Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «Ա1+»-ԻՆ

Մայիս 29,2002 00:00

ԱԳՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «Ա1+»-ԻՆ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող խմբի ղեկավար դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն, ըստ մամուլի հրապարակումների, նշել էր, թե «Ա1+»-ի եթերից զրկվելն օրենքի շրջանակներում է եղել եւ հիմնավորված։ Այս հրապարակումներից հետո «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը մայիսի 23-ին դիմում էր հղել պրն Ագոյին, որում ասված է. «Մեր հեռուստաընկերությունը մեծ կարեւորություն է տալիս այն փաստին, որ հեռարձակման մեր արտոնագրից զրկվելու հարցը, ի շարս այլ խնդիրների, քննարկել եք Հայաստանում Ձեր հանդիպումների ընթացքում։ Դուք տեղյակ եք, որ «Ա1+»-ի գործն այժմ քննվում է դատարանում։ Եվ մեր հայցում նշված է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն «Ա1+»-ին հեռարձակումից զրկել է օրենքի խախտումներով։ Ձեր ամփոփիչ ասուլիսից հետո լրատվամիջոցները տարածել են հաղորդագրություն, որում Ձեզ վկայակոչելով նշվել է, թե ընդունում եք, որ «Ա1+»-ը փակվել է օրենքի շրջանակներում, սակայն, առանց որոշակիացնելու, թե ինչ փաստաթղթերի վրա է հիմնված Ձեր տեսակետը։ Մենք երախտապարտ կլինեինք, եթե Դուք հերքեիք կամ հաստատեիք այս հաղորդագրությունները»։ Երեկ պատասխան է ստացվել դեսպան Ագոյից, որում նա մասնավորապես նշել է, թե Հայաստանի իշխանությունների հետ իրոք քննարկել է մամուլի եւ խոսքի ազատության հարցերը. «Այս համատեքստում արծարծվել է «Ա1+» հեռուստաընկերության հեռարձակման արտոնագիրը չեղյալ համարելու հարցը։ Մենք, սակայն, չենք քննարկել այն մրցույթի օրինականության հարցը, որն ավարտվեց Ձեր ընկերությանն արտոնագրից զրկումով։ Մենք միայն շեշտել ենք, նաեւ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում, որ Հայաստանի համար ճիշտ չէ չունենալ առնվազն մեկ հեռարձակող կայան, որն ընդդիմությանը հնարավորություն կընձեռեր արտահայտել իր տեսակետները։ Այս համատեքստում նախագահը խոստացավ, որ կլինի նոր մրցույթ եւ այն կունենա հնարավորինս թափանցիկ ընթացք։ Նախագահը նույնիսկ առաջարկեց, որ Եվրախորհրդի փորձագետներն էլ ընդգրկվեն այդ գործընթացում։ Սա արտացոլում է այն, ինչ ես ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել