Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՌ ԱՍԵՄ, ԹԵ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ

Մայիս 28,2002 00:00

ՃԱՌ ԱՍԵՄ, ԹԵ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ խորհրդաժողովին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 26-ին «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամները՝ նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ, կիրակի ԳԱԱ-ում հանդիպեցին գիտնականների հետ։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, իհարկե, առիթը բաց չթողեց մանրամասն ներկայացնելու ակադեմիայի անցած ուղին ու ձեռքբերումները։ Իսկ Արա Աբրահամյանը, լինելով բիզնեսմեն, թերեւս ոչ իր օրինակով, նկատեց, որ հայերը «հաջողակ» են գիտության հարցում, իսկ բիզնեսում առանձնապես աչքի չեն ընկնում եւ պարծենալու ոչինչ չունեն։ Այսուհանդերձ, միությունը կարողացել է միջոցառումների շրջանակներում օգնել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին։ Արա Աբրահամյանը խոստովանում է, որ միայն հայրենիք վերադառնալու խնդրում ինքն անզոր է՝ անգամ վերադարձի ֆոնդ ունենալու պարագայում, քանի որ այս հարցում գլխավոր դերը հայրենիքինն է, թե ինչով կարող է նա գրավել ու հետ բերել իր «արտաքսված» զավակներին։ Միության հաղթանակներից պրն Աբրահամյանը նշեց երկուսը. այն, որ Սոչիի քաղաքապետի ընտրություններում իրենց առաջադրած թեկնածուն հավաքել է 73% ձայն եւ երկրորդը Կրասնոդարի հայտնի դեպքերից հետո իրենց կողմից ճիշտ քարոզչության եւ բանակցությունների շնորհիվ խաղաղաության հաստատումն է եւ հետագա խռովությունները սանձելը։ «Մեր հիմնական ուղղությունը հայերի պահպանությունն է Ռուսաստանում, հայոց լեզվի պահպանությունը»,- իր ելույթում ասում էր Արա Աբրահամյանը, որն, ի դեպ, միության հայ անդամներից միակն էր, որ մայրենի լեզվով էր խոսում՝ թեեւ մի կերպ եւ ելույթ էր ունենում, իր խոսքերով՝ առաջին անգամ (Արա Աբրահամյանը սիրում է զանգ կախել, իսկ ճառերն ասում է Անդրանիկ Միհրանյանը)։ Ըստ Ա. Աբրահամյանի. «Հարկավոր է համապատասխան միջոցներ ստեղծել, որպեսզի լինի հզոր ռուսական պետություն, որպեսզի մենք կարողանանք այդ հզոր ռուսական պետության համար ստեղծել պայմաններ՝ բարեկամություն անելու Հայաստանի հետ…»։ Ի դեպ, Հայաստանի հետ բարեկամություն հաստատելու համար պետք չէ աշխատել ռուսական պետությունը հզորացնելու ուղղությամբ, դրա համար հայ համայնքի հզորացումը բավարար պայման կլինի։ Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել