քաղաքի դպրոցական, 15 ամյա Գոհարիկ Օհանյանն իր հայրենի բնակավայրում ապագա չի տեսնում: Նա ասում է, որ քաղաքում չկան ժամանցի հետաքրքիր վայրեր, քաղաքում մնացել են միայն ծերերը, քոլեջներ հաճախող աղջիկները եւ իր բառերով՝ «չսովորող տղամարդիկ»: Այնուամենայնիվ, Ալավերդիում քիչ չեն գեղեցիկ հագնվող սիրունատես աղջիկները: Գոհարիկը չի բացառում, որ եթե կան այդպիսի աղջիկներ, նշանակում է՝ հենց քաղաքում կան տղամարդիկ, որոնց սիրո կամ ուշադրության կարիքն ունեն նրանք: Երիտասարդներից մեկը դժգոհում է, որ Ալավերդիում չկա մանկական այգի: Նա ասում է, որ մինչեւ 92 թվականը դիսկոտեկ են ունեցել, իսկ այսօր իրենց դիսկոտեկը քաղաքը շրջապատող անտառներն են, որտեղ զվարճանում են միայն տղաները: Քաղաքի կենտրոնական փողոցում, երկրաշարժից ժառանգած մի տնակի մեջ դպրոցականները բացել են մի խաղասրահ, որտեղ ամեն օր կուտակվող աղբի մեջ նրանք զբաղվում են թղթախաղով: «Հուսադրող քաղաքականությունը» Ալավերդի չի հասել Ալավերդին չունի վաճառվող տներ: Ըստ 30-ամյա Սեյրան Կոնինյանի, այս տարի ընդամենը մեկ անգամ քաղաքում երեք սենյականոց մի բնակարան է վաճառվել 300 դոլարով: Իրիկնային քաղաքում յուրաքանչյուր շենքում վառվում են հատուկենտ բնակարանների լույսերը: Ըստ օրերս տեղի ունեցած ընտրություններում քաղաքապետի թեկնածու Լարիսա Փարեմուզյանի, 110 բնակիչ ունեցող ցանկացած շենքում այսօր ապրում է լավագույն դեպքում 40 մարդ: Ըստ Բագրատաշենի շուկայի տնօրենի, մինչեւ այսօր քաղաքում արտագաղթի տեմպերն այնքան են աճել, որ «1 տարվա ընթացքում 120 տղամարդու անձամբ է օգնել անցնելու սահմանից այն կողմ»: Քաղաքում իսպառ բացակայում է գիշերային լուսավորությունը: Բնակչությունը տեղեկատվություն է ստանում բացառապես «Հայլուր» լրատվական ծրագրից: Ալավերդցիները չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի «հուսադրող քաղաքականության» շնորհիվ լավանում է երկրի բնակիչների կյանքը: Առայժմ, ըստ նրանց, այդ քաղաքականությունն Ալավերդի չի հասել: Կիսանդրիով ընտրություններ Մոտ 30 հազար բնակչություն ունեցող քաղաքն օրերս ունեցավ վերջին 10 տարում իր 5-րդ քաղաքապետը: 17 հազար 391 բնակչից, ըստ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Քոչարյանի, ընտրություններին մասնակցեց 6638-ը կամ ընտրողների 39,5 տոկոսը: Հիմնական ընտրողները ծերեր էին: Քաղաքապետի արդեն հաղթած թեկնածուն՝ Բագրատաշենի շուկայի տնօրեն Սարիբեկ (Գերաս) Օհանյանը քաղաքի համար կարեւորում է մտավոր կապիտալի բազայի ստեղծումը եւ քաղաքային նոր գերեզմանատան տարածքի ձեռքբերումը: Ի դեպ, տիկին Փարեմուզյանի վստահված անձ Անահիտ Դանիելյանը տեսագրել է մի ծեր կնոջ խոստովանությունը, ըստ որի վերջինս պարոն Օհանյանին ընտրելու համար նախապես ստացել է մի քանի կիլոգրամ ալյուր: Քաղաքապետի տեղակալ Լեւոն Աղինյանն ասում է, որ այս ընտրությունները վտանգի տակ են դրել քաղաքում միջազգային ծրագրերի իրագործումը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունները չեն կարող աջակցել ոչ բարձրագույն կրթություն չունեցող եւ շուկայի տնօրեն աշխատած մարդուն, ոչ էլ իշխանությունների հետ խնդիրներ ունեցող մյուս թեկնածուին: Ի դեպ, քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ տեղեկացրեց, որ Սարիբեկ Օհանյանը խոստացել է ընտրվելու դեպքում հասնել նրան, որ մեկ տարվա ընթացքում քաղաքում կառուցվի իր կիսանդրին: «Դու հո աղանդավոր չե՞ս» 37-ամյա Վաչիկ Կիրակոսյանն աշխատանքից զրկվել է Հայաստանի անկախացումից հետո: Նա ունի երկու երեխա: Ընդ որում, Վաչիկի 7 հոգանոց ընտանիք մտնող միակ գումարը վերջինիս մոր թոշակն է: Իսկ ի՞նչն է Վաչիկին պահում Ալավերդիում: «Էս քաղաքից ու՞ր փախչենք»,- ասում է օրը ցերեկով ջրագծի խողովակին նստած գործազուրկը: 29 տարեկան Արման Ավագյանը բանակից տուն է վերադարձել ինը տարի առաջ եւ մինչեւ այսօր ոչ մի տեղ չի կարողացել ընդունվել աշխատանքի: Ըստ նրա, բնակիչների մի ստվար զանգվածն իր ապրուստը հոգում է քաղաքը շրջապատող անտառներից մոշ, հոն կամ մասուր հավաքելով: «Սեզոնին մարդա 200 հազար դրամ է աշխատում»,- ասում է Սեյրան Կոնինյանը: Քաղաքապետարանի հրապարակած վիճակագրական տվյալներով, քաղաքում կա ուղիղ 407 պետական հաստիքով աշխատատեղ: 85 միլիոն դրամ դոտացիոն պարտք կուտակած քաղաքում կա ընդամենը երկու մուրացկան: Ալավերդցիներն ասում են, որ քաղաքում մուրացկանների «քչությունը» պայմանավորված է պտղատու անտառների «շատությամբ»: «Ուտելու բան միշտ կգտնվի»,- տեղեկացնում են նրանք: Հարկատուներն իրենց համարում են մի կերպ մխացող մարդիկ: Նրանք շփոթված էին լրագրողի ոգեւորությունից, ըստ որի՝ «երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկիրն անտեր չի թողնի»: Նրանք անիմաստ համարեցին ինձ հետ անկեղծանալը: «Ախպեր, դու հո աղանդավոր չե՞ս»,- հետաքրքրվեցին ալավերդցիները: Սիրիային կմիանան Սերժ Սարգսյանի շնորհիվ Ալավերդին մի քաղաք է, որտեղ տեղեկատվության փոխանցումը տեղի է ունենում փողոցում կամ տնամերձ տաղավարներում միմյանց «ջանսաղությունը» հարցնելուն զուգահեռ: Օրինակ, այստեղ ասում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր է նոր քաղաքապետի միջոցով Վալերի Մեջլումյանից վերցնել «Մանես-Վալեքս» լեռնամետալուրգիական գործարանը եւ տալ իր եղբորը՝ Սիրիայում ՀՀ դեսպան Լեւոն Սարգսյանին: «Թերթերը գրել են այդ մասին»,- վստահեցնում են տեղացիները: Ընդ որում, թերթերում գրածի մասին նույնպես լսել են եւ ոչ թե կարդացել: Մարզպետ Հենրիկ Քոչինյանը նրանց բառապաշարի բաղկացուցիչ մասն է: Ասում են, որ քաղաքապետի վերջին ընտրություններում Սարիբեկ Օհանյանի ընտրարշավի ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է մարզպետը: Լեռնամետալուրգիականն ազատվում է աշխատատեղերից Քաղաքապետարանում Ալավերդին համարում են թունավոր եւ մահացու հիվանդությունների եռացող կաթսա: Ըստ քաղաքապետի տեղակալ Լեւոն Աղինյանի, լեռնամետալուրգիական գործարանի աշխատանքի արդյունքում ուռուցքային հիվանդությունների թիվը հասնում է 20 տոկոսի, բարձրացել է մանկական մահացության ու թոքային հիվանդությունների տոկոսը: Գործարանը, ըստ նրա, թունավոր արտանետումների դեմ պայքարի համար տարեկան 120 հազար դոլար է փոխանցում պետական բյուջե: Նախատեսված է, որ կառավարությունն այդ գումարի 40 տոկոսը պետք է փոխանցեր քաղաքապետարանին: Սակայն նման բան այդպես էլ, ըստ պարոն Աղինյանի, տեղի չունեցավ: Դա չեղավ նույնիսկ այն բանից հետո, երբ անցյալ տարի Ազգային ժողովը հատուկ որոշում ընդունեց գործարանի մուծած բնապահպանական վճարներից մասհանումներ կատարել Ալավերդիի քաղաքապետարանին: Օրերս գործարանում 750 աշխատողից 250-ը կրճատվել է: Խոսում են նույնիսկ այն մասին, որ իրականում աշխատակիցների թիվը չի անցնում 200-ը: Սա առավել ճշմարտանման է, քանի որ գործարանի խողովակից ծուխ է դուրս գալիս, մինչ ներսում ոչ ոք չկա: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել