Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 28,2002 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով շուրջ 30 տուժողներ չեն ներկայացել դատարան։ Ո՞րն է պատճառը։ Թվում էր, թե առաջիններից մեկը պիտի դատարան ներկայանար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Նախ, քանի որ 1999-ի հոկտեմբերի 27-ին վիրավորվածներից մեկն է, հետո՝ դատարանում քաղհայցվորի ներկայացուցիչն է (քաղհայցը վերաբերում է ԱԺ-ին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասը մեղավորներից գանձելուն) եւ վերջապես՝ նա օրենսդիր մարմնի ղեկավարն է, որ պիտի փորձեր օրինակ ծառայել իր օրինապահությամբ։ Սակայն Արմեն Խաչատրյանը նախ չներկայացավ՝ պատճառաբանելով Զագրեբ գործուղումը, իսկ հիմա էլ Ֆինլանդիայում է։ Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն իր բացատրությունն էր ներկայացրել, թե ինչու ականատեսները չեն գալիս դատարան։ Ըստ նրա, գրեթե բոլոր տուժողներն իրենց նախաքննական ցուցմունքներում նշել են, որ ահաբեկիչները դրսից օգնություն էին սպասում, եւ այդ 5-ի ետեւում կան որոշակի ուժեր։ Աշոտ Սարգսյանի ենթադրությամբ, այս պահին՝ ընտրությունների շեմին, պատգամավորների մեծ մասը կխուսափի նույնը կրկնել դատարանում։ Եվ մեր զրուցակիցներից նախ հետաքրքրվում էինք՝ գուցե իսկապես վախենո՞ւմ են դրսում մնացած կազմակերպիչներից։ Բնականաբար, չստացանք որեւէ հաստատական պատասխան։ «Բոլորովին վախի զգացումը չէ պատճառը։ Պատճառը հավատի բացակայությունն է, թե դատարանում ինչ-որ բան կփոխվի,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։- Թեկուզեւ գտնում եմ, որ պետք է գնալ։ Թեեւ համոզված եմ, որ արդյունք չի տալու գնալը»։ Նապոլեոն Ազիզյանն էլ վստահեցրեց, թե պատճառը վախը չէ. «Գտնում եմ, որ այդ դատավարությունը շոու է։ Եվ հարկ չեմ համարում մասնակցել դրան»։ Գագիկ Մինասյանը լուրջ չի համարում հնարավոր կազմակերպիչներից զգուշանալու վարկածը։ Իսկ ինչո՞ւ չի գնում դատարան. «Պատճառը մեկն է՝ ես այդ տականքներին հարց տալու ցանկություն չունեմ»։ Սամվել Ավետիսյանն իր չներկայանալը պատճառաբանեց միայն քաղաքից բացակայությամբ. «Թե չէ վախենալու խնդիր չկա։ Ուղղակի ինչ գիտեի՝ գրել եմ եւ երկրորդ անգամ նորից նույնը ասելու ցանկություն չկա»։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի չներկայանալու պատճառը հետեւյալն էր. «Առիթ ունեցել եմ այդ տականքին դատարանում իմ խոսքն ասելու։ Եվ ասել եմ, որ այլեւս չեմ ներկայանալու, քանի որ բոլոր հարցերը, որոնք կուզենայինք տալ նաեւ մենք, վստահ եմ, կտան դատապաշտպանները։ Մանավանդ որ, շատ տհաճ ու ուղղակի զզվելի էր նրանց ցինիկ պահվածքը նորից տեսնելը»։ Կազմակերպիչներից զգուշանալու վարկածը նա եւս հերքեց. «Բոլորովի՛ն։ Այս դատավարությունում գործ ունենք ընդամենն այդ 5 տականքների հետ։ Իսկ կազմակերպիչների մասով, կարծում եմ, կլինի առանձին դատավարություն»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մատնանշեց դատարանի կազմակերպչական աշխատանքի որոշ թերություններ՝ ծանուցագրերը ճիշտ չեն լրացնում, միանգամից մի քանի հոգու են հրավիրում. «Մյուսները պիտի նստեն-սպասեն մինչեւ ավարտվի մեկի հարցաքննությունը։ Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ կարող է լինեն մարդիկ, որոնք հարցաքննվում են երկու օր շարունակ։ Իմաստ չունի միանգամից 4-5 մարդ կանչել, հետո էլ դժգոհել, թե չեն ներկայանում»։ Ըստ պրն Թորոսյանի, տուժողներն իրենց տեսածը հայտնել են կատարվածից անմիջապես հետո։ Այս հանգամանքի վրա շատերն էին ուշադրություն հրավիրում, թե նախաքննական ցուցմունքներն ավելի ճշգրիտ են, քան այն, ինչ տուժողները կամ վկաները դեպքից 2,5 տարի անց կարող են վկայել դատարանին։ «Ես իմ նախաքննական ցուցմունքներին ավելացնելու բան չունեմ,- ասաց Ժիրայր Գեւորգյանը, որը նույնը պատրաստվում է ասել նաեւ դատարանում։- Կարճ ժամանակ եմ եղել դահլիճում եւ չեմ կարող ասել որեւէ նոր բան»։ Պերճ Բոշնաղյանը թեեւ նշեց, որ անպայման գնալու է դատարան, բայց նաեւ նկատեց. «Ես 82 տարեկան մարդ եմ, շատ բաներ մոռացել եմ։ Ինչպե՞ս կարելի է 2,5 տարի անցնելուց հետո ինձ հարցաքննել։ Խնդրեմ՝ կան նախաքննական ցուցմունքներս, դրանք ընթերցեք»։ «Ուղղակի ավելորդ եմ համարում ներկայանալը, քանի որ ո՛չ հարց ունեմ տալու, ո՛չ էլ պատասխան եմ սպասում,- ասաց Ժորա Գալստյանը։- Կարծում եմ, որ պետք է ազատ թողնել դատավարությունը։ Վերջում արդար վճիռ կկայանա։ Եվ կարիք չկա եւս մեկ անգամ այդ լկտի խոսքերը լսել եւ ավելորդ հարցեր տալ։ Պետք է ուղղակի չխանգարել եւ թողնել ամեն ինչ դատարանի վրա»։ Այս տուժողին հիշեցրինք, որ իրավունք չունի չներկայանալ, այլապես դատարանը կարող է բերման ենթարկելու որոշում կայացնել. «Այդ դեպքում կներկայանանք»,- ասաց Ժորա Գալստյանը։ Իսկ Մանուկ Գասպարյանի պատճառաբանությունը հետեւյալն էր. «Չեմ ուզում այդ ճիվաղների մակարդակին իջնել, բանավեճի մեջ մտնել այդ ճիվաղի եւ իր խմբի հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչը ստիպված էին անել Վիկտոր Դալլաքյանը եւ Պավել Ղալթախչյանը։ Նրանց հարցաքննությունները լսելով եւ իմանալով, որ նյարդերս այդքան ամուր չեն, գուցե հունից դուրս գամ եւ հայհոյանքներ տեղամ։ Բացի դրանից՝ 1,5 տարի է շարունակվում է այդ դատը, եւ 100%-ով համոզված եմ, որ դա ֆարս է։ Թատերականացված այդ ֆարսին ուղղակի մասնակցել չեմ ցանկանում եւ ինձ էլ չեմ ճանաչում տուժող»։ Մանուկ Գասպարյանը եւս առաջարկեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, բայց եւ նշեց. «Ես կսպասեմ՝ կգնա՞ն դատարան իսկապես տուժածները, հրազենից վիրավորվածները։ Դրանից հետո կհաշվարկեմ, թե ինչքանով է պետք, որ ես փորձեմ բարոյական ճնշման ենթարկել այդ մարդկանց»։ Իսկ ճնշման անհրաժեշտություն կա թերեւս։ Դատավարությանը հետեւողները համոզվում են, որ ոչ միայն չի պակասում, այլ՝ հակառակը, ավելանում է ահաբեկիչների ինքնավստահությունը, որ իրենք մնալու են անպատիժ։ Ու նաեւ այդ թյուր տպավորությունը փարատելու համար է թերեւս անհրաժեշտ, որ տուժողները չխուսափեն ներկայանալ դատարան։ «Եթե ես զգամ, որ ինչ-որ չափով կարող եմ կոտրել նրանց համոզվածությունը՝ անպայման կգնամ։ Բայց զգում եմ, որ ոչինչ չի փոխվելու՝ ոնց սկսվել է, այդպես էլ շարունակվելու է»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը։ «Ամբաստանյալներին հարցեր տալուց կամ նրանց հարցերին պատասխաններից, կարծում եմ, որեւէ նոր, օգտակար բան չի բացահայտվի գործի համար,- ասաց Տիգրան Թորոսյանը։- Եվ կարծում եմ, ամբաստանյալներն իրենց ավելի ինքնավստահ սկսեցին պահել այն ժամանակ, երբ իրենց հետ լեզվակռվի մեջ սկսեցին մտնել ե՛ւ պաշտպանները, ե՛ւ որոշ տուժողներ։ Սա անիմաստ բան է, համոզված եմ»։ Գագիկ Մինասյանը եւս նույն կարծիքին էր. «Նմանների բարոյական կերպարը թույլ չի տալիս հուսալ, թե նրանք կարող են փոխել իրենց պահվածքը»։ Ժիրայր Գեւորգյանը նկատեց, թե առավել արդյունավետ կլինի ոչ թե դատարան գնալը, որքան մահապատժի վերացման հարցում «27»-ի խմբի համար բացառություն անելը. «Նրանք հիմնականում դրանով են ոգեւորված, որ մահապատիժը վերացվելու է։ Եթե իմանան, որ իրենց նկատմամբ կիրառվելու է՝ շատ բան կասեն»։ Վռամ Գյուլզադյանը վստահ էր. «Չեմ կարծում, որ նրանք չեն պատժվելու՝ անկախ նրանից, թե իրենց ինչպես են պահում։ Համոզված եմ, թե պատժվելու են, եւ ամենեւին այն կարծիքին չեմ, որ եթե բոլորս ներկայանանք, հարց տանք կամ այդ դահլիճում լինենք՝ նրանք իրենց նորից չեն պահի այդպես։ Այն կարծիքին եմ, որ նրանց ամբարտավան պահվածքն արհեստական է՝ ուղղակի կարողանում են իրենց տիրապետել»։ Սամվել Ավետիսյանը եւս վստահ չէր, թե իրենք կկարողանան բեկում մտցնել ահաբեկիչների անպատժելիության համոզվածության մեջ. «Մեր խոսքը նա հիմք չի ընդունի։ Դալլաքյանի ելույթից հետո էլ տեսաք, որ Հունանյանն էլի լկտի պահեց իրեն՝ ասաց, թե մահապատժից չի վախենում։ Բոլորս պատրաստ ենք չվերացնել նրա մահապատիժը։ Բայց ինչ որ լինելու է՝ ինքն ավելի լավ գիտի, քան մենք»։ Դատարան ներկայանալու պատրաստակամություն հայտնեց Գագիկ Թադեւոսյանը. «Ճիշտն ասած, 12 թերթ, եթե ոչ ավելի, նախաքննական ցուցմունքներ եմ տվել եւ առանձնապես բան չունեմ ավելացնելու։ Իմ ցուցմունքները համընկնում են Վիկտոր Դալլաքյանի տեսակետին, որ դա կանխամտածված ու պատվիրված սպանություն էր»։ Հերմինե Նաղդալյանը «Գնալո՞ւ եք դատարան» հարցին պատասխանեց. «Երեւի թե»։ Արտակ Գրիգորյանն էլ խոստացավ, թե առաջիկայում անպայման ներկայանալու է։ Ի դեպ, թերեւս դատարանից խուսափելու պատճառներից մեկն էլ այն է, որ դատարանում ահաբեկիչները դարձյալ ստորացնում՝ վիրավորում եւ հայհոյում են տուժողներին, եւ դատավորը հարկ եղած խստությամբ չի պատժում նրանց. դա չի գնահատում որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել