Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՍԻ ԱՄՐՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆԱԼՈՒ ԵՆ

Մայիս 28,2002 00:00

«ԿԱՐՍԻ ԱՄՐՈՑԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆԱԼՈՒ ԵՆ Խոսքն այս դեպքում պատմական Կարսի եւ նրա ամրոցի մասին չէ։ Այլ մայրաքաղաքի Ջրվեժ ավանի Թեւոսյան փողոցում գտնվող «Կարս» ռեստորանի։ «Առավոտը» իր թիվ 82-ում անդրադարձավ վերոնշյալ տարածքի շուրջ ծագած վեճին։ Մասնավորապես անդրադարձել էինք «Կարսի» նախապատմությանը, երբ 1989-ին Մերուժան Մելքոնյանի կողմից հիմնադրվեց այն իբրեւ կոոպերատիվ, ապա որպես անհատական ձեռնարկություն։ Ռեստորանը հետագայում գրավ դրվեց «Հայկապ» բանկում, որի դիմաց Մ. Մելքոնյանը ստացավ վարկ։ Մ. Մելքոնյանը հանկարծամահ է լինում, արդյունքում «Հայկապ» բանկին պարտք մնալով 56.260 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 2000թ. մայիսի 15-ի դռնբաց դատական նիստում (Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյան, դատավոր՝ Խ. Բաղդասարյան) լսվում է «Հայկապ» բանկի հայցն ընդդեմ «Կարս» անհատական ձեռնարկության վերոնշյալ գումարի բռնագանձման եւ բռնագանձումն էլ գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին։ Դատարանը բավարարում է հայցը, բռնագանձումը տարածելով 598 քմ ընդհանուր մակերեսով ռեստորանի վրա… Ըստ սեփականության ժառանգորդի՝ Ժաննա Մելքոնյանի, կատարողական վարույթը կասեցվում է։ Մելքոնյանները դիմում են իրենց հոր ընկերոջը՝ Ահարոն Խաչատրյանին, նրա հետ ստորագրելով նախնական պայմանագիր։ Ընդ որում, առքուվաճառքի նախնական պայմանագրի (11.05.2001թ.) կողմեր էին՝ «վաճառող» Ժաննա Մելքոնյանը եւ «գնորդ» Սիլվա Սիմիկյանը (Ահարոն Խաչատրյանի կինը)։ Կողմերը պարտավորվում էին վաճառվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագելու պահից երեք օրվա ընթացքում կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիր, վաճառքի գինն էլ պետք է կազմեր 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ավելացված արժեքի հարկը չհաշված։ Վաճառողը օբյեկտի նկատմամբ պահում էր 30% սեփականության իրավունքը։ Հետաքրքիր էր, որ ըստ պայմանագրի սահմանած «էական պայմանների», գնորդը պետք է հանդես գար որպես վաճառողի իրավահաջորդ «Հայկապ» բանկում՝ «օբյեկտի ունեցած բոլոր պարտավորություններով»։ Գնորդը պարտավորվել էր վաճառողին վճարել նախավճար։ Իսկ նախավճարի չափը արձանագրված չէր, հետեւաբար ի չիք էր դառնում պայմանագրի հաջորդ կետը, որով նախատեսվում էր՝ «վաճառողի խուսափելու դեպքում պետք է գնորդի հայեցողությամբ վերջինս վերադարձնի վճարած նախավճարի կրկնակի գումարը կամ էլ նրան վճարի տույժ»։ Սակայն գնորդի խուսափելու հետեւանքների համար նախնական պայմանագրում խոսք անգամ չկար… Բուժման նպատակով հանրապետությունից բացակայող Ահարոն Խաչատրյանի հետ մենք նախորդ հրապարակումը պատրաստելիս չկարողացանք զրուցել։ Սակայն օրեր առաջ հանդիպեցինք, ի վերջո, նրա հետ։ Նա մեզ տրամադրեց «Կարսի ամրոց» ռեստորանի 2001թ. մայիսի 2-ից մինչեւ հունիսի 12-ը ընթացիկ նորոգման եւ բարեկարգման ծախսերը, 2001թ. մայիսի 31-ին «Հայկապ» բանկի եւ Սիլվա Սիմիկյանի (իր կնոջ) «պահանջի իրավունքը զիջելու մասին համաձայնագիրը», վճարման կարգը եւ առաջին ատյանի մայիսի 15-ի վճիռը, որի մասին ակնարկել ենք հրապարակման սկզբում։ Ըստ առաջին փաստաթղթի, ռեստորանի վրա նշված ժամանակամիջոցում կատարվել է 66 հազար դոլարի ծախս, սկսած «հողի լիցքավորումից, ամառային դահլիճի նորոգումից, տարածքի աղբահանումից մինչեւ սպասքի ձեռքբերումն ու «կուպեների սելեկտր կապի նորոգումը»։ Ինչ վերաբերում է «Հայկապի» միջեւ առկա համաձայնագրին, կողմը ժամանակացույց էր ներկայացրել հիմնական գումարի ամբողջական մարման համար։ Մինչեւ 2002թ. մարտի 30-ը՝ 1500 դոլար, ապրիլի 30-ը՝ 2.260.69 ԱՄՆ դոլար, մայիսի 30-ը՝ 2500 դոլար, հունիսի 30-ից մինչեւ 2003թ. հունվարի 30-ը բանկին ամսական տրվելու էր 5500-ական դոլար եւ փետրվարի էլ՝ 6000 դոլար… Ի դեպ, Մերուժան Մելքոնյանի աղջիկը նույնպես դիմել էր բանկին՝ իրենց ունեցած 56.260 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար։ Պարտքը, ոչ սակայն ի հաշիվ ռեստորանային համալիրի, գնահատվել է 350 հազար ԱՄՆ դոլար։ Ա. Խաչատրյանը հայտնեց, թե «բանկի իրավունքներն իմն են»։ Ըստ համաձայնագրի, բանկը, այո, զիջել էր մայիսի 15-ի վճռով բռնագանձված, «իրեն պատկանող» 56.260,69 ԱՄՆ դոլար գումարի չափով պարտքի մնացորդի եւ պետտուրքի գծով պահանջի իրավունքը։ Բանկը շեշտում է, թե դատարանը իրեն օժտել է «պարտատիրոջ բոլոր իրավունքներով»։ Մինչդեռ առաջին ատյանը որեւէ մեկին որեւէ իրավունքով չի օժտել։ Ա. Խաչատրյանի պնդմամբ, ինքն օրինական է գտնվում եւ տնօրինում «Կարսի ամրոցը», Մելքոնյանների պնդմամբ՝ ապօրինի։ Վեճը շարունակվում է։ Ըստ դարձյալ համաձայնագրի, «բանկը պարտավոր էր՝ օրենքով սահմանված կարգով պարտապանի ժառանգորդի(ների) կողմից ժառանգությունն ընդունելուց հետո ծանուցել պահանջի իրավունքը նշված գումարի չափով զիջելու մասին»։ Ինչ է ստացվել. «Կարս» ռեստորանի նախկին հիմնադիրը՝ Մերուժան Մելքոնյանը կտակ է արել, որի համաձայն էլ ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Ժաննա Մելքոնյանին. «գույքի նկատմամբ»։ «Ժառանգական գույքը բաղկացած է «Կարս» անհատական ձեռնարկությանը պատկանող ռեստորանից»։ Հետեւաբար, «Հայկապը» ինչո՞ւ է անկապ քայլ արել, չծանուցելով ժառանգորդի… եւ նրա պահանջի իրավունքի մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել