Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ՝ 27-ԻՆ

Մայիս 28,2002 00:00

ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ՝ 27-ԻՆ «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ եւս թռուցիկ նիստ հրավիրեց չորեքշաբթի ԱԺ-ին ներկայացվելիք հաշվետվությունը քննելու նպատակով։ Այն տեքստը, որը տրվելու է որպես հաշվետվություն, առանձնապես սենսացիոն բացահայտումներ չի պարունակում։ Իր առջեւ դրված երեք խնդիրների ուղղությամբ հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում որոշ գործ կատարել է։ Հասկանալի է, որ որեւէ ժամանակավոր հանձնաժողով պարզապես ի զորու չէր նախաքննության մարմնի դեր կատարել, թեպետ մենք հակված ենք մտածել, որ նույնիսկ այն մանր կամ մեծ բացահայտումները, որոնք այսպես թե այնպես կատարվեցին հանձնաժողովի որոշ անդամների կողմից, երբեք էլ գաղտնիք չեն եղել նախաքննության մարմնի համար, այլ հարց է, թե դրանք ինչպես են օգտագործվել։ Այսպիսով, հանձնաժողովի իրավասությունների երեք կետերը պարզապես հիշեցնենք ընթերցողներին։ Նախ հարկավոր էր պարզել, թե ԱԱ մեկուսարանում, նաեւ դատավարության ընթացքում ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունները համապատասխանե՞լ են օրենքներին եւ նորմատիվ ակտերի պահանջներին։ Հաջորդ խնդիրը պետք է լիներ պարզել Նաիրի Հունանյանին ԱԱ մեկուսարանում պահելու օրինականությունը եւ նպատակահարմարությունը։ Փաստորեն, հանձնաժողովը պարզեց, որ ե՛ւ անօրինական է, ե՛ւ աննպատակահարմար, սակայն ամբաստանյալը շարունակում է պահվել ԱԱ մեկուսարանում։ Հանձնաժողովը պետք է պարզեր նաեւ, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել մեկուսարանում կալանավոր Նորայր Եղիազարյանի՝ 2000թ. օգոստոսի 29-ին տեղի ունեցած մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս կետի ուղղությամբ թերեւս հանձնաժողովն ամենից արդյունավետն է աշխատել։ Նախորդ նիստում հանձնաժողովի անդամ Խորեն Սարգսյանը կրկնեց իր բազմիցս արված առաջարկը՝ պարզել, թե ի՞նչ հանգամանքներում են ՀԱՀ աշխատակից Տիգրան Նազարյանը եւ ԱԺ նախկին բժիշկն ու բուժքույրը հայտնվել ԱՄՆ-ում։ Զինվորական դատախազությունը պատասխանելով հանձնաժողովի վերոհիշյալ հարցերին, մասնավորապես նշել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ-ի նախկին աշխատակիցներ բժշկուհի Նելլի Տոնոյանի եւ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանի գտնվելու վայրը պարզելու եւ ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի վարույթում գտնվող թիվ 62207199 պրիմ քրեական գործով որպես վկա նրանց հարցաքննության հրավիրելու նպատակով մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նելլի Տոնոյանին 2000թ. սեպտեմբերի 28-ին տրվել է ԱՄՆ զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր, իսկ Ռոզա Հովհաննիսյանին՝ ԱՄՆ մուտքի արտոնագիր տրվել է երկու անգամ՝ 2000թ. հոկտեմբերի 31-ին եւ 2001թ. հունվարի 19-ին։ Ինչ վերաբերում է ՀԱՀ լրագրող Տիգրան Նազարյանին, ապա վերջինիս քրգործով հարցաքննելու անհրաժեշտություն դեռեւս չի ծագել։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ռ. Հովհաննիսյանը եւ Տ. Նազարյանը հարցաքննվել են դեռեւս թիվ 62207199 քրգործի նախաքննության ընթացքում»։ Նախաքննության մարմնի այս պատասխանը թերեւս կարելի է որակել այսպես՝ պատասխան էիք ուզում՝ ստացաք։ Կարելի է ավելի կոպիտ որակում տալ, բայց այս անգամ բավարարվենք սրանով։ Ինչեւէ, կարծում ենք, կողմերն իրար արժեն։ Հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքները, եւ մի փոքր խորհրդանշական է թվում, որ վերջին նիստը տեղի ունեցավ ամսի 27-ին, իսկ հաշվետվությունը խորհրդարանը կլսի չորեքշաբթի։ Նրանց, ովքեր չհասկացան ակնարկը, հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը եւս չորեքշաբթի էր։ Ամփոփելով իրենց աշխատանքները, հանձնաժողովականները փաստեցին. փոխնախագահ Գագիկ Կոստանդյան. «Վերջին ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամները այցելեցին խցերը, հանդիպեցին կալանավորվածների հետ նույն խցում նստածներին։ Մենության մեջ մարդիկ շատ շուտ են բացվում, եւ պատահական չի, որ որոշ օպերատիվ աշխատողներ այնտեղից ավելի շատ ինֆորմացիա են ստանում, քան դրսից։ Մարդիկ մեզ կոնկրետ փաստեր տվեցին, բավականին լուրջ, հետաքրքիր փաստեր՝ կապված «27»-ի գործի հետ, որոնք, իրոք, ե՛ւ հասարակությանը կհետաքրքրեն, ե՛ւ հանձնաժողովին են հետաքրքրում, ե՛ւ նախաքննությանը, ե՛ւ դատավարությանը։ Բայց ես ուղղակի զարմանում եմ նախաքննական մարմնի վրա։ Ի՞նչ է, իրենք չգիտե՞ն այդ մարդկանց տեղը։ Եթե չգիտեն, ես հուշում եմ»։ Արդյոք բավարա՞ր է համարում Գագիկ Կոստանդյանը հանձնաժողովի աշխատանքները. «Այս ԱԺ-ի պայմաններում, այս պայմաններում միանշանակ է, որ աշխատանք, այնուամենայնիվ, կատարվեց։ Ես չէի ասի, թե հանձնաժողովի բոլոր անդամները լավ աշխատեցին. ուղղակի ոմանք կարողանում էին լավ քննարկել ու քննադատել աշխատանքները։ Բուն գործը կատարել են որոշակի մարդիկ եւ վատ չեն կատարել»։ Ըստ հանձնաժողովի անդամ Ղուկաս Ուլիխանյանի. «Մենք որոշակի քայլեր արեցինք եւ, իհարկե, հանձնաժողովը բացասական կողմեր էլ ուներ, որ չափից շատ էինք նշանակություն տալիս նախկինում ձերբակալված անձանց հայտարարություններին։ Կարծում եմ, Զինվորական դատախազությունը ինչքանով որ կարողացել է, կատարել է իր խնդիրները»։ Գրիգոր Հարությունյանի կարծիքով, եթե պետության համապատասխան կառույցներն իրենց տեղում լինեին, ապա «Հոկտեմբերի 27»-ը չէր լինի։ Ամփոփենք հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած տողերով. «…Հանձնաժողովը կարող էր ավելի արդյունավետ աշխատել, եթե իշխանական որոշակի թեւեր եւ կուսակցություններ լուրջ աջակցություն ցույց տային եւ չխանգարեին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել