Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԻՐԻՆ ՈՒ ԻՐ ԽՈՒՄԲԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Մայիս 29,2002 00:00

ՆԱԻՐԻՆ ՈՒ ԻՐ ԽՈՒՄԲԸ ՀՈԳԵՎԱՐՔ ԵՆ ԱՊՐՈՒՄ «27»-ի ոճրագործությունն իրականացրած ամբաստանյալների ու վերջիններիս թիկունքում թաքնվող կազմակերպիչների զուգահեռ ջանքերով կառուցված եւ իշխանությունների կողմից պաշտպանվող վարկածը՝ 5 ռոմանտիկ վրիժառուների մասին, գործի դատաքննության վերջին օրերի ընթացքում ավազե դղյակի նման քանդվում է: Դատական վերջին նիստերում բոլոր տուժողներն առայժմ համերաշխ են եղել ամենաառանցքային հարցերում՝ 99-ին ԱԺ-ում կատարվածը հեղաշրջում էր՝ կազմակերպված եւ ծրագրավորված, ԱԺ դահլիճում ոճրագործները շատ որոշակի ուժերի եւ նրանց խոստացած օժանդակության են սպասել, ահաբեկիչների թիկունքում միանշանակ կան դեռեւս չբացահայտված կազմակերպիչներ: Ահավասիկ այս՝ ԱԺ դահլիճում ոճրագործների խոսակցություններից արված մեջբերումներով համեմված ու դրանցով փաստարկված գնահատականներն են, որ հունից հանել են ամբաստանյալներին: «27»-ի գործողություններից տուժածների դատաքննական ցուցմունքները, ինչպես երեւում է, խառնում է հեղաշրջման հեղինակների խաղաթղթերը, եւ նրանք սկսում են նյարդայնանալ, որովհետեւ դատաքննությունն ակնհայտորեն շեղվում է վերջիններիս սցենարից: Ամբաստանյալներն ի զորու չեն ազդել դրա վրա եւ սեփական անճարակությունից ստիպված են «անցանկալի» ցուցմունք տվողներին հոգեբանական ճնշման ենթարկել: Ավելին անել ճաղերի ետեւում գտնվողները չեն էլ կարող: Դատական վերջին նիստերից մեկի ժամանակ ահաբեկիչների սպառնալիքներն արձանագրելով՝ փաստաբան Ա.Սարգսյանը հայտարարել էր, թե վերջիններս ահաբեկչությունը շարունակում են նաեւ դատարանի դահլիճում: Այդ գնահատականին միանշանակ համաձայն էր նաեւ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, որն այս շաբաթ որպես տուժող դատարանում ցուցմունքներ էր տվել ու «վաստակել» ամբաստանյալների անբարեհաճությունը: Իսկ վերջինս կրկնել էր իր նախաքննական ցուցմունքը՝ «27»-ը կազմակերպված էր, հեղաշրջում էր, ուղղված էր «Միասնության» դեմ, ահաբեկիչների թիկունքում կան որոշակի ուժեր եւ այլն: Նա վկայել էր նաեւ, թե Ն.Հունանյանը ԱԺ դահլիճից կապվել էր կոնկրետ մարդկանց՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի եւ ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հետ՝ մեկին «զեկուցելով», թե բոլորին «սատկացրել է ու մի բան էլ ավելին», մյուսին հիշեցնելով, թե նրա հետ ուղիղ եթեր ապահովելու պայմանավորվածություն են ունեցել եւ այլն: Ահա սրան հետեւել էր պատգամավորին ուղղված Ն.Հունանյանի հարցը՝ կատարվածը հեղաշրջո՞ւմ էր: «Ես պատասխանել եմ՝ այո»,-պատմեց Է.Խուդաբաշյանը: Ամբաստանյալը հարցրել էր նաեւ, թե պատգամավորը երբեւէ լսե՞լ է՝ հեղաշրջումն ինչ է: «Ես դրա ականատեսն եմ եղել»,- ի պատասխան նետել էր Է.Խուդաբաշյանը: Կարեն Հունանյանն էլ իր հերթին հայտարարել էր՝ «Ես հարցեր չունեմ դատապարտվածներին»: Իսկ ահա Վռամ Գալստյանը դատական նիստի ընդմիջմանը պարզապես հայհոյել էր պատգամավորին: Ի դեպ, դատավոր Ուզունյանը, որ շա՜տ նախանձախնդիր է ամբաստանյալների արժանապատվությունը չվիրավորելու հարցում, որը սաստում է տուժող պատգամավորների վստահ հայտարարությունները՝ ամբաստանյալներին մահապատժի ենթարկելու մասին, հետեւողականորեն չի արձագանքում ամբաստանյալների լկտի ու ցինիկ պահվածքին, թեեւ դրա համար բավարար եւ նույնիսկ իրավական հետեւանք առաջացնող լծակներ ունի: Իսկ դատարանում ամբաստանյալների ու դատավորի շնորհիվ ստեղծված ընդհանուր մթնոլորտի առնչությամբ Է.Խուդաբաշյանն ասաց, թե «27»-ի դատավարությանն, իրոք, ահավոր է գնալը: «Ես դրանում համոզվեցի իմ օրինակով»,- ամբաստանյալների «լկտի ու ցինիկ պահվածքից» վրդովված նկատեց պատգամավորը: Նա շեշտեց, թե դատարանն ինքը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծի, որ օրենսդիր մարմնում երկրի ղեկավարներին գնդակահարած, պետությունը գլխատած որեւէ տականք իրեն թույլ չտա հայտարարել, թե իր դեմ ցուցմունք տվողը դատապարտված է: «Ոճրագործներն այսօր այնքան ինքնավստահ ու պաշտպանված են զգում իրենց, որ նույնիսկ հայտարարում են, որ դատապարտվածները ոչ թե իրենք, այլ մենք ենք: Նրանք դարձել են մեղադրողներ, մենք՝ դատապարտված մեղավորներ: Դրա պատճառը ոչ միայն նրանց տրված անվտանգության երաշխիքն է, այլեւ այն, որ Հայաստանում ահաբեկիչների իրավունքների պաշտպաններն են շատ»,- հայտարարեց պատգամավորը: Անդրադառնալով ամբաստանյալ Վ.Գալստյանի պնդմանը՝ Խուդաբաշյանն իր ճակատը համբուրել է կատարած ահաբեկչության համար, տիկին Խուդաբաշյանը նկատեց, թե դա իշխանամետ քարոզչամիջոցներով դեռ մի քանի ամիս առաջ իր դեմ սանձազերծված եւ ուղղորդված վարկաբեկման պրոցեսի, ընդամենը, շարունակությունն է: «Վիկտոր Դալլաքյանին փորձեցին վարկաբեկել՝ դարձնելով, իբր, իրենց համախոհը, իմ դեպքում էլ համոզում են, թե ես ընկերներիս կորցնելուց հետո պաչել եմ ահաբեկչի ճակատը: Չի ստացվի: Իսկ ինձ ուղղված սպառնալիքներին եւ զազրախոսություններին չեմ էլ ուզում անդրադառնալ: Շատ են ուզում, թող հաշվեհարդար տեսնեն՝ ճաղերի ետեւից: Ես վստահ եմ, որ նրանցից որեւէ մեկն այլեւս ազատության մեջ չի լինի»,- հավաստեց Է.Խուդաբաշյանը: Դատելով դատարանում ամբաստանյալների կեցվածքից՝ վերջինս նկատեց. «Նրանց բոլոր գործողությունները, արտահայտությունները, հարցադրումներն ընդամենը հոգեվարք ապրող մարդու տպավորություն են գործում: Եվ նրանք իրավացի են»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել