Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աս նվագախումբին աշխարհը պիտի ճանչընա»

Մայիս 28,2002 00:00

«Աս նվագախումբին աշխարհը պիտի ճանչընա» Երեւանյան երաժշտական միջազգային 4-րդ փառատոնի շրջանակներում հայրենիք էր ժամանել սփյուռքահայ (ԱՄՆ, Ֆրանսիա) դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի եւ Ամերիկայի երկրներում ղեկավարելով ամենահեղինակավոր նվագախմբերը, մաեստրո Ջորջ Փեհլիվանյանը ՀՖՆ-ի հետ ունեցած միակ համերգից հետո այսպես արտահայտվեց. «Աս իմ նվագախումբը կըլլա այնքան ժամանակ, մինչ ես շնչեմ»։ Առաջին հայացքից այս միտքն այնքան էլ չհամոզեց մեզ, քանի որ վերջին անգամ ՀՖՆ-ն մաեստրոն ղեկավարել էր 1995 թվականին։ Տեղեկացնենք, որ 1992 թվականից սկսած Ջ. Փեհլիվանյանը ՀՖՆ-ն ղեկավարել է Եվրոպայի ավելի քան 25 երկրներում եւ նրա ցանկությունն է, որ աշխարհը ճանաչի այս նվագախումբը։ Այս այցելության ժամանակ նրան ծանոթ էր եղել նվագախմբի երաժիշտների 30%-ը։ Իր խոսքերով. «Ճիշտ է՝ նվագախումբի արտիստների 70%-ը ինձի համար նոր դեմքեր էին, բայց ես պետք է ըսեմ՝ սերնդափոխությունը նորմալ երեւույթ մըն է, պարզապես քիչ մը փորձին պակաս ըզգացի»։ Երեւի այս էր պատճառը, որ միակ համերգի ծրագրում տեղ էին գտել Բեթհովենի թիվ 4 եւ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաները։ Վերջինիս հետ կապված՝ մաեստրոն ասաց. «Եթե նվագախումբը կարող է կատարել Բեթհովենի այս սիմֆոնիան, ուրեմն՝ հիմքն ամուր է, իսկ Չայկովսկու սիմֆոնիան կկարծեմ եւ համոզված եմ, որ մեր ազգին շատ մոտ է բարձր բարոյական եւ փիլիսոփայական խնդիրներով, մտորումներով կյանքի եւ մահվան մասին»։ Ասենք, որ համերգին նվագախումբը հնչում էր հյութեղ, ինտոնացիոն իմաստով մաքուր, միաձույլ։ Այս բանին հատկապես նպաստում էր լարային խմբի նրա քաջ իմացությունը։ Պարզվեց, որ մաեստրոն էլ իր հերթին բարձր կարծիքի է ՀՖՆ-ի մենեջերի մասին՝ «Ես ուրախ կըլլամ, որ իմ նվագախումբը այսպիսի մենեջեր ունենա, հանձին պարոն Բաբայանի։ Յուրաքանչյուր նվագախումբ բիզնես է։ Հետեւաբար անհրաժեշտ է բարձր որակ։ Եթե աս չըլլա, հետեւաբար բիզնես չի ըլլա։ Աշխարհում երաժշտությունը ավելին է, քան մենք կկարծենք։ Համոզմունք եմ հայտնում՝ աս նվագախումբին, իմ, ձեր նվագախումբին՝ աշխարհը պիտի ճանչընա»։ Խոսք գնաց մեր այն երաժիշտների մասին, ովքեր այս կամ այն պատճառներով հայրենիքում չեն։ Հպարտանում էր, պնդում՝ ասելով. «Այնպիսի, ինչպիսի կոնսերվատորիա մենք ունինք, Երեւանն ունե, ուր պատրաստվում են նվագախումբի երաժիշտներ նաեւ, մատներիդ վրա կհաշվես աշխարհում։ Խնդրեմ, ֆիլհարմոնիկը՝ վկա»։ Կրկնենք՝ թեպետ դյուրին չէ Ջ. Փեհլիվանյանի համար ղեկավարելու իր ժամանակը, բայց թող վերջինս անցնի, հաստատ իմանալով, որ այն չի սարսափեցնի մաեստրոյին, քանի որ նա ապրում ու ստեղծագործում է՝ հենց ժամանակի հետ։ Մեջբերելով Փեհլիվանյանի միտքը. «Աս նվագախումբին, իմ, ձեր նվագախումբին աշխարհը պիտի ճանչընա», մենք էլ միանալով մաեստրոյի երազանքին, հուսանք ու սպասենք այս դարաշրջանի այդ ժամանակահատվածին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել