Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կրքերը շիկանում են

Մայիս 28,2002 00:00

Գյումրիում կրքերը շիկանում են Ընդդիմությունն ասուլիս է տվել «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ անցյալ ուրբաթ օրը Գյումրիի «Ասպարեզ» ակումբում 13 կուսակցությունների նախաձեռնած՝ Գյումրիի բյուջեի քննարկումներից հետո, քաղաքապետի որդին հարաբերություններ է պարզել «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի հետ եւ սպառնացել վերջինիս։ Հիշեցնենք նաեւ, որ Լ. Գալստյանը Գյումրիի քաղաքապետին մեղադրել էր բյուջեի հաշվին չարաշահումներ կատարելու մեջ։ Անցյալ շաբաթ օրը Գյումրիի նույն ակումբում ընդդիմադիր հիշյալ ուժերը եւ Լ. Գալստյանը մամուլի ասուլիս էին հրավիրել։ Վերջինս մասնավորապես անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետի այն հայտարարությանը, թե վերջինս զրպարտում է իր որդուն։ «Ես ինչո՞ւ պետք է նրա որդուն զրպարտեմ։ Մեր մեջ ի՞նչ խնդիր կա»,- տարակուսել էր Լ. Գալստյանը՝ նկատելով, որ եթե զրպարտելու ցանկություն ունենար՝ կզրպարտեր իրեն՝ քաղաքապետին։ «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչը փորձել էր նաեւ հակադարձել քաղաքապետ Վ. Ղուկասյանի մեղադրանքներին՝ ասելով. «Զրպարտելն իրենց ոճն ու գործիքն է։ Օրինակ, երբ քաղաքապետը զրպարտեց իր նախորդներին, թե 5 հազար դոլար կաշառք են վերցրել հողի հատկացման համար։ Դա ե՛ւ զրպարտություն էր, ե՛ւ «գործ տալ» էր։ Այսօր Համագործակցությունը (խոսքը 13 կուսակցությունների մասին է.- Ն. Մ.) «գործ չի տալիս», այլ՝ փաստում է այն, ինչ եղել է։ Մենք չենք Մոսոյին (չշփոթել Վ. Սարգսյանի թիկնապահի հետ.- Ն. Մ.) սպանել։ Սպանել է քաղաքապետի եղբայրը, որն, իբր, հոգեկան հիվանդ է, բայց էդ «հոգեկան հիվանդը» մինչեւ իր դատն աշխատում էր տրոլեյբուսային պարկի փոխտնօրեն»։ Լ. Գալստյանն ասել էր նաեւ, թե Գյումրիի քաղաքապետը սեփականաշնորհել է քաղաքը, եւ ոչ ոք չի կարող ազատ խոսել։ Նա այս ասելով մատնանշել էր «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Լեւոն Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու փաստը։ «Բարսեղյան Լեւոնն ազատ խոսեց, ասացին՝ ցտեսություն. էլ չպետք է խոսես»։ Նա անդրադարձել էր նաեւ Գյումրիի բյուջեի քննարկումներին։ «Եղբայր, մենք ձեզ խնդրել ենք. եկեք, բերեք ձեր թվերը, ստուգեք եւ եթե մենք սխալ ենք՝ ասեք, որ դուք եք անսխալական։ Եթե ինքը չէր գալիս, գոնե տղային ուղարկեր»,- հեգնանքով նկատեց Լ. Գալստյանը՝ փաստելով, թե ընդդիմությունը չի զլացել եւ հիշյալ քննարկումներին հրավիրել է նաեւ Գյումրիի քաղաքապետին։ Վերջինս արձագանքել էր հիշյալ քննարկումներին եւ առաջադրված մեղադրանքներին, թե՝ քաղաքապետը բյուջեն չի ուտում։ «Մենք գիտենք, որ բյուջեն չեն ուտում՝ դա փաստաթուղթ է։ Բյուջեի գումարներն են ուտում»,- պնդել էր Լ. Գալստյանը՝ շեշտելով, թե ընդդիմության վերլուծությունները՝ բյուջեի գումարների, հատկացումների մասին հիմնված են եղել պաշտոնական թվերի վրա. «Դրա հետեւանքով անցնել քաղաքական շանտաժների եւ ահաբեկչությա՞ն… Ես զանգել եմ Երեւան եւ խնդրել եմ դիմել ՄԱԿ-ին՝ խաղաղարար ուժեր Գյումրի մտցնելու եւ ընդդիմությանը քաղաքապետի կլանից պաշտպանելու համար։ Ուրիշ ելք ես չեմ տեսնում»։ Լ. Գալստյանը խոսել էր նաեւ իրավապահ մարմինների կողմից իր անձնական կյանքին խառնվելու փաստի մասին՝ մասնավորապես տեղեկացնելով, թե տեղի ոստիկանության աշխատակիցիները խախտում են ՀՀ Սահմանադրության հոդված 20-ը։ Նա փաստել էր, որ իրավապահներն իր հարեւաններից հարցուփորձ են արել, թե ինքն ու կինը ի՞նչ հարաբերությունների մեջ են՝ միասի՞ն են ապրում, հա՞շտ են եւ այլն։ «Ես դիմել եմ դատախազություն՝ ճշտելու՝ իմ դեմ բողոքնե՞ր կան։ Պարզվեց՝ չկա»։ Հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար վարչական տուգանքի ենթարկված Լ. Գալստյանը դիմել էր «Ասպարեզ» ակումբում ներկա լրագրողներին՝ «Ինչպե՞ս եք գնահատում՝ շաբաթվա ընթացքում այսքան ոտնձգությունը մեկ մարդու դեմ շա՞տ չէ»։ Ասուլիսի մյուս մասնակիցներից մեկն էլ նկատել էր, թե Գյումրիում ստեղծված անպատժելիության, հաշվեհարդարներ տեսնելու, անօրինականության մթնոլորտի համար պատասխանատու է ոչ միայն քաղաքապետ Վ. Ղուկասյանը, այլեւ՝ մարզպետ Փիրումյանն ու մարզի ոստիկանապետը։ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել