Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն էլ կթան կով չէ

Մայիս 29,2002 00:00

Հայաստանն էլ կթան կով չէ Մեր հասարակական մտքում կան երկու բեւեռային մտայնություններ՝ ծայրահեղ էտատիզմը, ըստ որի՝ պետությունից բարձր եւ կարեւոր ոչինչ չկա, եւ մարդկանց էթնիկական պատկանելությունը որեւէ նշանակություն չունի, եւ ծայրահեղ ազգայնականությունը, որի համաձայն՝ ամեն ինչ որոշվում է արյան ազգային բաղադրությամբ: Այսօր պետական այրերի մոտ գերիշխողը կարծես թե երկրորդ մտայնությունն է, որը տարածվում է նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունների վրա: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները կապեր են հաստատում ոչ թե Սփյուռքի հետ, այլ միայն Սփյուռքի մեծահարուստների հետ, եւ այդ կապերը փոխշահավետ են ոչ այնքան մեր պետության եւ ժողովրդի, որքան այդ մեծահարուստների եւ իշխանավորների համար: Հաճախ կարելի է լսել՝ «Սփյուռքը կթան կով մի՛ դարձրեք»: Իսկապես՝ շատ ցավալի է, երբ հայաստանցիները, արտասահմանում հայտնվելով, ընկնում են սփյուռքահայերի դռները եւ ծամոնի փող մուրում: Բայց դա այնքան սարսափելի չէ, որքան Հայաստանում սփյուռքահայ «ներդրողներին» գերարտոնություններ տալը, այդ թվում նաեւ՝ հայաստանցի գործարարների շահերը ոտնահարելով: Այդ դեպքում իրավացի կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարող կառավարությունը այդ արտոնությունները անշահախնդիր է տալիս: Մյուս կողմից. ինչո՞ւ հենց Գեֆեսճյաններն ու Էրնեկյանները պետք է Հայաստանում գերշահութաբեր բիզնես անեն: Ի՛նչ է, Հայաստանը կթան կո՞վ է նրանց համար: Բիզնեսը հենց այն ոլորտն է, որտեղ արյան էթնիկական բաղադրությունը առանձին դեր չի խաղում: Ստեղծենք հավասարապես լավ պայմաններ բոլոր ներդրողների համար, եւ հայ, թուրք, թե ճապոնացի բիզնեսմենները կցանկանան գործ դնել Հայաստանում: Այլ բան է քաղաքականությունը, տեղեկատվությունը, գիտությունը, մշակույթը, կրթությունը: Ամենուր, բացի քաղաքականությունից, իսկապես հնարավոր է փոխշահավետ համագործակցություն Սփյուռքի հետ: Եվ այստեղ Հայաստանը ավելի շատ բան ունի տալու Սփյուռքին, քան հակառակը: Համեմատեք ցանկացած հայաստանյան եւ սփյուռքահայ թերթ, ցանկացած հայաստանյան եւ սփյուռքահայ հեռուստաալիք, եւ ուրիշ օրինակներ այլեւս պետք չեն լինի: Չնսեմացնելով Սփյուռքի մտավոր ներուժը, հիշենք, որ մերձավորարեւելյան քաղքենիական գավառամտությունը /«first class»-ով եկած ենք, Փարիզեն կոշիկներն առած ենք/, ինչպես նաեւ՝ մոսկովյան «բրատոկների» նեղճակատությունն այն գանձերը չեն, որ անպայման պետք է ներմուծվեն հայաստանյան մշակույթ եւ հոգեւոր կյանք: Քաղաքականության մեջ պետք է, հավանաբար, գերակշռի էտատիզմը՝ անել այն, ինչ ձեռնտու է Հայաստան պետությանը: Սփյուռքահայերի զգացմունքներին, տեսիլքներին, պահանջատիրությանը տուրք տալը կարող է հակասել մեր պետության շահերին: Այս տարածաշրջանում ապրելու ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, եւ Գլենդելից կամ Բեյրութից մեզ հայրենասիրական «յորդորակներ» ուղարկելը շատ դյուրին գործ է: Այդ մարդկանց կարելի է խորհուրդ տալ. եթե այդչափ հայրենասեր եք, եթե ձեր սիրտը այդքան ցավում է Հայաստանի համար, ապա եկեք եւ ապրեք Հայաստանում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել