Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուններ տվեք, անուններ…»

Մայիս 28,2002 00:00

«Անուններ տվեք, անուններ…» Չնայած Վանաձորի իշխանությունների կողմից ձեռնարկված «կանխարգելիչ» միջոցառումներին /ինչին անդրադարձել ենք «Առավոտի» 21.05.2002թ. համարում/, այնուամենայնիվ, մայիսի 22-ին Վանաձորի «Արցախ» պուրակում կայացավ ՀԿԿ Վանաձորի Քաղկոմի կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցների կազմը այս անգամ շատ ավելի «ներկայացուցչական» էր։ Նախկին աշխատավորությունից, գործազուրկ բանվորներից ու տարեց թոշակառուներից բացի, տեղ-տեղ նկատեցինք նաեւ մանր ու միջին բիզնեսով զբաղվող առեւտրականների, հին ու նոր սերնդի մտավորականների, լրագրողների։ Չնայած ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի խրոխտ ելույթի ընթացքում միկրոֆոնը սնուցող էլեկտրաէներգիան անջատվեց՝ «թշնամի ուժերի» կողմից, սակայն դա չվհատեցրեց ելույթ ունեցողին, եւ գործի դրվեց մեգաֆոնը։ Ս. Սահակյանը քննադատեց երկրի նախագահին, որ նա ժողովրդի համար ճակատագրական օրերին, երբ Կրասնոդարում վտանգված էր հայերի գոյությունը, թողնում է երկիրը եւ մեկնում Ուրուգվայ։ Այդ պահվածքը նա որակեց «հանցավոր անտարբերություն»։ Ս. Աահակյանը քննադատեց նաեւ Ազգային ժողովին հակաժողովրդական օրենքներ ընդունելու համար եւ ժողովրդին կոչ արեց ոչ մի հույս չկապել ոչ ներկա ԱԺ-ի, ոչ էլ երկրի նախագահի հետ։ «Ախր էդ ամեն ինչը մենք էլ գիտենք, բայց ելքը ո՞րն ա»,- հանրահավաքի մասնակիցներից մեկը կամացուկ դիմեց կողքինին։ Այդուհանդերձ, Ս. Աահակյանի ելույթը ժողովրդի սրտից էր բխում, եւ նրանք ոգեւորությամբ ծափահարեցին։ Հանրահավաքի ընթացքում համոզվեցինք, որ «շարքային» քաղաքացիների հասարակական գիտակցության մակարդակն ավելի բարձր Է, եւ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ ավելի մեծ, քան դա թվում Է իշխանություններին։ Երբ Ս. Սահակյանը վկայակոչում էր մեջբերումներ՝ որոշ պատգամավորների ցինիզմը ապացուցող զրույցներից, հանրահավաքի մասնակիցները գոչեցին. «Անուններ տվեք, անուննե՜ր»։ Իսկ երբ ԱԺ Կոմկուսի խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը իր ելույթում անդրադարձավ խնայդրամարկղի ավանդները վերադարձնելու կապակցությամբ Կոմկուսի գործադրած ջանքերին, մի տարեց վանաձորցի ներկա կառավարության հանդեպ թերահավատությամբ լցված ասաց. «Իսկի թոշակները չեն ուզում տան՝ բանկի փողերը ո՞րտեղից պիտի տան»։ ՀԿԿ անդամների տարբեր ելույթներում նշվեց, որ «Ազգային ժողովը դարձել Է ապազգային կառույց», «իրավապահները դարձել են իրավախախտներ», «միջազգային չափանիշներով աղքատացնում են ժողովրդին»։ Նաեւ նշվեց, որ ավելանում Է խաղաղ պայմաններում բանակում մահացող երիտասարդների թիվը։ ՀԿԿ առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը տեղական իշխանություններին ի գիտություն տեղեկացրեց, որ եթե նույնիսկ փորձեն տեղական ԶԼՄ-ներում Կոմկուսի ձայնը «խեղդել» /նկատի Էր առնվում այն, որ հանրավաքի կայացման հայտարարությունը չէր թույլատրվել հեռարձակել եթերով/, ապա իրենք կսկսեն թռուցիկների օգնությամբ տեղեկացնել հասարակությանը իշխանությունների ապօրինությունների մասին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել