Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԴԵՔ ԵՐԿԻՐԸ՝ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՋՐԻ ՎԱՐՁԸ

Մայիս 28,2002 00:00

ՄԻ ՔԱՆԴԵՔ ԵՐԿԻՐԸ՝ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՋՐԻ ՎԱՐՁԸ Ջրային կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը նորանկախ Հայաստանի պատմության շրջանում մշտապես է հանրության տեսադաշտում։ Մասնագիտությամբ շինարար է եւ որպես նախարար, ասում են, վատ չէր աշխատում։ Պետնախարար դարձավ, հետո էներգետիկայի նախարար, վարչապետի խորհրդական ու մարդասիրական օգնության բաշխման կառավարական հանձնաժողովի նախագահ, հիմա էլ՝ ջրային կոմիտեի ղեկավար։ Բնական է, որ նման կենսագրություն ունեցող պաշտոնյան պետք է մտահոգվի երկրի վիճակով, որը օրերս արտահայտվեց հերթական հայտարարությամբ։ Այ քեզ բան։ Մինչ հիմա գիտեինք, որ երկիրը քանդում են ընդդիմադիրները, այսպես կոչված՝ նախկինները, երբեմն կաշառակերներն ու կազմակերպված հանցավորության մեջ ընդգրկվածները։ Բայց որ երկիրը քանդում է կեղծ սակագին սահմանողը, որը մեզանում իշխանությունն է, չէինք լսել։ Մարդ Աստծո, ձեռքներդ բռնողն ով է, հողագործին տրվող ջրի խորանարդ մետրը 1 դրամից ոչ թե 5-ի բարձրացնեիք, այլ 10-15։ Միեւնույն է, ինչպես 5-ն է վճարում, այնպես էլ նորը կվճարի, այսինքն՝ չի վճարի, բերք ու բարիք չի ստանա, կթողնի-կգնա, հողն ու ջուրն էլ մի խումբ պաշտոնյաներին կմնա։ Ծուռ նստենք՝ ուղիղ խոսենք. Հայաստանում ջուր կա, չէ՞, խոսքի ջրիկությունից բացի։ Անգամ Սեւանի ցամաքող ջուրը, եթե մեկ հայաստանաբնակի հաշվով հաշվառենք, օրը 30 խորանարդ մետր է կազմում։ Բայց ինչքան էլ տարօրինակ է, լճի մակերեւույթի վրա երկնքից անձրեւն է թափվում, ջրահավաք ավազանի 28 գետերն են ջուր բերում, Արփայի թունելն է հոսում, իսկ լճի ջուրը չի ավելանում, մեր գեղուհին տեսքի չի գալիս։ Ըստ պաշտոնական վիճակագրության, տարին անգամ 1 ձուկ չի տալիս մեկ բնակչին։ Ի դեպ, տալու մասին։ Ընդունված կարգ է, որ տվողին հարգում են, մեծարում։ Ինչպես, ասենք, Թուրքմենստանի նախագահին, որը երկրի ընդերքի գազը ոչ միայն վաճառում է, այլեւ անվճար տալիս է իր «հպատակներին»։ Ավելին, դրանից ստացված էլեկտրաէներգիան էլ է անվճար բաշխում։ Իրաքի ղեկավարը նավթի վաճառքի եկամտից յուրաքանչյուր ընտանիքի 5.000 դոլար է հատկացնում։ Հայաստանում կարո՞ղ ենք երազել, որ եթե մեզ համար թանկ է մեր առողջությունը արտադրանքից կամ ջրից պատրաստվող զովացուցիչներից, որոնք արտահանվում են ամերիկաներ ու այլուր, կարելի է եկամուտ հաշվառել ու, մեղա, մեղա, ընչազուրկներին բաժին հանել. ոչ բարեգործականի անվան տակ, այլ իրենց հասանելիքի։ Այնպես որ. մի քանդեք երկիրը՝ բարձրացրեք ջրի վարձը։ Դա պատմության մեջ հիշվելու ձեր հերթական շանսն է։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել