Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ»

Մայիս 28,2002 00:00

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ» Գտնում է ՀՀ վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շաբաթ օրը տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստը սկսվեց լրագրողների դժգոհությամբ։ Հիմնադրամի անցած տարվա գործունեությունը լուսաբանող տպագիր նյութերի հայերեն տարբերակները բավականին արագ էին սպառվել եւ միայն նիստի ընդմիջմանը, այն էլ լրագրողների համառության արդյունքում, լրացուցիչ տարբերակներ բերվեցին։ Իսկ մի լրագրողուհի անգամ բողոքեց, որ սպասարկող անձնակազմից մի կին հրաժարվել էր իրեն մի բաժակ ջուր տալ, պատճառաբանելով, որ «բաժակները կկեղտոտվեն»։ Հավանաբար, ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, սպասքը նախապատրաստված էր բացառապես արտերկրի մեր հայրենակիցների եւ մեր երկրի իշխանավորների քանակով։ Լավ է, որ հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից 28-ն էին ներկա։ Այլապես եթե մեկն ու մեկը անհրաժեշտություն ունենար երկու բաժակ օգտագործելու՝ անհարմար վիճակի մեջ կընկնեինք։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստն այս տարի համընկավ հիմնադրամի գործունեության տասնամյակի հետ։ Շաբաթ օրը խորհրդի անդամներն ամփոփեցին 2001-ի կատարած աշխատանքները, իսկ հաջորդ օրը, տարբեր միջոցառումներով, հիմնադրամի տասնամյակը նշեցին։ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունից եւ մեկ րոպե լռությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ Անրի Վեռնոյի հիշատակը հարգելուց հետո խորհրդի անդամները լսեցին հիմնադրամի նախագահ Վահան Տեր-Ղեւոնդյանի ներկայացրած հաշվետվությունը։ Ըստ դրա, 2001-ին հավաքվել է մոտ 750 հազար դոլար ավելի գումար, քան 2000-ին։ Ընդ որում, ներկայացված թվի մեջ Հայաստանն իր ուրույն մասնաբաժինն ունի։ 2001-ին Հայաստանի քաղաքացիները հիմնադրամին նվիրաբերել են 708 հազար դոլար՝ 2000-ի 135 հազարի փոխարեն։ Դրանք հիմնականում տեղի գործարարների եւ արդյունաբերողների նվիրատվություններն են։ Վ. Տեր-Ղեւոնդյանը հատկապես կարեւորեց այն փաստը, որ «մեզանում ձեւավորվում են բարեգործական լուրջ ավանդույթներ»։ 2001-ին հիմնադրամի ամենախոշոր ծրագրերը եղել են Արցախում եւ աղետի գոտում։ Կառուցվել է 170 կիլոմետրանոց ավտոմայրուղու 30 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատված։ Շարունակվել են գյուղերի վերականգնումը, բնակելի շենքերի եւ մշակութային օջախների նորոգումը։ Այս տարի ամռանը, ըստ Տեր-Ղեւոնդյանի, կավարտվի «Սփյուռ» գիտաուսումնական կենտրոնի շինարարությունը, ինչի արդյունքում սփյուռքահայ ուսուցիչները կկարողանան վերապատրաստվել հայրենիքում։ Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրամի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջարկով հավանության է արժանացրել նոր գաղափար՝ «Օրորոց» ծրագիրը։ Ըստ ծրագրի, ամեն տարի նախատեսվում է հոգ տանել մինչեւ 1 տարեկան 5100 երեխայի մասին։ Նախապատվությունը, տրամաբանորեն, տրվելու է առավել կարիքավոր ընտանիքների երեխաներին։ Այն, Տեր-Ղեւոնդյանի հավաստմամբ, իրագործման ընթացքում է եւ դրանով զբաղվում է հանրապետության 30 հասարակական կազմակերպություն։ Հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքով, երկրորդ տասնամյակում հիմնադրամը պետք է առնվազն կրկնապատկի օգնությունների չափերը եւ ԼՂՀ-ում ու աղետի գոտում իրականացվող հիմնական ծրագրերին զուգահեռ օժանդակի նաեւ այլ ճյուղերի զարգացմանը։ Մասնավորապես, շեշտը դրվում է գիտահետազոտական ուղղության վրա, ինչը, Հարութ Սասունյանի հավաստմամբ, առավել արդյունավետ կլինի։ «Կառնեգին» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանի կարծիքով էլ, գրադարանները եւս ուշադրությունից չպետք է դուրս մնան։ Հիմնադրամը, որի դրամագլուխը 2 մլրդ դոլար է, ամեն տարի տարբեր երկրների տրամադրում է 80 մլն դոլար։ Համապատասխան ծրագրի առկայության դեպքում Հայաստանի գրադարանները եւս տարեկան իրենց բաժինը կարող են ակնկալել։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, այն, ինչ 1992-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց, արդարացրել է իրեն. «Իհարկե, կարելի էր ավելի մեծ արդյունքների հասնել, եթե կարողանայինք Սփյուռքի հետ արդյունավետ աշխատել եւ Սփյուռքում եղած տարաձայնությունները այդքան չազդեին»։ Թե հատկապես ի՞նչ տարաձայնությունների մասին էր խոսքը, վարչապետը չմանրամասնեց։ Սակայն հավելեց, որ «այսպիսի համընդհանուր համահայկական գաղափարների շուրջ համախմբումը օգնում է դրանց հարթեցմանը»։ Իսկ հիմնադրամի կարեւոր ձեռքբերումը, ըստ վարչապետի, տարածաշրջաններում ստեղծվող գրասենյակներն են, որոնք նպաստում են «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի իրականացմանը։ Ի դեպ, «Առավոտի» դիտարկմամբ, խորհրդաժողովը եւս մեկ կարգախոս ուներ. «Օգնենք մեզ, ուտենք մերը»։ Սուրճի հետ հյուրերին մատուցվեցին տեղական արտադրության ջեմով կոնֆետներ։ Ինչպես պարզաբանեց կարգուկանոնին հետեւող տղաներից մեկը. «Քուր ջան, մերն ա՝ «Գրանդ Քենեդին»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել