Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԱԾ Է

Մայիս 28,2002 00:00

ԱԶԳԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԱԾ Է Երեկ նախատեսված ժամից ուշ մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական խորհրդաժողովը։ ազմակերպվածության առումով այն, իհարկե, ի սկզբանե ուներ թերություններ։ Ու չնայած դրան, խորհրդաժողովը բացվեց, եղան բազմաթիվ ելույթներ։ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը եւ հայտարարեց խորհրդաժողովի բացումը, դրա անհրաժեշտությունը պայմանավորեց սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված պատմական աշխարհաքաղաքական իրադարձություններով։ Նա կարեւորեց «Հայաստան-Սփյուռք-Արցախ» եռամիասնությունը եւ նրանց համագործակցությունը։ Ապա նկատեց, որ, այնուամենայնիվ, «չափազանցված ակնկալիքներ չունի, թե այս խորհրդաժողովը անմիջապես կլուծի հայության առջեւ ծառացած բոլոր խնդիրները»։ Նախագահ Քոչարյանը չափազանց զգայուն գնահատելով տարածաշրջանը, կարեւորեց Հայաստանի ճիշտ մասնակցությունը ազգային անվտանգության համակարգում, Եվրոպային ինտեգրման ուղիների ճիշտ ընտրությունը եւ «Սփյուռքի լոբբիստական աշխատանքները աշխարհի ուժ կազմող կենտրոններում»։ Նախագահն արձանագրեց իր կարծիքով առաջին խորհրդաժողովից հետո կատարված դրական տեղաշարժերը՝ միասնական տեղեկատվական դաշտի, համահայկական ինտերնետ ցանցի, Հայկական զարգացման գործակալության ստեղծում, 2000-2001թթ. ուսուցիչների վերապատրաստում, համահայկական բնույթ կրող կառավարական պարգեւներ, Սփյուռքի հետ համատեղ կազմակերպվող համահայկական սպորտային խաղեր ու փառատոներ եւ այլն։ Սակայն փաստեց նաեւ, որ բավականին ուշացել ենք Համահայկական երիտասարդական կենտրոնի հարցում, բայց միաժամանակ վստահեցրեց, որ այն կսկսի գործել 2003-ին։ Նախագահն անհնար համարեց Սփյուռքի կառավարումն իբրեւ մեկ միավոր, նաեւ գտավ, որ Սփյուռքից Հայաստանը ղեկավարելը եւս ճիշտ չէ։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ռ. Քոչարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Կողմ ենք միայն խնդրի խաղաղ լուծմանը՝ բանակցությունների սեղանի շուրջ… Իսկ այդ գործընթացում պիտի ներգրավված լինի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Ու քանի որ այն ձեւավորվել է ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, ուստի խոսք լինել չի կարող որեւէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի ԽՍՀՄ-ից»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն խորհրդաժողովը անվանեց վաղնջական ժամանակներին բնորոշ ազգահավաք եւ աշխարհաժողով բառերով՝ ցավով նշելով, որ «հայոց պետականության ուրախությունը ստվերվում է շարունակվող գործազրկությամբ, արտագաղթով ու բարոյական արժեքների կորստով»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն էլ նկատեց, որ հարկ է ճշտել ազգի գերագույն եւ ընդհանրական շահերը. «Հայաստանը պիտի ասի, թե ինչ է սպասում Սփյուռքից, Սփյուռքն էլ հստակ պիտի ասի, թե ինչ կարող է տալ Հայաստանին»։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կրկնեց դեռեւս նախկին խորհրդաժողովում հայտնած իր այն միտքը, որ ռազմական հաղթանակ տարած Արցախը դեռ պիտի դիմանա խաղաղության փորձությանը։ Նա հատկապես անդրադարձավ Արցախի տնտեսությանը. «Բարեգործական ֆինանսական միջոցներով հնարավոր չէ բարձրացնել ԼՂ-ի տնտեսությունը եւ ստեղծել մշտապես գործող, մրցունակ տնտեսական կառույցներ… Իսկ Արցախի տնտեսության մեջ ներդրված յուրաքանչյուր դրամ աշխատում է խաղաղության օգտին»։ Ա. Ղուկասյանը նաեւ կոչ արեց համարձակորեն ներդրումներ անել Արցախում, որովհետեւ, ըստ նրա, ԼՂՀ-ն նաեւ չճանաչած լինելու պատճառով է զրկված միջազգային կազմակերպություններից վարկեր ստանալու հնարավորությունից. «ԼՂՀ-ն չի կարող մնալ չճանաչված պետության վիճակում, Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը պետք է ուղղել այդ խնդրի լուծմանը»։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փաստեց, որ Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտն անառողջ է, համատարած բնույթ է կրում կոռուպցիան, սոցիալական արդարության գաղափարները ոտնահարված են, անօրինականությունները՝ անպատժելի։ Նա նույնիսկ առաջարկեց ՀՅԴ-ի մասնակցությունը շատ խնդիրների լուծման առումով թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարջյանը հիմնականում խոսեց Հայ դատից, պահանջատիրությունից, հայ- թուրքական հարաբերություններից, նկատելով, որ դրանց մերձեցման փորձերը ընդամենը «հայերի միասնականությունը պառակտելու միջոց են»։ Նա առաջարկեց նաեւ փոխել ՀՀ օրհներգը՝ համարելով այն «օտար ցնցոտիներով կարված», իսկ փոխարենն առաջարկեց Արամ Խաչատրյանի հայաշունչ երաժշտությունը։ Ելույթներից հետո քննարկվեց խորհրդաժողովի օրակարգը, այնուհետեւ մասնակիցները Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշակոթողին ծաղկեպսակ դրեցին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել