Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՔԵՐՈՎ»

Մայիս 25,2002 00:00

ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՔԵՐՈՎ» Սպիտակ այցելած լրագրողների եւ բնակիչների շփման արդյունքում ծնվեց մի անեկդոտ. «Ճանապարհիդ հանդիպած սպիտակցուն երբ հարցնում էիր՝ ո՞նց եք ապրում, ի զարմանս մեզ, հետեւում էր «շատ լավ» պատասխանը»։ Լրագրողներիս համար այդպես էլ մութ մնաց. քաղաքական գործիչների շորշո՞փն էր մարդկանց վրա տարածվել, թե՞ պարզապես լոռեցու միամտությունն էր «խոսում»։ Ինչեւիցե։ Քաղաքի տարբեր վայրերում ժապավեններ կտրվեցին։ Մայրաքաղաքից եւ այլ տեղերից ժամանած հյուրերի առաջին կանգառը Սպիտակի կենտրոնական հրապարակն էր։ Դեռեւս 1998թ. Սպիտակի նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի օրոք, պետական միջոցներով սկսվել եւ կիսատ էր մնացել մի պալատի կառուցում, որն այսօր իր ավարտին էր հասցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ 316 տեղանոց դահլիճ, գրադարան, երգի, պարի խմբակներ ու թատերական հանդերձարան ունեցող շենքը կրում էր «Պողոսյան մշակույթի կենտրոն» անվանումը։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքերով, Պողոսյան ընտանիքը մեկ տարի չէ, որ մեծ նվիրումով, հետեւողականորեն մասնակցում է «Հայաստան» հիմնադրամի բարեգործական ծրագրին։ Բարերարներն այցելեցին տեղի երաժշտական դպրոց, որը 2000-ին կառուցվել էր իրենց հովանավորությամբ։ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն էլ Սպիտակում կրթական, մշակութային խնդիրներն ամբողջությամբ լուծված էր համարում։ Բացառությամբ՝ բնակարանաշինության։ Պրն մարզպետի հավաստմամբ, «Լինսի» հիմնադրամի եւ Ամերիկյան Կարմիր խաչի միջոցներով այս պահին շուրջ 800 բնակարանի շինարարություն է ընթանում։ Հյուրերի հաջորդ կանգառը Սպիտակի Եռանկյունի թաղամասն էր, որտեղ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ջանքերով կառուցվել էր բնակելի շենք։ Գյումրի այցելության ժամանակ լրագրողները ականատես եղան նաեւ Գյումրիի արվեստի քոլեջի բացմանը։ Դրվեց «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի հիմնաքարը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել