Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Մայիս 29,2002 00:00

«Ա1+»-Ը՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԵՄԻՆ «Ա1+»-ի փորձը կարող է դաս դառնալ այլ հեռուստաընկերությունների համար, քանզի Ազգային հանձնաժողովը կարծես պատրաստվում է միշտ գնահատել նաեւ «ներքին համոզմամբ»։ «Նույն դատավորը, երբ առաջնորդվելով օրենսդրությամբ վճիռ է կայացնում, սկզբից ձեւավորում է իր ներքին համոզմունքը եւ հետո վճիռ կայացնում, այսինքն՝ առաջնորդվում է իրավագիտակցությամբ ու ներքին համոզմունքով»,- այս զուգահեռով է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը փորձել հիմնավորել, թե ինչու է արդարացված, որ իրենք էլ են ներքին համոզմամբ գնահատել հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները։ Իսկ այս պարզ բանը չհասկացողներն արժանացել էին պրն Ամալյանի «տգետներ եւ անգրագետներ» որակմանը։ Հանձնաժողովի խիստ ուսյալ եւ գրագետ նախագահը թերեւս հարկ է, որ պատասխանի հետեւյալ հարցին. եթե դատավորների պարագայում Քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով է սահմանված, որ նրանք «քրեական գործերը եւ նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա», ո՞ր օրենքի ո՞ր դրույթն է իրենց «ներքին համոզմունքը» մեջտեղ բերելու իրավասություն տվել Ազգային հանձնաժողովի անդամներին։ Չկա՛ նման դրույթ, եւ իզուր է Ազգային հանձնաժողովի նախագահն իրեն համեմատում դատավորի հետ։ «Մեր երկիրը հիվանդ է՝ բոլորը տառապում են մեծամտությամբ, ինքնավստահությամբ, ամենախելոքը երեւալու մարմաջով։ Եվ այդ հիվանդությունն արդեն այնքան է խորացել, որ դարձել է պետության խնդիր, որը կարոտ է լուծման»,- ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։ Ազգային հանձնաժողովի նախագահին նա խորհուրդ տվեց՝ քանի որ ո՛չ հեռուստատեսության, ո՛չ ռադիոյի ոլորտին իրազեկ չէ եւ չունի գնահատելու իրավունք՝ իր «ներքին համոզմունքը» տարածել միայն անձնապես իրեն վերաբերող երեւույթների վրա, իսկ որպես պետական պաշտոնյա պիտի հիշի. «Կա օրենք եւ ինքը պարտավոր է ծառայել օրենքին ու ոչ թե այն փորձի հարմարեցնել, ենթարկեցնել սեփական պատկերացումներին»։ Նրա հետ զրույցի առիթը թեեւ «Այբ-Ֆե» օրաթերթի գրանցումն ու «Ա1+»-ին առնչվող նոր զարգացումներն էին, բայց հնարավոր չեղավ խուսափել Գրիգոր Ամալյանի հրապարակային մի քանի հայտարարություններին անդրադարձից։ Այս էլ որերորդ անգամ՝ նա եւ նրա տեղակալը թափանցիկ ակնարկներ են անում, թե «Ա1+»-ը միտումնավոր էր մրցութային այնպիսի առաջարկ ներկայացրել, որ զրկվի եթերից եւ քաղաքական շահարկումների առիթ դառնա որոշ ուժերի համար։ «Ամալյանը կարո՞ղ է պատկերացնել, թե իր ձեռքով կսպանի սեփական երեխային,- հարցրեց Մեսրոպ Մովսեսյանը։- Բայց նա կարողանո՞ւմ է, չէ՞, պատկերացնել, թե մենք կարող էինք սպանել մեր ստեղծած ու փայփայելով պահպանած «Ա1+»-ը, որ ինչ-որ մեկը գոռգոռա։ Սա արդեն հասնում է անհեթեթության»։ Ի դեպ, մենք առաջարկեցինք «Ա1+»-ի փակման գործում իր դերակատարությունն ունեցած Ազգային հանձնաժողովի հետ բանավեճը չտեղափոխել անձնական հարաբերությունների մակարդակ։ Քանզի նաեւ բացառված չէ, որ «Ա1+»-ը փորձի դիմել այլ կապուղիների արտոնագիր ստանալու համար, իսկ այս պայմաններում հանձնաժողովը թերեւս «մունդիրի պատվի» հարց դարձնի «Ա1+»-ին մերժելը։ Սակայն Մեսրոպ Մովսեսյանը չհամաձայնեց. «Դիմելու դեպքում էլ՝ պարտավոր են խոնարհաբար տրամադրել մասնագետներին»։ Նաեւ նշեց. «Ամալյանն իր հարցազրույցներով փորձում է դուրս գալ առաջին պլան՝ որպես այս պատմության հիմնական գործող անձ, բայց ես նրան որպես թշնամի չեմ ընդունում՝ դա ծիծաղելի կլիներ։ Նույնը կլիներ, եթե ջուր չունենալու համար մեղադրեի «ԺԷԿ-ի վադապռավոդչիկին»։ Ռոբերտ Քոչարյանը դեսպան Ագոյին խոստացել էր, որ եթե «Ա1+»-ը մասնակցի մրցույթի՝ այս խնդիրն անպայման լուծվելու է։ «Ես, իհարկե, ըստ արժանվույն եմ գնահատում նախագահի խոսքերը։ Բայց դա չի նշանակում, որ եթե մասնակցենք մրցույթի՝ մեզ պետք է նվիրեն կապուղի։ Ես չեմ ուզում նման նվեր»։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանն իր այդ խոստմամբ չապացուցե՞ց, թե մրցույթում հաղթելն էլ է իր արտոնմամբ որոշվում՝ մեր այս հարցին պրն Մովսեսյանի պատասխանն էր. «Շատ այլ բաներ էլ ապացուցվեցին, որ նախագահի հրահանգով են կատարվում՝ մեր դատավարությունները եւ այլն։ Սա մեր երկրի ամոթն է՝ դատավորը ծիծաղելով է կարդում իր գրած վճիռը։ Արժե, որ նախագահն առաջին հերթին սրա մասին մտածի, այլ ոչ թե այդքան հետաքրքրվի «Ա1+»-ի ճակատագրով։ Այդ հետաքրքրությունն էլ է ինձ համար կասկածելի»։ Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ «Հանրային հեռուստաընկերությունն» առանց որեւէ մրցույթի ստացել է 48 դեցիմետրային կապուղին, որն անգամ նշված էլ չէր հաճախությունների այն իբր ամբողջական ցանկում, որ տարեսկզբին հրապարակել էր Ազգային հանձնաժողովը։ Եվս մի ապացույց, թե ուղղակի սուտ էին այն պնդումները, որ չկան ազատ հաճախություններ։ Արդյոք «Ա1+»-ը ծրագիր ունի՞ նվաճել որեւէ այլ հեռուստաալիք. «Շատ այլ ծրագրեր էլ ունենք։ Կան անակնկալներ, որոնք առայժմ չէի ցանկանա բացահայտել»,- ասաց պրն Մովսեսյանը։ Զրույցի վերջում անդրադարձանք նաեւ «Այբ-Ֆե» լրատվական գործակալության օրաթերթին։ Հաշվի առնելով, որ «Այբ-Ֆե»-ի հեռուստատեսային տարբերակը դիտում էին շուրջ 1 մլն հեռուստադիտողներ, արդյոք այժմ խիստ չե՞ն սահմանափակվի ու նեղանա շրջանակները, քանզի տպագիր լրատվամիջոցների լսարանն ուղղակի անհամեմատ ավելի փոքր է։ «Այո, եթե սովորում ես ամենօրյա շփման մեծ լսարանի հետ՝ բավականին դժվար է հետ վարժվելը,- համաձայնեց «Ա1+»-ի նախագահը։- Բայց առաջին օրերին մեր լսարանն ընդհանրապես սահմանափակվել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցի 15 շենքի տարածքով եւ միայն իրար էինք փոխանցում տեղեկատվությունը։ Փառք Աստծո, այժմ լսարանը նորից ընդլայնվել է, վաղը մեծանալու է կրկին։ Իսկ որոշ ժամանակ անց, համոզված եմ, նվաճելու ենք հեուստադիտողների նույն լսարանը, եւ նրանք դեռ ավելանալու են»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել